«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեկ շաբաթ շարունակ, տարբեր հարցազրույցներում որոշ փորձագետներ պնդում են, թե Էրդողանը Ալիևին զգուշացրել է Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չկիրառել։ Սա կապում են Թուրքիայի ձգտումների հետ՝ հաճոյանալ արևմուտքին։
Փետրվարի 19-ին վերընտրվելուց հետո առաջին անգամ Ալիևը բնականաբար մեկնում է Անկարա։ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում նրանք հանդես են գալիս հայտարարություններով։ Էրդողանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը կարևորելով ասում է, որ «Այս գործընթացում մենք միասին ենք գործում՝ Ադրբեջանի հետ ուս ուսի տված», ապա շարունակում «Շատ կարևոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի։ Վստահ եմ, որ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի տեսանկյունից»։ Ընդ որում սա խաղաղության պայմանագրի շուրջ Էրդողանի ոչ առաջին և ոչ էլ վերջին հայտարարությունն է, որը մշտապես համեմվում է ադրբեջանական պահանջներով։ Ինչպիսի հիվանդ երևակայություն կամ չար մտադրություն պետք է ունենալ, ասելու համար, թե սա Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական կոչ է…
Սա դեռ ամենը չէ, Էրդողանը բառացի շարունակում է. «Կոչ ենք անում երրորդ կողմերին կառուցողական ներդրում ունենալ գործընթացում, այլ ոչ թե թունավորել այն»։ Մեր ռուսատյաց գործիչները, որ չեն կարող մեկ հանրային խոսք ասել առանց կրկնելու «ռուս-թուրքական դաշինք» արտահայտությունը, այս անգամ չգիտես ինչու որոշել են, որ այս խոսքը ուղղված է Ռուսաստանին։ Այո, Էրդողանը հստակ չի նշում, թե ում է ուղղված իր խոսքը։ Կարելի է ենթադրել, որ այն ուղղված է Ֆրանսիային, քանի որ մինչ այդ հենց Ֆրանսիային էր Ադրբեջանը մեղադրում կողմնապահ լինելու մեջ։ Ադրբեջանը ինքն է խոսել ռուսական միջնորդության մասին, Թուրքիան որևէ այլ ֆորմատում քան հենց ռուսականը ներգրավված չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ո՞ր տրամաբանությամբ այս խոսքը պետք է ուղղված լիներ Ռուսաստանին։
Կարդացեք նաև
Ապա գալիս է ամենահետաքրքիր մասը, Էրդողանը ասում է. «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ օրեր առաջ երկու երկրների սահմանին տեղի ունեցած իրադարձությունները չեն կրկնվի։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր եղբայր, վիրավորում ստացած Ադրբեջանի բանակի զինծառայողին»։ Փորձագետ թե լրագրող, ով գիտի, որ այդ դեպքի կապակցությամբ Հայաստանի ՊՆ-ն անմիջապես և պաշտոնապես ընդունել է, որ կրակոցը եղել է հայկական կողմից և խոստացել հետաքննել , մտքով անգամ չի անցնի ասելու, թե Էրդողանը Ալիևին է հորդորում այլևս նման բան չանել։
Այն մարդիկ, ովքեր հայկական տիրույթում խոսել են այս ամենի մասին, ոչ թե դիտել են բուն ասուլիսը, այլ կարդացել դրա մասին արձագանքները։ Դրանցից ամենաշատը տարածում է ստացել «Ֆրանս պրես» գործակալության հոդվածը, որտեղ Էրդողանի խոսքը ներկայացվում է որպես կշտամբանք Ալիևին։ Սրան գումարվել է նաև ադրբեջանցի ընդդիմադիր Ալի Քերիմլիի գրառումը, որտեղ նա որպես «թունավորող» կողմ է համարում Ռուսաստանին։ Նախ հավանաբար նա ևս ընթերցել է «Ֆրանս պրեսի» նյութը, ապա որովհետև ինքն էլ է նույնպիսի հակառուս, ինչպիսին մեր տիրույթում այս թեմաները շոշափող մարդիկ։
Այս սպեկուլյացիան ինձ չէր մտահոգի, եթե խոսքը չգնար մեր հանրության վերլուծական միտքը բթացնելու գործընթացի մասին։ Ըստ այդ աբսուրդային վերլուծությունների, Թուրքիան էլ է խաղաղության և Ադրբեջանին զսպելու կողմնակից, ինչը ամենևին այդպես չէ, և չի էլ կարող լինել։ Եթե նման վերլուծություններ են իրականացվում նաև կառավարության շենքում, ապա սարսափում եմ պատկերացնել թե ուր կարող է մեզ հասցնել դրանից բխող արտաքին քաղաքականությունը։