Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոցինտերնի խորհուրդը բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով

Փետրվար 27,2024 23:10

Ապահովել ժողովրդի հավաքական վերադարձը, իրավունքներն ու անվտանգությունը, ՀՀ-ի հետ անխոչընդոտ ցամաքային կապը, կալանավորվածների ազատ արձակումը

Ս.թ. փետրվարի 24-25-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Սոցինտերն, Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը, Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (PSOE) կենտրոնատեղիում։

Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն քաղաքական այս կազմակերպությանը ՀՅ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907թ․, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է խորհրդի եւ նախագահության նիստերին, եւ ընտրվել է ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի անդամ։

Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կազմակերպության նախագահության եւ խորհրդի նիստերի իր բացման ելույթներում ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։

Սոցինտերնի նախագահության եւ խորհրդի նիստերին, Մարիո Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետեւանքով ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բռնության քայլերն ու սպառնալիքներն ու պահանջները։

Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձեւ, որտեղ ասվում է.

Սոցիալիստական Ինտերնացիոնալն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու համար նման համաձայնություն պետք է ձեռք բերվի առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ հիմնված միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի վրա՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգայնորեն հովանավորվող խաղաղ գործընթացը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների և անվտանգության լիարժեք իրացումը իր պապենական տարածքում:

Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ մեր երկարամյա սկզբունքային քաղաքականու-թյանը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը Ադրբեջանին պարտավորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանություն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ» ինչպես նաև հրաժարվել «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կոչ ենք անում՝

  1. Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը՝ ապահովել ժողովրդի հավաքական, անկաշկանդ և անվտանգ վերադարձը հայրենիք։ Նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխավորված միջանկյալ կարգավիճակ ապահովել՝ երաշխավորելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների ամբողջ ծավալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության արդյունավետ երաշխիքներ, ինչպես նաև Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ։
  2. Ազատ արձակել ռազմագերիները և կալանավորված անձինք։
  3. Տարածաշրջանում տրանսպորտի և կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով և համաժամանակյա՝ առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։

Սոցինտերնը պատրաստ է աջակցել այդ գործընթացներին որպես միջնորդ՝ իր միջոցով և իր անդամ կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակցությամբ:

Սոցինտերնի խորհրդի նիստը նաեւ որոշումներ է կայացրել կազմակերպական հարցերի վերաբերյալ, որդեգրել Մադրիդյան հռչակագիրը։

Ընկերվար միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է։ ՀՅԴ համապատասխան կարույցները լիիրավ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միությանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանը IUSY-ի փոխնախագահ է։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

27․02․2024թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829