Կաքավաձորն Արագածոտնի հին բնակավայրերից է եւ ըստ ուսումնասիրությունների՝ վաղ միջնադարում պատկանել է Կամսարականներին ու հանդիսացել խոշոր գյուղաքաղաք։ Այստեղ, ընդարձակ տարածությունում, կան բազմաթիվ եւ բազմաբնույթ հուշարձաններ՝ ամրոցներ, դամբարանադաշտեր, գյուղատեղիներ, քարայր-կացարաններ, ժայռապատկերներ, արտադրական եւ պաշտամունքային շինություններ եւ այլն։ Հենց վաղ միջնադարում էլ բնակավայրն ունեցել է եկեղեցիներ, որոնցից պահպանվել են երկուսի հիմքերը, մեկը՝ գյուղի մեջ, մյուսը՝ գյուղ մտնող ճանապարհին։
Այդ եկեղեցիներից մեկը, որ ենթադրվում է կառուցվել է 5-6-րդ դարերում, գտնվում է գյուղի մեջ՝ Խաթուն Սարգսյանի տան բակում։ Այն եղել է բազիլիկ միանավ եկեղեցի, որից պահպանվել է հյուսիսային պատի արեւելյան հատվածի հիմնապատը՝ մոտ 2 մ երկարությամբ, իսկ մնացած մասը ընկած է տան ասֆալտապատ բակի տակ: Տարածքում սփռված են եկեղեցու կարմիր ու վարդագույն տուֆից սրբատաշ քարեր: Մի քանի քարեր էլ դրված են քարի ցանկապատերի մեջ: Իսկ խորհրդային տարիներին եկեղեցու քարերի մի մասը օգտագործվել է տան կառուցման ժամանակ:
1946թ. Հնությունների պահպանության կոմիտեն, հնագետ Հովսեփ Եղիազարյանի գլխավորությամբ, արշավախումբ է գործուղել Թալինի շրջան՝ հուշարձաններն ուսումնասիրելու համար: Այդ առթիվ, արշավախումբն այցելել է նաեւ Կաքավաձոր, որի ավերակ եկեղեցու մասին Հ. Եղիազարյանը գրվել է. «Հին եկեղեցու հետքերը գտնվում են գյուղում, Պետրոս Հովսեփյանի տան առջեւում: Պահպանվել են հյուսիսային պատի արեւելյան ծայրի ստորին քարաշարը 2 մ երկարությամբ եւ սրան կից արեւելյան պատի ծայրի մասի ստորին քարաշարը 1,5 մ երկարությամբ, որոնք շարված են կարմիր տուֆի սրբատաշ մեծ քարերով, կրաշաղախով: Այդ եկեղեցու շենքի առանձին բեկորներ դրված են շրջակա տների պատերի եւ բակերի ցանկապատերի մեջ: Հովսեփյանի տան սրահի պատի մեջ դրված բեկորի վրա փորված է հավասարթեւ խաչ՝ բնորոշ 5-7-րդ դարերին: Իսկ բակի ցանկապատի դռան կողքին դրված է եկեղեցու դռան մի կողքի քարը: Այդ բեկորներից բացի, գյուղի մեջ, ակումբի շենքի առջեւ, ընկած է սյան խոյակը կամ խարիսխը՝ կարմիր տուֆից, վրան գծավոր քանդակներով՝ բնորոշ 5-6-րդ դարերին. անկասկած է, որ դա նույնպես պատկանում է այդ եկեղեցու շենքին: Բոլոր փաստերը հաստատում են, որ եկեղեցու շենքը եղել է 5-6-րդ դարերին պատկանող խոշոր բազիլիկ: Անհրաժեշտ է պեղել եւ բաց անել եկեղեցու շենքի հատակագիծը»:
Եկեղեցուն անդրադարձել է նաեւ հնագետ Եսայի Ասատրյանը. «Բնակավայրի կենտրոնում պահպանվել են բազիլիկ եկեղեցու ավերակների հետքեր: Նկատելի են հիմնապատերի որոշ հատվածներ, ականթի տերեւներով զարդաքանդակներ, որոնց կատարման տեխնիկան բնորոշ է վաղ միջնադարին: Հուշարձանից փոքր հեռու ընկած են որմնասյան խոյակներ: Եկեղեցին կառուցված է եղել վարդագույն տուֆից, ճակատներում սրբատաշ»:
Կարդացեք նաև
Եկեղեցու շրջակայքում եղել է միջնադարյան ընդարձակ գերեզմանոց, որից պահպանվել են 5-7-րդ դարերի մի քանի քառակող կոթողներ, սյան խարիսխ, 12-14-րդ դարերի քանդակազարդ խաչքարերի բեկորներ, հարթ տապանաքարեր, սալատապաններ, ուշ միջնադարի ձիատապաններ եւ այլն։ Այդ բոլորը վկայում են, որ Կաքավաձորը միջնադարում հանդիսացել է խոշոր բնակավայր։ Այն մի հնագիտական արգելավայր է, կարոտ լուրջ եւ համակողմանի ուսումնասիրության։
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
27.02.2024