Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ իրեն նոր Սահմանադրություն պե՞տք է, թե՞ ընդհանրապես Սահմանադրություն պետք չէ»․ Դավիթ Բալայան

Փետրվար 28,2024 13:22

ԱԺ նստաշրջանում քննարկվեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Բալայանի թեկնածությունը։ Այս տարվա հունվարի 4-ին դադարել են ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները։ Այս պաշտոնում ինքնաառաջադրման եղանակով իրենց թեկնածություններն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Բալայանը եւ Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը։ Ընտրությունն իրականացվել է գաղտնի, եւ արդյունքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը։

«Դուք գնում եք Սահմանադրական դատարան, բայց ես որեւէ բառ չլսեցի ձեր ելույթում, որն ուղղված կլիներ Սահմանադրական դատարանի գործառույթների քննարկմանը՝ ինչպիսի՞ ՍԴ եք տեսնում, ի՞նչ լիազորություններ պետք է լինեն, արդյոք ՍԴ-ն պե՞տք է առավելապես դիտարկվի որպես օրենսդիր մարմին, թե՞ այն պետք է ստանձնի նաեւ մարդու իրավունքների դատարանի դերը, որո՞նք են խոչընդոտները, որոնք առկա են ՍԴ-ում, ո՞ր ինստիտուտները չեն գործում, օրինակ՝ իշխանությունների միջեւ սահմանադրական վեճերի հետ կապված ինստիտուտը ինչո՞ւ չի աշխատում, ՏԻՄ-երը ինչո՞ւ չեն դիմում ՍԴ։ Ոչինչ Սահմանադրության ու Սահմանադրական դատարանի մասին»,- Դավիթ Բալայանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Դավիթ Բալայանն ասաց, որ, օրինակ, իր մեղավորությունը չկա, որ ՏԻՄ-երը չեն դիմում դատարան, ՍԴ դատավորների մեղավորությունն էլ չկա։ «Ես չեմ կարող այս ամբիոնից խոսել, թե ես ինչ փոփոխություն եմ ակնկալում Սահմանադրության մեջ, քանի որ եթե Սահմանադրությունում կատարվի ինչ-որ փոփոխություն, ապա ես ընտրվելու դեպքում պետք է քվեարկեմ կողմ կամ դեմ այդ նախագծին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե նոր Սահմանադրությունը պե՞տք է քննության առարկա դարձվի ՍԴ-ում, թե ի՞նչ տեքստ պետք է դրվի հանրաքվեի, Բալայանն ասաց․ «Եթե նոր Սահմանադրություն է, ոչ թե փոփոխություն, ապա նոր Սահմանադրությունը ՍԴ-ում քննության առարկա դարձնելու հարց չի կարող դրվել, քանի որ պետության հիմնադիրը ժողովուրդն է, որն ընդունել է այդ Սահմանադրությունը՝ 1995 թվականին։ Դրանից հետո կատարվող բոլոր փոփոխություններին ՍԴ-ն հավանություն է տվել, որից հետո դրանք դրվել են քվեարկության։ Նոր Սահմանադրության պարագայում նման խնդիր չի կարող լինել, ուղղակի ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ իրեն նոր Սահմանադրություն պետք է, թե՞ ընդհանրապես Սահմանադրություն պետք չէ»։

Ըստ Բալայանի՝ նոր Սահմանադրության նախագիծ գրելու համար իշխանությունները պետք է հանձնաժողով կազմեն, մասնագիտական հանրույթից ներգրավեն անձանց, ովքեր այդ տեքստը կկազմեն։ «Ընդ որում, ՍԴ դատավորն իրավունք չունի մասնակցելու նախագծի մշակմանը, որովհետեւ Սահմանադրությամբ արգելված է»,- ասաց Բալայանը։

«Իրողություն է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, ժողովրդի կամքով տեղի է ունեցել իշխանափոխություն, որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, որ ընտրությունները կեղծվել են»,- հայտարարեց Դավիթ Բալայանը` պատասխանելով ՔՊ-ի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում 2018 թ. իշխանափոխությանը եւ դրանից հետո դատական համակարգի զարգացման ընթացքին:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829