Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի ջարդերից հետո անցած 36 տարիները ևս վկայեցին, որ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չկրեց. Գագիկ Բաղունց

Փետրվար 27,2024 22:11

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը 1988թ. Սումգայիթյան ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ

«Սիրելի´ հայրենակիցներ

Այսօր  հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի  և առ այսօր միջազգային իրավունքի ուժով դատապարտման չարժանացած Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցն է։ Ջարդարարների խմբերը, քաղաքի իրավապահ մարմինների լիարժեք անտարբերության պայմաններում, ներխուժում էին հայերի բնակարանները և անհավանական դաժանությամբ հաշվեհարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։ Հայերի նկատմամբ բռնությունները եղել են տասնամյակների ընթացքում հետևողականորեն իրականացվող քաղաքականության ծայրահեղականացված դրսևորումներ։

Անպատժելիության և ամենաթողության զգացումի, հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամեն գնով ճնշելու ձգտման համադրությունը հանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցության և պետական քաղաքականության մեջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրությունների արմատավորմանը:

Ցավոք, Սումգայիթի ջարդերից հետո անցած 36 տարիները ևս վկայեցին, որ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չկրեց, ավելին՝ շարունակական հայատյացության հռետորաբանությունը, ատելության քարոզը դարձան ձեռագիր.այսօրվա իրավիճակը դրա վառ ապացույցն է:

Հարգելի´ հայրենակիցներ

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը, ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքում: Իսկ կատարված ոճրագործությունները քաղաքակիրթ աշխարհի համար չպետք է մնան որպես պատմության անցած ու փակված էջեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829