ԱԺ նստաշրջանում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Արման Գասպարյանն ասաց, որ առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի մեկից հետաձգել մինչեւ 2025 թվականի հունվարի մեկը։ Այդ ժամանակը պետք է, որպեսզի տնտեսվարողները ժամանակ ունենան լիցենզավորվելու։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց փոխնախարարին․ «Եթե մենք այս ժամկետը երկարացնում ենք, տնտեսվարողները ժամանակ են ունենում լիցենզավորվելու, ինչո՞ւ ենք լիցենզավորման ժամկետը սահմանել 7-9 ամիս։ Ի՞նչ է նշանակում տնտեսվարողը 9 ամիս դիմի՝ լիցենզիա ստանալու համար, ի՞նչն է դժվար, որ դա արվի երեք ամսում։ Եվ ընդհանրապես պետության տնտեսության զարգացման համար խիստ կարեւոր է, որ լիցենզիաների ստանալը, կարգավորումների ժամկետները գնալով նվազեցվեն, որպեսզի տնտեսվարողին օգնենք՝ արագ լիցենզավորվի եւ գործունեությունն ավելի տեմպով իրականացնի»։
Փոխնախարարն ասաց, որ հատկապես ժամանակատար է որակի կառավարման համակարգերի ներդրումը․ «Դրա համար մենք մոտավոր հաշվարկ ենք արել, որ 7-9 ամիս է պետք»։
Սերգեյ Բագրատյանը շարունակեց հարցադրումը․ «Մարդը դիմում է լիցենզիա ստանալու համար, ի՞նչն է խնդիրը, որ դա քննարկվում է 9 ամսվա ընթացքում։ Ինն ամսվա ընթացքում երեխա է ծնվում, 4 ամսում, 3 ամսում խնդիրը լուծեք ավարտենք»։
Կարդացեք նաև
Արման Գասպարյանն արձագանքեց․ «Հաշվարկն այդպես է արված, որովհետեւ միջազգային սերտիֆիկատներ պետք է ստանան, դրա համար ժամանակ է պետք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ