Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտագիտության երախտավորը

Փետրվար 28,2024 14:30

Լրացավ ականավոր երաժշտագետ-տեսաբան, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության թեկնածու եւ  Հայաստանի  վաստակավոր ուսուցիչ Շուշանիկ (Սուսաննա) Բաբկենի Ամատունու (28.02.1924-20.04.2010) 100-ամյակը:

Ս. Ամատունին ծնվել է Երեւանում եւ դեռեւս մանուկ հասակում տեղափոխվել է Գյումրի: Թվում էր, թե Լենինականի երաժշտական դպրոցի ընդունակ սանի անհոգ մանկությունը ոչինչ չէր կարող խաթարել: 1937թ. դառնաշունչ քամիները, սակայն, չխնայեցին նաեւ Ամատունիների համերաշխ ընտանիքը՝ հիմնավորապես խաթարելով 13-ամյա Շուշանիկի երջանիկ մանկությունը: 1937թ. ձերբակալեցին Շուշանիկի հորը՝ հայտնի պետական գործիչ, ՀԽՍՀ կենտգործկոմի անդամ, Հայաստանի երկաթգծի փաստացի նախարար Բաբկեն Ամատունուն (1898-1938թթ.): Դեռահաս Շուշանիկին վիճակված էր կրել «ժողովրդի թշնամու» զավակի ծանր խարանը:

Սակայն շնորհիվ իր բարձր կամային հատկությունների եւ իմաստուն մայրիկի՝ Կարսի գիմնազիայի շրջանավարտ, ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ելիզավետա Ավետիսյան-Ամատունու հերոսական ջանքերի` երիտասարդ Շուշանիկը 2 եղբայրների եւ մանկահասակ քրոջ հետ միասին պատվով դուրս է գալիս բոլոր փորձություններից, եւ 1945թ. նրան հաջողվեց գերազանցությամբ ավարտել Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը եւ Լենինականի մանկավարժական ինստիտուտի երկամյա մաթեմատիկական ֆակուլտետը՝ ստանալով միանգամից 2 դիպլոմ:

Ս. Ամատունու անցած դժվարագույն ուղու մասին շատ դիպուկ է արտահայտվել ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը մի առիթով, երբ 2003թ. հուլիսին «Երկխոսություն իմ եւ իմ միջեւ» պոեմի գիրքը նվիրել է Ս. Ամատունուն հետեւյալ գրառմամբ. «Հարգելի Սուսաննա Ամատունուն, այս գրքում նկարագրված դաժան փորձություններն անձամբ ճաշակած տոկուն կնոջը»:

1945թ. Ս. Ամատունին մեկնում է Մոսկվա եւ հեշտությամբ ընդունվում այն ժամանակվա ԽՍՍՀ ամենահեղինակավոր երաժշտագիտական բուհերից մեկի՝ Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի պատմատեսական ֆակուլտետ, ուր աշակերտում է երաժշտական տեսության այնպիսի ռահվիրաների, ինչպիսիք են Լ. Մազելը, Ս. Սկրեբկովը, Վ. Կոնենը եւ այլք:

Երեւան վերադառնալուց հետո Ս. Ամատունին մի կարճ ժամանակահատված դասավանդում է Երեւանի պարարվեստի ուսումնարանում, 1953-1970թթ.՝ Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում, իսկ 1965թ.-ից մինչեւ իր կյանքի վերջին ամիսները՝ Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ սկզբից որպես ավագ դասախոս եւ դոցենտ, իսկ 1997թ.-ից՝ որպես պրոֆեսոր դասավանդելով տարաբնույթ տեսական առարկաներ՝ երաժշտության պատմություն, տեսական առարկաների դասավանդման մեթոդիկա, երաժշտագիտության տեսություն եւ թերեւս ամենաբարդ ու խրթին դասընթացներից մեկը՝ երաժշտական ստեղծագործությունների անալիզ՝ հատուկ նախատեսված տեսաբան-երաժշտագետների եւ կոմպոզիտորների համար: Պրոֆեսոր Ս. Ամատունին, լինելով իր մեծն ուսուցիչ Լ. Մազելի դպրոցի ներկայացուցիչը, հաջողությամբ համատեղում էր իր մանկավարժական գործունեությունը գիտական աշխատանքի հետ:

Նա հեղինակ է 2 գիտական մենագրության, երաժշտական գրականության երաժշտական դպրոցների 2 դասագրքերի (6-րդ եւ 7-րդ դասարանների, վերահրատարակվել են 2008թ.) եւ մոտ 50 գիտական հոդվածների՝ նվիրված Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարովի, Արամ Խաչատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Անուշավան Տեր-Ղեւոնդյանի, Գեղունի Չթչյանի եւ նամանավանդ Առնո Բաբաջանյանի գործիքային եւ էստրադային ստեղծագործությունների ոճաբանական առանձնահատկություններին:

Առնո Բաբաջանյանի գործիքային ստեղծագործություններին նվիրված մենագրությունը, որը լույս է տեսել 1985թ. ռուսերեն լեզվով, առ այսօր համարվում է մեծ կոմպոզիտորի գործունեությանը նվիրված միակ վերլուծական (ոչ կենսագրական-պատմական) բնույթի գիտական աշխատությունը եւ ժամանակին շատ բարձր  գնահատականի է արժանացել ռուսաստանցի հայտնի երաժշտագետներ Վ. Կոնենի, Գ. Գրիգորյեվայի, Յու. Մասլովսկայի, Ֆ. Արզամանովի, Մ. Տեր-Օգանովի, ինչպես նաեւ Առնո Բաբաջանյանի մերձավոր ընկերներ՝ հանհրահռչակ կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ այլոց կողմից:

Իր երկարատեւ մանկավարժական գործունեության ընթացքում Ս. Ամատունին կրթել է երաժիշտ-երաժշտագետների մի քանի սերունդ՝ այդ թվում ականավոր երաժիշտներ Էդուարդ Թադեւոսյան, Ռուբեն Ահարոնյան, Սուրեն Հախնազարյան, երաժշտագետ-պրոֆեսորներ Կարինե Ջաղացպանյան, Սվետլանա Սարգսյան, Զարուհի Տեր-Ղազարյան, Աննա Արեւշատյան, Աննա Ասատրյան, կոմպոզիտորներ Երվանդ Երկանյան, Գ. Դանիելյան (Դանիել Երաժիշտ) եւ այլն:

Ամատունու երաժշտագիտական հարուստ ժառանգությունը բազմիցս վերլուծվել եւ բարձր գնահատականի է արժանացել Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանի, երաժշտագետ Ռուզաննա Բեկ-Մարմարչեվայի եւ այլոց կողմից: Ս. Ամատունուն իր բազմաթիվ աշակերտները մինչեւ օրս հիշում են որպես հայրենասեր, վեհանձն, բարի, համեստ, սկզբունքային եւ աշխատասեր անձնավորության:

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Սուսաննա Ամատունի, Արմեն Բուդաղյան, Գեղունի Չթչյան

«Առավոտ» օրաթերթ
28.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829