Գյումրու կանգառները, որոնք աստիճանաբար թարմացվում են (ըստ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի` նախատեսված 70 նոր կանգառներից 58-ն արդեն տեղադրվել են, մնացել են 12-ը), օրերս «զարդարվել են» հայ հայտնիների լուսանկարներով։ Մի տեղ Աշուղ Ջիվանու լուսանկարն է փակցված, մյուսում՝ Սերգեյ Փարաջանովինը, Շառլ Ազնավուրինը, Հովհաննես Շիրազինը։
Նպատակն ակնհայտ է՝ ոչ միայն այս միջոցով ևս կրթել սերունդներին՝ ամեն վայրկյան հիշեցնելով հայ հռչակավոր արտիստների, գրողների մասին, այլ Գյումրի այցելող օտարազգի զբոսաշրջիկներին ներկայացնել հայ ազգի տաղանդավոր լինելը։
Գյումրու նոր փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի ֆեյսբուքյան էջից կարելի է կռահել, որ մտահղացման հեղինակը հենց նա է։ Նա իր էջում է տեղադրել լուսանկարները՝ հետևորդներին հարցնելով՝ «Իսկ դուք նկատե՞լ էիք»։
Կարդացեք նաև
Փոխքաղաքապետը իր գրառման մեջ մատնանշել է համայնքապետարանի գովազդի բաժինը՝ ցույց տալով սոցիալական գովազդ լինելը։
Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից էլ տեղեկանում ենք, որ հայ հայտնիների նկարներով պաստառները տեղադրվել են քաղաքի 10 կանգառներում։ Այս գործընթացը շարունակվելու է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ