Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն իր մեջ կրող Նաիրեն

Փետրվար 28,2024 13:30

Պատերազմի ականատես բուժքույրն ու կորցրած ծննդավայրի վավերագրողը

Նա տեսել է արցախյան բոլոր պատերազմները, երեխա ժամանակից մինչ հասուն կնոջ տարիքն անցել բոլոր պատերազմական ու հետպատերազմյան դժվարությունների միջով, նրա կյանքը մի վավերագիր գիրք է, կենդանի ֆիլմ, որի ամեն դրվագում արցախցի  հայուհու կոփված կամքն է, փխրուն սրտի ու հայրենատեր մտքի կռիվ-հաղթանակը, աստվածասեր էությամբ ու պայքարի իր ձեւն ու միջոցը պահի անհրաժեշտությամբ, զինվորականին հատուկ կամքով ու առաքելություն կրողի գիտակցությամբ առաջ տանող մի հայ, արցախցի կին, չափազանց տաք, արյան ու հոգու ջերմություն կրող ՆԱԻՐԵ անունով։ Նաիրե Ոսկանյանն այսօր էլ այստեղ, հայրենիքում աշխատում է իր մասնագիտությամբ, անզեն աչքով էլ տեսանելի է, թե որքան նվիրված է իր մասնագիտությանն ու գործին, բայց զուգահեռ այդ ամենին Հայաստանում հաստատված, հազար ու մի դժվարություններ հաղթահարող, երեք զավակների մայրը կարողանում է իրականացնել մի սրբազան գործ, շարունակում է վավերագրել ու իր հետ ամեն օր ապրեցնել Արցախը, նրա մարդկանց, իրադարձությունների, պատմության անցյալի իրողությունները, բարբառը, տեղանունները, ամեն ինչ՝ ինչը վերաբերում է Արցախ աշխարհին: 44-օրյա պատերազմի օրերի մղձավանջն էլ օրագրի տեսքով միշտ ձեռքի տակ է, եթե արյունդ չի սառչի երակներումդ, կարող ես առնչվել այն պատառիկներին, որոնց համարձակություն ունեցա դիպչելու, հանուն վաղվա սպեղանու…

– Արցախը Ձեր ծննդավայրն էր, Ձեր հայրենիքը, Ձեր տուն ու տեղը, քանի՞ պատերազմ եք տեսել, ի՞նչ հիշողություններ են արթնանում պատերազմական անցյալին նայելիս։ Որպես հայ, որպես արցախցի, որպես մայր, կին, դուստր, բուժքույր, անշուշտ, տարբեր են նաեւ ապրումները, ընկալումները, փլուզումները անգամ հույզերի  մեջ։

– Արցախը ե՛ւ հայրենիքս էր, ե՛ւ ծննդավայրս։ Հայրենի հողում ծնվելը անհատի երջանկության սկիզբն է։ Ականատես եմ եղել 90-ականների, քառօրյա, 44-օրյա պատերազմներին։ Առաջին գոյամարտի ժամանակ զոհվեց կրտսեր եղբայրս՝ Ռուդիկ Աբրահամյանը։ Ռուդիկը սովորում էր Երեւանի Պոլիտեխնիկական համալսարանում, էլեկտրաֆակուլտետում, 4-րդ կուրսում, ֆիզիկապես կոփված էր, զբաղվում էր ձեռնամարտով։ Մյուս եղբայրս՝ Ռոբերտը, ով արվեստագետ է, նույնպես թողնելով ուսումը, Գեղարվեստաթատերականի գրաֆիկայի բաժնում էր սովորում, երկու եղբայրներով վերադարձան Արցախ, պաշտպանելու հայրենի հողը։ Մեծ եղբորս «Պիկասո» էին ասում, նկարիչ-քանդակագործ է, փոքրին՝ «Շաուլի», քանի որ կարատեով էր զբաղվում նաեւ։ Տեղահանվելուց մայրս հասցրել էր, պայուսակի մեջ պահած, բերել Ռուդիկի բռնցքամարտի ձեռնոցները, նունչակները, իմ մանկական ձեռքերով գործած եռագույն գլխակապը, որը կապած գնում էր կռիվ ու այդպես էլ զոհվեց Մեծ Թաղերի եւ Ղաջարի սահմանում՝ մարտական պարտականությունները կատարելիս, եւ մեդալը, որ ստացել էր «Արիության համար», հետմահու։ Մեծ եղբայրս՝ Ռոբերտը, Ռուդիկի գերեզմանին փորագրել էր. «Մահ իմացյալ՝ անմահություն է»։ Եղբորս զոհվելուց հետո մի ուրիշ զգացողություն էր մեր տանը, որ պիտի մեր հողը կրկնակի պաշտպանենք, որովհետեւ եղբորս գերեզմանն այդտեղ է։ Նայում եմ անցյալին ու արթնանում են պատերազմի դառը հուշերը։ Երբ 88-ի շարժումը սկսվեց, ես չորրորդ դասարանում էի սովորում։ Ամեն մի զինվորի կորուստ մեր մանկական սրտերում թողել էր իր սպիները։ Դպրոցական կոլեկտիվի հետ, աշակերտների ջանքերով ծաղկեպսակ էինք պատրաստում ու մասնակցում մեր քաջ տղաների հուղարկավորությանը։ Ուրախանում էինք, երբ ծերունի էր մահանում, որ զինվորի մահ չէր լինում։ Դպրոցի պատուհանները սեւ կտորներով էին ծածկված, որ նաեւ պաշտպանական նպատակ ուներ, հիշում եմ անլույս ու մութ տարիները, մեր՝ երեխաներիս խումբը ամեն մեկը ձեռքին մի շիշ ու տարա վազում էինք ուղղաթիռներից վառելիք խնդրելու, որ լամպի ճրագ ունենանք ու դաս սովորեինք։ Մի օր էլ չէինք նկատել, որ իջնողը հայկական ուղղաթիռ չէր, այլ ազերիներինն էր, տղաներից մեկը ինձ ճարպիկ շարժումով մի կողմ հրեց ու փախանք այդտեղից, այլապես կրակի զոհ էինք դառնալու։ Հետո էլ էր դժվար, ոտքով էինք մի քանի կիլոմետր գնում, գալիս դասի՝ Ստեփանակերտ, երբ արդեն բարձրագույն էինք սովորում, հետպատերազմյան վիճակն էլ ծանր էր, լի խնդիրներով։ Դպրոցական տարիներս անցավ պատերազմական պայմաններում, այն կարծես մեր կյանքի մի մասն էր դարձել, տիրապետում էինք ամեն մի դժվարություն հաղթահարելու արվեստին։ Այսպիսի մանկություն ու վաղ պատանեկություն ենք ապրել ոչ վաղ անցյալում, սա իսկական գոյամարտ էր մեր ժողովրդի ու ազգի համար։ Երեխաներիս էլ մանուկ հասակից մեծացրել եմ հայրենասիրական ոգով։

– 44-օրյա պատերազմի ժամանակ եղել եք նաեւ ռազմաճակատում, հայ զինվորի կողքին, տեսել պատերազմի սարսափն ու արհավիրքը սեփական աչքերով։ Ուզում եմ պատմեք այն ամենի մասին, ինչ ապրել եք ու ինչը հանգիստ չի տալիս մինչ օրս, մոռանալու չէ… Անպատմելին՝ մի խոսքով։

– Քառօրյա պատերազմն էլ տվեց իր դառը պտուղները։ 44-օրյա պատերազմը երանի չլիներ մեր կյանքում։ Ռմբակոծության ձայները լսելուն պես հասկացանք, որ պատերազմ է սկսվել։ Ամեն կողմից ռմբակոծում էին, հողը ռումբերի պայթյունից դղրդում էր եւ արդեն գիտեինք, թե որ ուղղությամբ են խփում։ Իրավիճակը օր օրի սրվում էր, մահվան լուրերը հոգիդ տակնուվրա էին անում։ Անհանգիստ էի, որ մեր վիրավոր զինվորները օգնության կարիք ունեն ու ես չեմ կարողանում օգնել։ Խնդրեցի ամուսնուս, որ թույլ տա կամավոր գնամ հոսպիտալ։ Ողջունեց առաջարկս ու կամավոր ինձ տարավ Տող գյուղ։ Գյուղի դպրոցում Մեխակավանի հոսպիտալն էր ժամանակավոր տեղավորվել։ Բժիշկների  հայրենանվեր աշխատանքը անգնահատելի էր։

– Սիրելի Նաիրե, գիտեմ, որ ամեն պահ դարանակալած մահվան վտանգը, նաեւ եղելությունը արձանագրելու ձեր հեռատեսությունը  Ձեզ հուշել են այդ ծանր պահին անգամ օրագիր գրել, պատառիկներով անգամ տալ այն իրականության պատկերը, ինչ որ կատարվում էր այդ օրերին Արցախում, ռազմաճակատում ու թիկունքում, ուր ճերմակ բանակն էր պայքարում հայ զինվորի կյանքի համար, Ձեզ հետ միասին։ Դիմենք օրագրի էջերին…

– Թերթենք իմ այդ օրերի ընկեր տետր-օրագիրը…Գրի եմ առել ամենը, ինչ հասցրել եմ։

«Գնում եմ հոսպիտալ իմ պարտքը կատարելու հայրենիքիս եւ Աստծո առաջ։ Սա միայն հայրենիքի համար մղվող կռիվ չէ, այլ հանուն Աստծո, քրիստոնյա մնալու եւ սրբանալու կռիվ է։ Ժամանակ չկա։ Բոլորին սիրում եմ։ Ցտեսություն։ 03.10.2020թ.:

Ահավոր է տեսնել զառանցող զինվորների աչքերից հոսող արցունքները եւ լսել ցավ ու տառապանք արտահայտող խոսքերը. «Ինձ երբեք չեմ ների, իմ ընկերներս զոհվել են, թողել ենք այնտեղ, մեզ զոռով են հանել…»։ Սաղաթելյան Գրիգորը պառկած էր անելանելի վիճակում, տեղը չէր գտնում, ուղեղի ցնցումով են բերել։ «Աբովյանի արծիվներ» ջոկատից է։ 21 հոգուց ողջ են մնացել 11 զինվոր։ 04. 10. 2020թ.:

Հոսպիտալում էին բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանողներ Գոռ Լենդրուշյանը եւ Արամ Պողոսյանը։ Սարյան Քաջիկն էլ էր այստեղ։ Մայրապետը բերեց դույլով ջուրը եւ խնամքով լվաց զինվորի արյունոտ ձեռքերը։ 05.10.2020 թ.

12:30. Տողի հոսպիտալ (որ ժամանակավոր դպրոցի շենքում էր տեղակայված)։ Սկսվեց ուժեղ ռմբակոծությունը… Սպասում ենք, տեսնենք մեր բախտը կբերի՞, կապրե՞նք, թե՞ չենք ապրի։ 06. 10. 2020թ.

Վիրավորներից Էդգարը պատմեց. «Սարիբեկը մեզ մոտ էր, պառկած էր երեսով դեպի երկինքը։ Սկսվեց ռմբակոծությունը։ Ես մեջտեղում էի, ինքնաթիռը աջ ու ձախ ռմբակոծեց, բոլորը վիրավորվեցին, մահացան, մենակ ես ողջ մնացի։ Սարիբեկից մենակ կասկան տեսա…»։ Պատմում էր ու հեկեկում… Գիշերը սկսվեց վիրավորների մեծ հոսք։ Մկրտչյան Դավիթ, 18 տարեկան, Հայաստան, Գեղանիստ գյուղից է։ Պատմում է. «Գնում էինք Հադրութ, ճանապարհին անօդաչու սարքով խփեց թշնամին, 25 հոգուց մնացինք 6 հոգի»։ 08. 10. 2020թ.

Ժամանակ չունեմ լաց լինելու։ Օրը-օրին թիկունք դարձած են անցնում… Տղաներին բերել են այրվածքներով ու հրազենային վիրավորումներով, բայց այսպիսի ոգեւորություն չէի տեսել… Պատգարակով ծանր վիրավոր բերեցին, սարքավորումները միացրին, առաջին օգնություն ցուցաբերեցին, բայց… ապարդյուն, վիրավորը մահացավ։  Բերեցին վիրավոր՝ աջ քունքային մասում հրազենային վիրավորումով։ Բժիշկը մշակեց վերքը եւ պատրաստվեց կար դնել։ Կանգնած եմ հիվանդի դիմաց եւ օգնում եմ բժշկին։ Ուշադրությունս սեւեռել եմ հիվանդի վրա եւ զգացի, որ հատակին ինչ-որ բան է կաթում։ Հայացքս բարձրացրի վերեւ, տեսա բժշկի դեմքից քրտինքը շիթ-շիթ կաթում էր… բժշկի ամբողջ ուշադրությունը զինվորի վրա է։ Վիրաբույժը Հակոբ Խաչատրյանն է։ Հաճախ հերոսները լինում են ողջ եւ մեր աչքի առաջ։ Տողի դպրոցի առաջին հարկում պարան է կապված եւ հինգ սավան սեղմիչներով ամրացված է պարանին, սենյակի տեսք է տալիս, որտեղ կա հինգ վիրկապական սեղան իրենց մահճակալներով։ Բժիշկները անմնացորդ նվիրումով են կատարում իրենց աշխատանքը։ 03:21. Ես, Մարիամը եւ Էդգարը պատրաստ սպասում ենք վիրավորների հոսքին՝ առաջին օգնություն ցուցաբերելու։ 09.10.2020թ.

Ամբողջ պատուհանները զինվորները հատ առ հատ քողարկել են սեւ պոլիէթիլենով։ Պատուհանի սեւ քողարկումի արանքից տեղ-տեղ ծիկրակում է դրսի լույսը, դրանից հասկանում ենք, որ հաջորդ օրն է բացվել։ Այնքան տագնապ են տվել, մենք էլ ենք հոգնել։ Բերում են անթիվ վիրավորներ։ Ամեն մի վիրավորի աչքերում սառած է այն արտահայտությունը, որ մի կերպ մի բան արեք, փրկե՛ք ինձ։ Նման պահերին է, որ իսկական բժիշկը կապ է հաստատում Աստծո հետ, քանի որ կանգնած է հիվանդի եւ մահվան միջեւ՝ իր գիտելիքներով հանդերձ։ 10.10.2020թ.:

Ամբողջ գիշեր ահավոր ծանր էր. մինչեւ ժամը վեցը։ Ես, Հռիփսիկը եւ Վեներան գնացինք դոկտոր Արարատի մեքենայով Կարմիր Շուկա։ Տողեցի Գիրոն եկավ եւ մի գիշերապարկ նվիրեց։ Տողից հոսպիտալը տեղափոխվեց Կարմիր Շուկայի դպրոցի շենքը։ 13.10.2020թ.

Արյան հոտը հասավ երկինք… Առավոտից բերում են ածխացած, վիրավորված, անգիտակից զինվորներ։ Ժամը 14:29 մտա վիրակապարան, տեսա սպիտակ սավանը վրան գցած մարմին… Բացեցի, տեսա ածխացած զինվոր…աչքերը երկինք հառած… Ո՞նց չեմ գժվում, ո՞նց եմ դիմանում… Սկսվեց օդային տագնապ… Պատգարակ դնելու տեղ չկար, ամբողջ միջանցքի հատակով մեկ շարված էին պատգարակները՝ զինվորները վրան պառկած…Ամեն մեկին մոտենում, կատետր ենք դնում ու տեղափոխում վիրակապարան։  15.10.2020թ.

Կարմիր Շուկայում ենք։ Սկսվեց ռմբակոծությունը։ Բոլորը հավաքվեցին նկուղում։ Ռմբակոծությունից հետո բերեցին բժիշկ Գարիկին։ Պայթյունի ժամանակ դրսում էր, պատգարակով շուտ հասցրին վիրակապարան։ Առաջին դրական արյուն էր պետք, ես ու Միրամիսյանը արյուն տվեցինք, վնասվել էր բժշկի լյարդը…Ափսոս, ոչ մի բան չօգնեց…

Մեր բժշկական անձնակազմը թեւ ու թիկունք դարձած վիրավոր զինվորներին, օր ու գիշեր անքուն, հոգնած, բայց գործը հոժարությամբ կատարող, իրենց կյանքը վտանգելով՝ աշխատում են անդադար։

…Մայր Հայաստանից մեզ օգնության է հասել բժիշկների խումբ։ 16.11.2020թ.

Ամբողջ գիշեր, մինչեւ ժամը 5-ը ռմբակոծում են։ Այնքան հոգնած եմ… Հատակին, գիշերապարկի մեջ, կիսարթուն պառկած եմ, ռմբակոծության ձայները լսում ու մտքումս ասում եմ. «Հեռու է, որ ավելի ուժեղ խփեն՝ կարթնանամ»։ Հատակին իրար կողքի պառկած ենք՝ ես, Հռիփսիկը եւ Շահինյանը։ 17.10.2020թ.

Գիշերը համեմատաբար հանգիստ է, առավոտը 07:20 սկսվեց վիրավորների հոսքը։18.10.2020թ.

Նաիրե, պատերազմական օրագիր… Առայժմ, շարունակելի…»։

Զրույցը շարունակելի է «Առավոտի» էջերում պատերազմի մասնակցի ու կենդանի վավերագրողի հետ։

Հարցազրույցը՝ արվեստաբան ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829