Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։
ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս։
Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռեւս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է ու չի պատկերացրել, որ դա զգուշացում է` իրեղեն ապացույց, միայն երկու օր անց այցելելով իր գրասենյակ՝ տեսել է, որ պահակը կասկածելի իր է հայտնաբերել, եւ այդ ժամանակ է հասկացել, թե ինչ էր գրել անհայտ անձը, ու ահազանգել է իրավապահներին: Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: