Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճռական շարունակելու ենք». Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին

Փետրվար 27,2024 22:44

«Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամները բանակցությունների մեջ են խորհրդարանական երկու ուժերի՝  «Հայաստան» եւ  «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարների հետ՝ շարժման առաջարկած՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը խորհրդարանում կազմակերպելու հարցով: Aravot.am-ի հետ զրույցում շարժման անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ որոշակի համաձայնություններ արդեն կան, որոնց մասին կխոսեն առաջիկայում:

Հանդիպում-բանակցություններ են եղել նաեւ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամների, այլ հասարակական կառույցների, ազդեցիկ անհատների հետ. «Միասինի» անդամները փորձում են համատեղել բոլորի ուժերը:

Ի դեպ, փետրվարի 29-ին, Ազատության հրապարակում,  «Միասինը» հերթական հանրահավաքն է հրավիրում, որի ժամանակ մանրամասն կներկայացվի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ծրագիրը, կխոսվի այն մասին, ինչո՞ւ է հենց այսօր անհրաժեշտ հեռացնել Նիկոլ Փաշինյանին  իշխանությունից:

Արամ Սարգսյանին զարմացրել-զայրացրել է օրեր առաջ, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բրիտանական արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հետ. «Հնարավոր չէ պատկերացնել մի պետություն, որի ղեկավարն առաջնորդվում է մեկ այլ պետության գաղտնի ծառայությունների երաշխավորություններով կամ հանձնարարություններով: Սա արտառոց իրավիճակ է»։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենից վերադառնալուց հետո, հանդես չի եկել հաշվետվությամբ ու չի ասել, թե ի՞նչ գործ ուներ վարչապետը կամ պետությունը կառավարող ուժի առաջնորդը, մեկ այլ պետության գաղտնի ծառայության ղեկավարի հետ հանդիպում անցկացնել: Իսկ Մյունխենից վերադարձից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը սառեցնելու մասին, նաեւ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալու է Հայաստան:

«Այսինքն, թշնամական հարաբերություններ ՌԴ-ի հետ: Ես չգիտեմ, թե ո՞վ է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են։ Ես ուզում եմ իմանալ, նրանք հաշվարկե՞լ են բոլոր վտանգները, որոնք կախված են պետության ու հայրենիքի գլխին։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ասում ենք՝ եթե այս իշխանությունը մի օր ավել մնա, նոր արհավիրք է բերելու։ Մեզ անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունն այդ քայլն իրականացնելու համար, առավել ևս մենք ունենք վճռականություն ու բանակցային համաձայնություններ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ մարդիկ վստահության պակաս ունեն, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում իրենց կազմակերպած հանրահավաքը թեեւ մարդաշատ չէր, բայց ուղիղ եթերների հեռարձակումների դիտումների քանակը 650 հազարին է մոտեցել. «Մենք մեզ համեստ քաղաքական ուժ ենք համարում եւ չենք կարծում, որ մեր նկատմամբ էր հետաքրքրությունը. դա հետաքրքրություն էր անվստահության գործընթացի նկատմամբ: Մենք ակնկալում ենք, որ ամսի 29-ին ավելի շատ մարդ է գալու, քանի որ ակնկալում են իմանալ, թե ի՞նչ ենք մենք ուզում եւ ինչպե՞ս ենք պատկերացնում այդ պայքարը: Այն, իհարկե, մեկ քայլանոց կոմբինացիա չէ, բայց անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք վստահություն ձեռք բերել մարդկանց մոտ, որպեսզի կարողանանք պայքարում հաջողության հասնել, քանի որ առանց ժողովրդի աջակցության, որեւէ մեկը, որեւէ հարց լուծել չի կարող՝ առավել եւս այս պայմաններում»:

Խորհրդարանում իմպիչմենտի գործընթացի համար 36 ստորագրություն է անհրաժեշտ, բայց նաեւ հարցն օրակարգ մտնելուց հետո, 72 ժամվա ընթացքում, այն պետք է քվեարկվի. «Եվ եթե մենք համապատասխան ծրագրով չենք ներկայանում, քվեարկությունը կարող է տապալվել: Ուստի, գործընթացը պետք է նախապատրաստել, ինչի մասին այսօր պայմանավորվել ենք խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մեր կողմից վստահեցնում եմ, որ վճռական շարունակելու ենք: Արդյունքը՝ կտեսնենք»:

Վերջերս պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մնացել է վերջին մեկ հնարավորությունն այս իշխանությանը հեռացնելու համար. Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ այս շարժումը կդառնա՞ այդ հնարավորությունը: Մեր զրուցակիցը պատասխանեց՝ կարծում է՝ խոսքն այն մասին է, որ պետք է այնպես նախապատրաստվել այս գործընթացին, որը միանգամից ավարտվի հաջողությամբ. «Ես դա հասկանում եմ, բայց եթե մենք ոչինչ չանենք, այդ քայլի ժամանակը երբեք չի գա: Այնպես որ, մենք բոլորին կոչ ենք անում ամսի 29-ին գալ Ազատության հրապարակ եւ մասնակից դառնալ գործողություններին»:

Արամ Սարգսյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ 2021 թվականին իրենք այլ ծրագիր են ներկայացրել, հետո, բոլորովին այլ քայլեր են իրականացրել, որքան էլ Մյունխենում Փաշինյանը հայտարարի թե ինքը մի քանի հնարավորություն է տվել իրեն չընտրելու, բայց կրկին ընտրվել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829