Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի աղը» չի կարող տոննաներով լինել

Փետրվար 28,2024 14:00

Շատ բնական է, որ ստեղծագործող, հետաքրքրասեր, շաբլոններից դուրս մտածող մարդիկ փոքրամասնություն են կազմում

«Ճի՞շտ է, որ Տեր-Պետրոսյանի եւ Փաշինյանի կանայք ազգակցական կապեր ունեն», – հարցնում է ինձ օգտատերերից մեկը: Այնուհետեւ մի քանի այլ մեկնաբանություններում պահանջում է, որ ես պատասխանեմ այդ՝ մեղմ ասած, ոչ այնքան իմաստալից հարցին: Ի դեպ, եթե ուզում եք դիտումների քանակ ապահովել, վերնագրում անպայման դրեք Տեր-Պետրոսյան ազգանունը, եւ «հեյթերների» ստվար զանգվածը կարելի է ապահովված համարել:

Ի տարբերություն «Առավոտի» կայքի, որտեղ պրեմոդերացիա է արվում եւ ֆեյսբուքի, որտեղ իմ էջում կարող են մեկնաբանել միայն «ընկերները», մնացած հարթակներում «ժողովրդի ձայնը», որը մեկնաբանում է իմ նյութերը, ավելի բարձր է լսվում: Այստեղ ես ջնջում եմ միայն սեռական հայհոյանքները: Մնացածը թողնում եմ, որովհետեւ ինձ հետաքրքիր է այն, ինչ ընդունված է կոչել «հասարակական կարծիք»:

Իմ հիմնական հետեւությունն այն է, որ մարդկանց մեծամասնությունը շատ քիչ է կարդում, եւ տեղեկությունները ստացվում են այն աղբյուրներից, որոնք առավել մատչելի են: Առաջ դա խոհանոցն էր եւ «բեսեդկան», հիմա սոցցանցերն են: Օրինակ, այս հոդվածի սկզբում մեջբերված օգտատերը մի տեղից լսել է, որ հրեաները մեր թշնամիներն են եւ այդ կարծրատիպի վրա կառուցել է իր աշխարհընկալումը:

Կարծրատիպերը կարող են ստեղծվել նաեւ «սեփական փորձի» հիման վրա: Իսկ վերջինս, հասկանալի պատճառներով, մեզ մոտ սահմանափակ է: Օրինակ, «բաջանաղիս հորեղբայրը Չելյաբինսկում ասֆալտի գործ է անում ու հարստացել է (չի հարստացել): Հետեւաբար, «խոպան գնալը» եկամտաբեր է (անօգուտ է)»:

Պարզ է՝ որքան շատ ես ուսումնասիրեմ հայերի եւ հրեաների հարաբերությունները կամ «խոպան գնալու» բազմաթիվ ու բազմազան դեպքերը, այնքան քիչ է հավանականությունը, որ իմ գլխում բոլոր դեպքերի համար «ունիվերսալ» կարծրատիպեր կձեւավորվեն:

Իմ այս դիտարկումները հաստատվում են նաեւ տեսաբանների եզրակացություններով: Մասնավորապես, 20-րդ դարի ֆրանսիացի ընկերաբան Պյեր Բուրդյեն, անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին, նշում է, որ դրանք ելնում են սխալ կանխադրույթներից: Առաջինն այն է, թե իբր բոլոր մարդիկ կարող են կարծիք ունենալ, այսինքն՝ կարծիքի արտադրությունը մատչելի է բոլորին: Երկրորդ սխալ կանխադրույթն, ըստ Բուրդյեի, այն է, որ բոլոր կարծիքները հավասար նշանակություն ունեն: «Ես մտադիր եմ ապացուցել, – գրում է ընկերաբանը, – որ կարծիքներ գումարելու մեթոդը, երբ դրանց միեւնույն նշանակությունն է տրվում, հանգեցնում է անիմաստ «արտեֆակտերի» արտադրության»:

Իսկապես՝ ընտրությունների ժամանակ պետք է գործի «մեկ մարդ – մեկ ձայն» սկզբունքը, մնացած մոտեցումները խտրականության դրսեւորում կլինեն: Բայց երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հասարակությունը եւ որտեղ է այն շարժվում, այստեղ կարծիքների համահարթեցումն անընդունելի է: Միսակ Մանուշյանի դիրքորոշման եւ այն ժամանակվա կոլաբորացիոնիստների տեսակետների միջեւ որակական տարբերություն կա:

…«Դո՛ւք եք երկրի աղը», – այդ խոսքերով է Լեռան քարոզում Տերը դիմում իր աշակերտներին: Այդ արտահայտությունը կարելի է մեկնաբանել տարբեր ձեւերով: Դուք դեֆիցիտ ապրանք եք, որը դժվար է ճարվում եւ այդ պատճառով առավել գնահատելի եք: Դուք եք համուհոտ տալիս այս աշխարհին, թե այն «չի ուտվի»: Բայց մի բան պարզ է. աղը չի կարող շատ լինել՝ դա մի պտղունց է ամբողջ ճաշի մեջ: Ոչ մի հասարակություն զանգվածաբար չի արտադրում ստեղծագործող, հետաքրքրասեր, կարծրատիպերից դուրս մարդկանց:

Այդ մարդիկ միշտ եւ ամենուր փոքր խումբ են կազմել: Այդ խումբն առանձնացնելը «էլիտարիզմ» չէ՝ մեծամտանալու, գոռոզանալու իմաստով: Հակառակը՝ այդ մարդկանց վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ ծառայել մնացածներին անկախ նրանց գիտելիքների մակարդակից եւ մտահորիզոնի չափից: Եվ չսպասել, որ որեւէ մեկը շնորհակալություն կհայտնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829