Ով է «թունավորում» Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթացը. Էրդողանի անսպասելի բացահայտումը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ, ավելի քան կես տարվա դադարից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումներից, ետնաբեմային բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապեց Անկարա պաշտոնական այցով։ Հինգերորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ավանդույթի համաձայն, նա կրկին իր առաջին այցը եղբայրական Թուրքիա կատարեց։
Այցի օրակարգի մասին թուրքական, ադրբեջանական աղբյուրները չէին հաղորդում մանրամասներ, Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած տեղեկատվությունը հետեւյալն էր` Ալիեւն ու Էրդողանը կհանդիպեն, սպասվում է համաձայնագրերի ստորագրում, ապա երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Փետրվարի 19-ին Էրդողան-Ալիեւ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդեց, թե նրանց դեմ առ դեմ հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով նիստ: Իսկ բանակցություններին արդեն հաջորդեցին նրանց հրապարակային հայտարարությունները` թուրք-ադրբեջանական ամուր տանդեմի թեմայով:
Կարդացեք նաև
Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, անկասկած, խաղաղության ու նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում եւ տարածաշրջանում, հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ալիեւի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում։ Ըստ Էրդողանի՝ «Ղարաբաղի օկուպացիայի ավարտը հույսի ճանապարհ է բացել՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»։ «Կարեւոր է չփակել այդ պատմական պատուհանը: Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը»,- շեշտեց նա: Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ հայ – ադրբեջանական համաձայնագրի կնքումը կարող է հեռանկարներ բացել ողջ տարածաշրջանի համար. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը կարող է հույսի աղբյուր դառնալ մեր ողջ տարածաշրջանի համար։ Մենք այս պրոցեսում մշտապես լինելու ենք Ադրբեջանի կողքին»։
Թուրքիայի նախագահի խոսքում խիստ ուշագրավ էին, սակայն, եթե չասենք` բավական անսպասելի, երկու այլ հրապարակային գնահատականներ: Ահա Թուրքիայի նախագահը կոչ արեց երրորդ երկրներին չխանգարել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին. «Երրորդ կողմերին ես կոչ եմ անում դրական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, այլ ոչ թե թունավորել այս գործընթացը»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անկարան ու Բաքուն, ինչպես նաեւ Մոսկվան, մեղմ ասած`դժգոհ են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Արեւմուտքի ներգրավվածությունից, կարող է տպավորություն ստեղծվել, որ Էրդողանը նկատի ունի բացառապես Արեւմուտքին: Սակայն սա միայն թվացյալ եզրակացություն է, որովհետեւ գործընթացն առավել խորքային է:
Էրդողանը Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ, վերջին շրջանում գոյություն ունեցած որոշ տարաձայնությունները հարթելու հաստատուն ճանապարհով է գնում` ձգտելով Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների առկայության պայմաններում Պուտինի համար վառած «կանաչ լույսից» հնարավորինս խուսափել:
Բացի Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի դիրքորոշումից, գոյություն ունի Հարավային Կովկասում ռուսական գործոնի հարցը: Ռուսաստանը մեր տարածաշրջանում ամրանում է հենց թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքորոշումները պաշտպանելով: Արեւմուտքը դրան է նաեւ ընդդիմանում: Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, Լեռնային Ղարաբաղ արցախցիների վերադարձի հարցում Արեւմուտքի պատկերացումները ակնհայտորեն տարբերվում են ռուսական դիրքորոշումից: Եթե Էրդողանն արդեն ստիպված է հետքայլ անել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում որոշ հարցերով, ապա նա պետք է Արեւմուտքի ակնկալիքները բավարարի համապարփակ փաթեթով, իսկ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը այդ փաթեթի մաս է: Ըստ ամենայնի, Էրդողանի ու Ալիեւի հաշվարկներով ԼՂ-ի «ազատագրումից» հետո Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորումը եւս պետք է մնար ռուսական փաթեթում, բայց Արեւմուտքը իր քայլերով հասկացնել է տալիս, որ ռուսական փաթեթ այլեւս չկա, եւ Էրդողանն ու Ալիեւը պետք է խոսեն, բանակցեն, համաձայնությունների գան Արեւմուտքի հետ, որովհետեւ այն, ինչ ձեռնտու է Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակին, հակասում է Արեւմուտքի շահերին:
Անկարայում Ալիեւի հետ հանդիպմանը Էրդողանը հնչեցրել է մեկ այլ գնահատական, որն, արդեն, առավել քան հստակ էր:
Այսպես, Էրդողան-Ալիեւ բանակցություններից հետո ինչպես հաղորդել է AFP-ն` Agence France Presse-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալիեւին ասել է, որ ցանկանում է, որ Բաքուն խուսափի Հայաստանի հետ սահմանի հետագա բռնկումներից եւ ձգտի կայուն խաղաղության: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ` «անցյալ շաբաթվա բռնկումը չի կրկնվի» (նկատի ունի` Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի եւ ուժի կիրառման դեպքը, որի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունեցավ եւ 1 վիրավոր):
Ինչ է ստացվում: Մյունխենյան բանակցություններով խաղադրույքներ են բարձրացվել. հայ-ադրբեջանական սահմանին սադրանք է տեղի ունենում, Ալիեւը Մյունխենում Արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններից չի կարողանում խուսափել, հետո մեկնում է Անկարա` հույս ունենալով որ կստանա «ավագ եղբոր» հրապարակային աջակցությունը Հայաստանի դեմ ագրեսիան արդարացնելու հարցում, սակայն Էրդողանը «կրտսեր եղբորը» հորդորում է «հանդարտվել»:
Էրդողանի պահվածքը փաստում է, որ Թուրքիային հասկացրել են, որ ռուսական խաղին անվերապահ նվիրվելը Արեւմուտքի սրտով չէ, իսկ Արեւմուտքի ճնշումն այնքան ուժգին է եղել, որ Էրդողանը ստիպված է եղել հրապարակային այսպիսի ուղերձ հղել Ալիեւին:
Ետնաբեմային բանակցությունների, թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ Արեւմուտքի ճնշումների արդյունքում ուշագրավ այս զարգացումն անմիջապես նկատել էր Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, որը X-ի իր էջում գրեց. «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Հայաստանի դեմ նոր պատերազմի հրահրումն անհանգստացնում է ոչ միայն մեզ, այլեւ Թուրքիայի նախագահին: Էրդողանն Իլհամ Ալիեւին փաստացի կոչ արեց չմասնակցել ռուսական խաղերին»։
Ինչ վերաբերում է Անկարայում Ալիեւի հրապարակային հայտարարություններին, ապա նա թուրք պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում վստահեցրեց, որ քննարկել են նաեւ ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցեր, որը առանցքային հարց է. «Իհարկե, նոր հնարավորություններ են բացվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Դրա շուրջ եւս մանրամասն քննարկումներ են անցկացվել։ Մենք համատեղ արտադրության հետ կապված պլաններ ունենք»։
Ալիեւը կրկին մի քանի անգամ հրապարակայնորեն իր երախտագիտությունը հայտնեց Թուրքիային՝ ղարաբաղյան խնդրում ցուցաբերած աջակցության համար, անթաքույց գոհունակությամբ խոսելով հարավկովկասյան տարածաշրջանում Անկարայի աճող դերակատարության մասին. «Թուրքիան այսօր մեր տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ համագործակցության երաշխավորն է»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իր երկրում երբեք չեն մոռանա այն «եղբայրական աջակցությունը», որ ցուցաբերեց Թուրքիան այս հարցում: «Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում մեր առանց այդ էլ զարգացած հարաբերությունները նոր մակարդակի բարձրացան։ Մեր երկու երկրների բանակներն այսօր միասնական բռունցք են հանդիսանում։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմը, ինչպես նաեւ հինգ ամիս առաջ մեր կողմից իրականացված հակաահաբեկչական գործողությունը մեկ անգամ եւս վկայեցին՝ թուրքական բանակի մոդելը Ադրբեջանում վերջնականապես արմատավորվել է», նշել է Ալիեւը՝ որպես «հակաահաբեկչական գործողություն» ներկայացնելով Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերի 19-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։
Խոսելով ԼՂ-ի մասին, Ալիեւը նշել է` Ադրբեջանը չվերահսկվող շրջաններ իր տարածքում այլեւս չի հանդուրժի. «Ղարաբաղում անցկացված հակաահաբեկչական գործողությունն ամբողջությամբ վերականգնեց մեր երկրի ինքնիշխանությունը։ Այսուհետ Ադրբեջանի տարածքում անջատական ուժերը երբեք չեն կարողանա գործունեություն ծավալել»։
Անկարայում Էրդողան-Ալիեւ հանդիպումից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ 3 համաձայնագիր է ստորագրվել: Մասնավորապես դրանցից մեկը վերաբերել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ անասնաբուժական դեղորայքի ոլորտի համագործակցությանը, այն ստորագրել են Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախագահն ու Ադրբեջանի արտգործնախարարը: Մյուսը կապված է կրկնակի հարկման եւ հարկերից խուսափելու գործընթացի կանխման հետ, այն ստորագրվել է Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարարի եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջեւ: Եվ վերջինը, ըստ Ermenihaber.am-ի, կնքվել է Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի եւ Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարության միջեւ, որը վերաբերել է Թուրքիա-Ադրբեջան համալսարանի ստեղծմանը: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահը եւ Ադրբեջանի կրթության նախարարը:
Ի դեպ, անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակում տանկերի եւ մարտական մեքենաների անձնակազմի պատրաստման վարժանքներ էին անցկացվել։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ վարժանքների ընթացքում զինվորականները «հաղթահարելով բնական եւ արհեստական խոչընդոտները, կատարել են տարբեր նպատակներով տանկերի եւ մարտական մեքենաների կառավարման առաջադրանքները»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդեց նաեւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի զորավարժությունների մասին, որոնց ընթացքում` «S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումների զգոն մարտական անձնակազմերը կատարում են սարքավորումները մարտական պատրաստության բերելու, օբյեկտները օդային հարձակումից պաշտպանելու, պայմանական թշնամու հրթիռային հարձակումները հետ մղելու եւ այլ առաջադրանքներ»: Իսկ հունվարի սկզբներին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր Զինված ուժերի օպերատիվ ստորաբաժանումների զորավարժությունների մասին, որոնց ընթացքում զինվորականներին հանձնարարված էր` «վնասազերծել պայմանական հակառակորդի ժամանակավոր ապաստարանները»։
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2024