Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքի ընթացքում եղել են որոշակի հոդվածներ կամ դետալներ, որոնց հետ Ադրբեջանը համաձայն է եղել, բայց հետո հետ է կանգնել այդ համաձայնությունից»․ Սարգիս Խանդանյան

Փետրվար 28,2024 14:34

«Խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակվում են, շարունակվելու են: Այսօր և վաղը Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագրի շուրջ են բանակցելու։ Այդ բանակցությունների արդյունքներով կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք»,-հարցին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարելի՞ է ասել, որ զրոյական վիճակում են, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա հայտնեց՝ պայմանագրի շուրջ առաջարկների յոթերորդ շրջափուլն է եղել․ «Այսօր ու վաղը տեքստի վրա ԱԳ նախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք, թե արդյոք այս բանակցությունները առաջընթաց գրանցո՞ւմ են, թե՝ լրացուցիչ բանակցությունների կարիք կա»։

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ տարբեր պաշտոնյաներ խոսում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հետընթացի մասին և հարցին՝ ի՞նչ հետընթացի մասին է խոսքը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Ես ենթադրում եմ, որ բանակցությունների ընթացքում ու պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքի ընթացքում եղել են որոշակի հոդվածներ կամ դետալներ, որոնց հետ համաձայն են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից։ Մենք շարունակ պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ պետք է պահպանվեն այդ համաձայնությունները։ Չեմ կարող բացահայտել մանրամասներ, հատկապես, որ դա անընդհատ աշխատանքային փուլում է։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ այդ փաստաթղթի բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ բուն բանակցությունների ընթացքում, և խոսակցության ընթացքում է համաձայնություն ձեռք բերվելու»։

Փաստմանը՝ Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ և հարցին՝ ի՞նչ հույս կա, որ եթե անգամ ստորագրի որևէ փաստաթուղթ, նա կպահպանի իր ստորագրությունը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ։ Իսկապես բանակցությունների ընթացքում բանակցված ու համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում։ Եթե ելնենք այն կանխավարկածից, որ մեկ է, հույս չկա, ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա իմաստ չկա բանակցությունների։ Մեր բանակցությունների ամբողջ իմաստն այն է, որ լարվածությունը նվազեցվի և որոշակի շրջանակ ձևավորվի համագործակցության բանակցային, որից հետո հնարավոր կլինի հաստատել կայունություն»։

Լրագրողների հիշեցմանը՝ բանակցությունների ընդհատման փուլում Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել անխոչընդոտ ճանապարհի դեպի Նախիջևան, ութ գյուղերի վերադարձ, ադրբեջանցիների վերադարձ ՀՀ և հարցին՝ այս բոլոր պահանջները տեղ գտնո՞ւմ են խաղաղության պայմանագրի նախագծի փոխանակումներում և արդյոք նաև դա՞ է հետընթացը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Խաղաղության պայմանագրի՝ մեր խմբագրումներում ամբողջ բովանդակությունը կառուցված է այն երեք սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև։ Իհարկե, Ադրբեջանը փորձում է հետքայլ անել այդ սկզբունքներից և որոշակի դետալներ փոխելով՝ խախտել այդ սկզբունքների տրամաբանությունը։ Բայց, այնուամենայնիվ, մեր պնդումն այն է, որ այդ երեք սկզբունքների շրջանակում պետք է համաձայնագիրը ստորագրվի և տեքստը կազմվի։ Այդ թվում՝ կոմունիկացիաների վերաբերյալ, որ չորս սկզբունքները, որ ապաշրջափակման վերաբերյալ կան․ սուվերենությունը, ինքնիշխանությունը, հավասարությունը և փոխադարձությունը պետք է արձանագրված լինեն այդ համաձայնագրում»։

Դիտարկմանը՝ անցյալ տարեվերջին մեծ հույսեր ունեին տարբեր պաշտոնյաներ, որ կլինի խաղաղության պայմանագրի ստորագրում և հարցին՝ հիմա այդ հույսերը պահպանվո՞ւմ են, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Հույսերը պահպանվում են, բայց, ինչպես միշտ, հայկական կողմը բաց է այդ խոսակցությանը՝ նույնիսկ ամենաբարդ հարցերն աշխատանքային մակարդակում, բանակցությունների ընթացքում քննարկելուն։ Այստեղ խնդիրն իսկապես Ադրբեջանի վարքագիծն է և բանակցությունների սեղան վերադառնալու և կառուցողական դիրքորոշումներ ձևավորելու մեջ է։ Երբ դա տեղի ունենա, հույս կա, որ մոտ ապագայում հնարավոր կլինի անել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829