Արաբկիր վարչական շրջանում գտնվող ՔՊ գրասենյակը, որի դիմաց կեղծ պայթուցիկ տեղադրելու մասին իրավապահները նախօրեին ահազանգ էին ստացել, մշտապես փակ է: Այս մասին Aravot.am-ին ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Մշտապես փակ է, բաց չես տեսնի: Այդ տարածքը իմ բնակության վայրի հարեւանությամբ է, որտեղ ես ամեն օր ոտքով գնում ու գալիս եմ: Ամբողջ տարածքը հսկվում են հարյուրավոր տեսախցիկներով, այսինքն՝ հնարավոր չէր չբացահայտել՝ ով բերեց այդ կեղծ պայթուցիկը, տեղադրեց: Ժամեր հետո, րոպեներ անց կարող էին հայտնաբերել, եթե մինչեւ հիմա չեն հայտնաբերել, ուրեմն ինչ-որ բան կա: Հետո էդ ոնց է եղել, որ մշտապես փակ գրասենյակի մոտ են բերել, տեղադրել մուլյաժը ու հենց այդ օրը, այդ կինը եկել է, այդտեղ ինչ-որ բան է հայտնաբերել, ահազանգել, դա էլ է ծիծաղելի» ,-նկատեց տիկին Փոստանջյանը:
Քննչական կոմիտեից մեզ այսօր հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ կամ մուլյաժ տեղադրող անձի հետ կապված բացահայտումներ չկան:
Հիշեցնենք, որ ՔՊ գրասենյակի դիմաց մուլյաժի տեղադրումից օրեր առաջ էլ կեղծ ռումբ էր հայտնաբերվել նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի ղեկավարած ՄԱԿ կուսակցության գրասենյակի դիմաց, որը կրկին Արաբկիր վարչական շրջանում է:
Կարդացեք նաև
Տիկին Փոստանջյանը նկատեց` զուգադիպությունը պատահական չէ. «Աղմկում են եւ շեղում են: Շատ լավ կլիներ, որ այս մարդիկ գնային ու նկարահանեին Երեւանի մատույցները եւ Երեւան վարչական շրջանի մեջ գտնվող տարածքներում խրամատները, որոնք հիմա փորված են ու այնտեղ տեղադրված հրթիռներ են, թե հակահրթիռային ինչ-որ սարքեր են, չեմ իմանում: Թող գնան, դրանք նկարեն ու բացատրություններ տան, թե ինչ է տեղի ունենում:
Մեկը՝ Կոտայքի մարզում է, մյուսը հենց Երեւանում: Ես դրանք տեսնում եմ արբանյակային քարտեզներով: Այսինքն, տեղի են ունենում գործընթացներ, որոնց մեզ չեն պատրաստում: Մենք միայն լրատվամիջոցից գիտենք, որ տարհանում-վարժանք էին փորձնական կազմակերպել պոլիտեխնիկում, մենք գիտենք լուրեր, բայց ո՛չ մեր պետական իշխանությունը, ո՛չ քաղաքային իշխանությունը մեզ չեն պատրաստում այն իրական գործընթացներին, որոնք մեզ սպասում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ