«Դեռ 2016 թվականից է հայտնի, որ արտագնա աշխատանքի մեկնողները պետք է Հայաստանում նույնպես հարկվեն, սա նոր օրենք չէ»,- հիշեցնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է արտագնա աշխատողների՝ ՀՀ-ում եկամտային հարկ վճարելու պարտավորությունը վերացնել, սակայն օրենքը կիրառվելու է միայն 2020-2023 թվականների համար։ ՊԵԿ-ը այս օրենքը մշակեց այն բանից հետո, երբ արտագնա աշխատանքի մեկնողները վերջերս բողոքի ցույցեր արեցին՝ դժգոհելով ՊԵԿ-ի պահանջներից՝ ՌԴ-ում աշխատելով եւ եկամտային հարկ վճարելով, ՀՀ-ում եւս պետք է վճարել այդ հարկատեսակի տարբերությունը։
Այսինքն, եթե անձը ռեզիդենտ է ՌԴ-ում (183 օր եղել է ՌԴ-ում), ապա նա վճարում է 13% եկամտահարկ, եւ քանի որ ՀՀ-ում եկամտահարկը ավելի բարձր է, քան այդ 13%-ը, օրինակ՝ 2021 թվականի համար 21% է եղել, այդ 8%-ի չափ տարբերությունը ՀՀ ՊԵԿ-ը հաշվարկել է մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ եւ պարտավորեցնում է վճարել։ Բայց հիմա ՊԵԿ-ը նոր նախագծով այդ պահանջը վերացնում է՝ չի գանձելու եկամտահարկի այդ տարբերությունը։
ՊԵԿ-ի՝ շրջանառության մեջ դրած այս նախագծի վերաբերյալ տնտեսագետ Սուրեն Պարսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ 2016 թվականին, երբ Հարկային օրենսգիրքն ընդունվեց, արդեն հայտնի էր արտագնա աշխատանքի մեկնողների եկամտային հարկի տարբերությունը վճարելու պահանջը, այս իշխանությունները 2018-ից ժամանակ ունեին այդ դրույթները վերանայել։
Կարդացեք նաև
Թե ինչու իշխանությունը չի վերանայել այդ դրույթը, տնտեսագետը կարծում է, որ կանխամտածված չի վերանայել՝ հաշվի առնելով, որ կառավարությունը մոտ ապագայում ունենալու է հարկային եկամուտների բավականին լուրջ ճեղքվածք․ «Այսինքն, 2022-2023 թվականներին օդից ընկած փողերը անհետանալու են ուշ, թե շուտ, եւ նրանք մտածում են բյուջեն լցնելու այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկը արտագնա աշխատանքի մեկնողներին հարկման դաշտ բերելն է»։
Պարսյանը նկատում է՝ ԱՊՀ երկրների միջեւ Աստանայի համաձայնագրով անդամ երկրները պարտավորվել են միմյանց քաղաքացիների հարկային վճարների տվյալներ փոխանակել․ « 2020 թվից փոխանցել են, ուղղակի որոշել են նոր կիրառել։ Այսինքն, իշխանությունը որոշել էր, որ այնքան հանրային վստահություն ունի, որ կարող էր նման կտրուկ քայլի գնալ։ Բայց տեսան, որ կարող է լուրջ սոցիալական ընդվզում լինի, հետքայլ կատարեցին՝ զուտ քաղաքական իրավիճակից ելնելով։ Բայց նրանց օրակարգում այդ դրույթը մնացել է։ Պատահական չէ, որ նրանք 2020-2023 թվականների համար են հանում դրույքաչափը, նրանք կարծում են, որ 2024 թվականին հնարավոր է տարբեր գործընթացներ լինեն ՝ հանրաքվե, խաղաղության պայմանագիր եւ այլն, եւ իրենց պետք է որոշակի սոցիալական աջակցություն։ Պարզ է, նրանք չեն կարող հատկապես արտագնա աշխատողների նկատմամբ կոշտ հարկային վարչարարություն կիրառել։ Ես վստահ եմ՝ եթե այս գործընթացները նրանք հաղթահարեն, հարկելու դրույթը դարձյալ բերելու են օրակարգ»։
Հիշեցնենք, որ օրերս շրջանառության մեջ դրած ՊԵԿ-ի նախագծով սահմանվում է՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանց ստացված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։
Տնտեսագետը կարծում է, որ այս 12 միլիոն դրամ շեմը պատահական չէ, որ հաշվի են առել նախագծում, քանի որ եկամուտների հայտարարագրման այս կարգավորումների դաշտում այդ 12 միլիոնի շեմը եւս կա․ «Մասնավորապես, դրսից տրանսֆերտներ ստացողների եկամուտները հարկվելու են, եթե այն գերազանցի 12 միլիոնի շեմը: Այս դրույթը արտագնա աշխատանքի մեկնողներից են վերցրել, որոնք իրենց հարազատների գումար են ուղարկում»։
Պարսյանը նշում է, որ Ղրղըզստանը, որը ԵԱՏՄ անդամ երկիր է, մեծ թվով աշխատանքային միգրանտներ ունի, օրինակ՝ ՌԴ-ում եւ այլ երկրներում, հարկման նման դրույթ չի կիրառում։
ՊԵԿ-ի նախագծով եկամտային հարկի տարբերության գանձումը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց։
Այս դրույթի վերաբերյալ էլ Պարսյանն ասաց՝ սա վերաբերում է օրինակ ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցողներին կամ բեռնափոխադրում իրականացնող անձանց․ «Կան մարդիկ, որոնք Հայաստանում նստած իրականացնում են այդ ծառայությունները եւ հարկ չեն վճարում ՀՀ-ում։ Այսինքն, այդ անձանց նկատմամբ հարկ է կիրառվելու, եթե այլ երկրում եկամտային հարկ ես վճարել ՀՀ-ի դրույքաչափից պակաս, տարբերությունը մեր երկրում պետք է վճարեն՝ այն դեպքում, երբ կրկնակի հարկումը բացառող պայմանագիր կա տվյալ երկրի հետ։ Բայց օրինակ ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր չունենք։ Կստացվի, որ այդ քաղաքացին վճարելու է եւ ՀՀ-ում եւ այլ երկրում։
Բայց մենք պետք է քաղաքականություն մշակենք եւ հասկանանք՝ ո՞րն է մեզ համար առաջնային՝ այս մարդկանց Հայաստանում պահե՞լը, որ ՀՀ գումար բերեն, թե՞ օրինակ այդ 20%-ը հարկելը։ Ակնհայտ է, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ՀՀ-ում մնան ՏՏ ոլորտի աշխատողները, մեր բնակչությունը։ Բայց եթե մի հատ այլ երկրում պիտի վճարի հարկ, մի հատ ՀՀ-ում, կմեկնի ասենք ԱՄՆ, այնտեղ կապրի, այնտեղ էլ հարկ կվճարի։ Հասկանալի է, որ բյուջեն լցնելը ժողովրդագրական, անվտանգային եւ այլ խնդիրներ լուծելու համար է, բայց եթե դրա հաշվին արտագաղթն է մեծանալու, այն էլ ՏՏ ոլորտից, ապա այդ հարկումը տեղին չէ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ