«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, որը ձեռք է բերել «ՄՏՍ Հայաստան»-ը, որպես նվիրատվություն ՀՀ կառավարությանն է փոխանցում իր բաժնետոմսերի 20%-ը։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա՝ փետրվարի 29-ի նիստի օրակարգում։ Ընդ որում, 20% բաժնետոմսերի կառավարումը, ըստ նախագծի, վերապահվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին:
«Որպես նվիրատվություն ՀՀ-ին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 100% 1000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 %-ին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, եւ դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմին»,-գրված է որոշման նախագծում։
Այս տարվա հունվարին Վիվա-ՄՏՍ-ը հայտարարեց բաժնետիրոջ փոփոխության մասին։ Ըստ հայտարարության՝ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել, ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (“FEDILCO GROUP LIMITED”) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:
Նույն օրը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը հայտարարեց, որ մտադիր է բաժնետոմսերի 20%-ը անհատույց փոխանցել ՀՀ կառավարությանը՝ հաշվի առնելով Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը։
Կարդացեք նաև
Այս տարի հունվարի 18-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ը նվիրատվությամբ փոխանցել ՀՀ կառավարությանը։
Ավելի վաղ կառավարությանը կրկին նվիրատվությամբ է փոխանցվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 21,8%-ը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը «Հետքի» «ՄՏՍ Հայաստան»-ը ձեռք բերող ընկերությունը գրանցված է Կիպրոսում. սեփանակատերերը անհայտ են» հրապարակումից