Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևը խնդրել է Արաբական լիգային և Թուրքիային ճնշում գործադրել ԵԽԽՎ-ի վրա՝ Ադրբեջանին հետ ընդունելու համար

Փետրվար 27,2024 23:45

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է. «Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է ասում իմ երկրի մասին, ես շարունակելու եմ անել այն ամենը, ինչ ուզում եմ»։ Սակայն, սա ասվում է քողարկման համար: Ադրբեջանը, անկախ իր հրապարակային կոշտ ելույթներից, կուլիսներում աշխատում է այլ երկրների հետ իր հակամարտությունները կարգավորելու համար:

Անցյալ շաբաթ ես գրել էի, թե ինչպես է Ադրբեջանը խնդրել Իսրայելի կառավարությանը միջնորդել Ֆրանսիային՝ բարելավելու իրենց հարաբերությունները, որոնք վերջին տարիներին վատթարացել էին արցախյան հակամարտությունում Հայաստանին Ֆրանսիայի աջակցության պատճառով։ Այն բանից հետո, երբ Իսրայելը մերժեց Ալիևի խնդրանքը՝ միջնորդ լինել Ֆրանսիայի հետ, Ադրբեջանը սկսեց այլ ուղիներ փնտրել Եվրոպայի հետ իր հարցերը լուծելու համար։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելուց հետո, Ալիևը խնդրեց Արաբական պետությունների լիգային միջամտել եվրոպացիներին՝ Ադրբեջանի կարգավիճակը վերականգնելու համար։ 2024 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանի խնդրանքով Արաբական լիգայի Խորհրդարանի նախագահ Ադել բին Աբդուլ Ռահման Ալ-Ասումին նամակ հղեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին՝ բողոքելով ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևից, որը մերժում է վավերացնել Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը։

Արաբական խորհրդարանի նախագահը ԵԽԽՎ-ին ասաց. «Արաբական խորհրդարանն իր խորը ափսոսանքն է հայտնում այս բանաձևի ընդունման կապակցությամբ։ Ադրբեջանի Հանրապետությունն արաբական պետությունների բարեկամ և ռազմավարական գործընկերն է և կարևոր ու ազդեցիկ դեր է խաղում մշակութային բազմազանության պահպանման և քաղաքակրթությունների միջև երկխոսությունը խթանելու համար.… Ադրբեջանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից և մեծ դեր է խաղում այս կազմակերպության գործունեության խթանման և նրա սկզբունքներին ու նպատակներին հասնելու գործում: Համաշխարհային մակարդակում այն համատեղ ջանքեր է գործադրում լարվածությունը և հակամարտությունները նվազեցնելու համար…․»:

Այնուհետև Արաբական խորհրդարանի նախագահը ԵԽԽՎ-ին խորհուրդ տվեց. «Բազմակողմ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է լինի տեսակետների հաշտեցման գործիք և դիմադրության պատ բոլոր պառակտումների առջև, և հավելյալ արժեք խաղաղության ու հանդուրժողականության սկզբունքների տարածման համար»։

Նամակն ավարտվում էր ԵԽԽՎ-ին կոչ անելով վերանայել իր ավելի վաղ ընդունած բանաձևը, որը մերժել էր վավերացնել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հավատարմագրերը, «որոնք հակասում են երկխոսության և համագործակցության սկզբունքներին»:

Բնականաբար, Ադրբեջանի խորհրդարանը (Միլլի Մեջլիս) անմիջապես հրապարակեց Արաբական խորհրդարանի նամակը, որը հրապարակել էին նաև ադրբեջանական մի շարք թերթեր։

Շատ տարօրինակ է, որ Արաբական խորհրդարանը միջամտել է ԵԽԽՎ-ի գործերին՝ արաբական պետությունների հետ կապ չունեցող հարցի շուրջ։ Ադրբեջանն Արաբական լիգայի ոչ անդամ է, ոչ էլ դիտորդ։ Ինչպե՞ս կարող է Արաբական խորհրդարանի նախագահը Ադրբեջանին անվանել «արաբական պետությունների բարեկամ և ռազմավարական գործընկեր», երբ նա Իսրայելի դաշնակիցն է և միլիարդավոր դոլարների իսրայելական զենք է գնում։ Դա էր պատճառը, որ նախկինում Արաբական լիգայի կողմից մերժվել էր Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքը։ Արաբական խորհրդարանի՝ ԵԽԽՎ-ին նամակ գրելու պատրաստակամության միակ հնարավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը զբաղված է «խավիարային դիվանագիտության» իր սովորական պրակտիկայով, ինչը նշանակում է, որ նա շատ առատաձեռն նվիրատվություն է արել Արաբական լիգային։ Հետևաբար, Արաբական խորհրդարանի հայտարարությունն Ադրբեջանի երկխոսության և խաղաղության ձգտման մասին իրականության հետ որևէ կապ չունի։

Քանի որ Հայաստանը 2005 թվականից դիտորդի կարգավիճակ ունի Արաբական պետությունների լիգայում, ինձ հետաքրքիր է իմանալ՝ արդյոք Լիգայում Հայաստանի ներկայացուցիչը տեղյա՞կ էր, որ Արաբական խորհրդարանը դիտարկում էր նման նամակ ուղարկել ԵԽԽՎ-ին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի։ Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ է նա ձեռնարկել (եթե այդպիսիք եղել են)՝ առարկելու նման նամակ ուղարկելու դեմ:

Արաբական լիգայից բացի, Ադրբեջանը ԵԽԽՎ-ում իր լոբբիստական ջանքերն  իրականացնում է իր մեծ եղբոր՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջոցով։ Թուրքիայի նախկին արտգործնախարար և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր Յաշար Յակիսը փետրվարի 25-ին ARAB NEWS-ում գրել է. «Թուրքիան կտրականապես դեմ է արտահայտվել Ադրբեջանի [ԵԽԽՎ-ից] կասեցմանը… Եթե ​​նույնիսկ կասեցվի  Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, նա կարող է գոյատևել առանց անդամ լինելու»։

Ավելի վաղ՝ փետրվարին, երբ Ալիևն այցելեց Էրդողանին Անկարայում, Թուրքիայի նախագահը խոստացավ անել հնարավորը «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հավատարմագրերը վավերացնելու համար։ Մենք կշարունակենք մեր աջակցությունն ու ջանքերը Ադրբեջանին, քանի դեռ որոշումը [հավատարմագրերը չվավերացնելը] չի չեղարկվել»։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան շեշտելու է, որ ԵԽԽՎ-ն պետք է հարթակ լինի «խորհրդարանական ժողովրդավարության, այլ ոչ թե հակամարտության» համար։ Սակայն Ալիևն ու Էրդողանը չունեն խորհրդարանական ժողովրդավարություն և խաղաղություն իրենց սեփական երկրներում։

Եթե Ալիևն իսկապես չմտահոգվեր, թե այլ երկրներն ինչ գործողություններ են ձեռնարկում Ադրբեջանի դեմ, նա այդքան ջանք չէր գործադրի Արաբական լիգայի և Էրդողանի լոբբինգի համար՝ ԵԽԽՎ-ում իր երկրի հավատարմագրերը վերականգնելու նպատակով։ Նա պարզապես կանտեսեր ԵԽԽՎ-ի որոշումը։

Ճշմարտությունն այն է, որ Ալիևը խորապես մտահոգված է իր իմիջի համար։ Բռնակալների մեծ մասը, խախտելով ներքին և միջազգային բոլոր օրենքները, անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնի իր հանցագործությունները և փորձի հրեշտակ ձևանալ ամբողջ աշխարհի աչքի առջև։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829