Պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, ըստ որի արտագնա աշխատողների եկամտային հարկ վճարելու պարտավորությունը վերացվում է 2020-2023 թվականների հաշվետու տարիների համար։
Հիշեցնենք, որ վերջերս մեծ աղմուկ ու դժգոհություն առաջացավ արտագնա աշխատողների շրջանում, երբ ՀՀ ՊԵԿ-ը նրանց ծանուցեց, որ ՌԴ-ում աշխատելով եւ այնտեղ եկամտահարկ վճարելով, տարբերությունը՝ ՀՀ-ում եկամտահարկի պետք է վճարվի ՀՀ-ում։
Այսինքն, ԱՊՀ երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով սահմանվում է՝ եթե անձը հանդիսանում է ռեզիդենտ ՌԴ-ում, ապա նա վճարում է 13% եկամտահարկ, իսկ եթե ոչ ռեզիդենտ է, այսինքն` 183 օրից պակաս է եղել ՌԴ-ում, վճարում է 30% եկամտահարկ, իսկ քանի որ ՀՀ-ում եկամտահարկը ավելի բարձր է, քան այդ 13%-ը, 2021 թվականի համար 21% է եղել, այդ 8%-ի չափ տարբերությունը ՀՀ ՊԵԿ-ը հաշվարկել է մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ եւ պարտավորեցրել վճարել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում անդրադարձել էր այս խնդրին, նշելով՝ բոլորը պետք է հարկերը վճարեն։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ կառավարության նիստում նշել էր, որ նախագիծ է մշակվում, արտագնա աշխատողների նկատմամբ մեղմ վարչարարություն կսահմանեն։
Կարդացեք նաև
Այսօր ԱԺ-ում Բադասյանը կրկին անդրադարձել է այս խնդրին, նա լրագրողների հետ զրույցում ասել է՝ «Արտագնա աշխատանքի մեկնողների մասով e-draft.am-ում տեղադրված է փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունը հարկ վճարվել է, Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու:
ՊԵԿ-ի՝ e-draft․am-ում շրջանառության դրած նախագծով առաջարկվում է՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանց ստացված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։ Ընդ որում, այս պայմանը կիրառվելու է միայն 2020-2023 թվականների համար։
Նույն նախագծով նաեւ սահմանվում է՝ օրենքը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց։
Օրենքը չի տարածվի նաեւ այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր աշխատանքային կամ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում եկամուտները ստացել են Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ