Մաքսային Միության 2023թ. օգոստոսի 29-ի N 84 որոշմամբ՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների» 029/2012 տեխնիկական կանոնակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ անվտանգության պահանջների 5 բաժիններում և դրանց 29 հավելվածներում: Դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից՝ 2024թ. փետրվարի 27-ից:
Ըստ այդմ՝ ընդլայնվել է սննդային բուրավետիչների արտադրության համար նախատեսված նյութերի ցանկը, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվել են հիմնական նյութի քանակը, կիրառման շրջանակը և սննդամթերքում թույլատրելի առավելագույն մակարդակը։
Ֆերմենտային պատրաստուկների ցանկն ընդլայնվել է՝ 56-ից դառնալով 331 (օգտագործվում են բանջարեղենի և մրգերի վերամշակման, կաթնամթերքի, մսի, ձկան, ալկոհոլային արտադրանքի, հացաբուլկեղենի, հացահատիկային ապրանքների, սուրճի, թեյի և մի շարք այլ ապրանքների արտադրության ժամանակ)։
Թույլատրելի սննդային հավելումների ցանկը 362-ից կրճատվել է 349:
Փաստաթուղթն ընդունվել է՝ հաշվի առնելով միջազգային և եվրոպական օրենսդրության, այդ թվում՝ Codex Alimentarius-ի փոփոխությունները, ինչպես նաև Միության առևտրային գործընկեր երկրների կարգավորող պահանջները։
Այս փոփոխությունները հնարավորություն են տալու նոր տեխնոլոգիաներ կիրառել սննդամթերքի արտադրության ժամանակ, ինչպես առավել հեշտացնելու են նույնականացման ընթացակարգերը։
Փոփոխությունների համար նախատեսվել է 36 ամիս անցումային շրջան, որի ընթացքում կհամապատասխանեցվեն մինչև այդ տրված գնահատման փաստաթղթերը։
Նորահայտ սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի պետական գրանցման վկայականները, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև որոշման ընդունումը, վավեր են անժամկետ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին