Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր հարցը, որը քննարկվեց, վաղեմության ժամկետի հարցն էր»․ Հայկ Ալումյանը՝ Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Անժելա Թովմասյանի գործով դատական նիստի մասին

Փետրվար 27,2024 19:01

«Սա երկրորդ նիստն էր, բայց առաջին նիստն էր, որով մենք տեղեկացված էինք և որին մասնակցում էինք։ Գլխավոր հարցը, որը պետք է քննարկվեր և քննարկվեց, վաղեմության ժամկետի հարցն էր»,- ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի» քաղաքացիական գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր, hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է ավելի քան 3,5 միլիոն դրամ:

Փաստաբանը հայտնեց՝ հրապարակումը, որից Ալեն Սիմոնյանը վիրավորվել է, եղել է սեպտեմբերի 19-ին, իսկ հայցը ներկայացվել է հոկտեմբերի 26-ին․ մեկամսյա ժամկետը բաց է թողված նման գործերով իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար․ «Սրա շուրջ էր իրավական վեճը։

Մեր միջնորդությունը նա էր, որ վաղեմություն կիրառվի։ Որպես հակափաստարկ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանն այդ հրապարակման մասին շատ ավելի ուշ է իմացել իր օգնականից, դրա համար մեկամսյա ժամկետը պետք է հաշվել ոչ թե հրապարակման պահից, այլ այն պահից, երբ իր օգնականն այդ մասին հայտնել է։ Եթե այսպես մեկնաբանենք օրենքը և եթե այսպես կարողանանք վաղեմությունը շրջանցել, ապա այս գործը կդառնա նախադեպ, և ցանկացած գործով կարելի է այս նույն ձևով շրջանցել վաղեմության մեկամսյա ժամկետը։ Մենք կանխատեսում ենք, որ այս դեպքում Ալեն Սիմոնյանը միջնորդություն է ներկայացնելու՝ այդ օգնականին, որն ըստ իրենց ասելու՝ Ալեն Սիմոնյանին հայտնել է, որ նման հրապարակում կա, այդ օգնականին, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են որպես վկա հրավիրել։ Մենք այդպես ենք կանխատեսում նրանց հետագա գործողությունները։ Ես խորհուրդ չէի տա հանկարծ փորձել դատարան գալ ու ակնհայտ սուտ ցուցմունքներ տալ, ուղղակի նախապես կուզեմ իրենց ասել՝ եթե հանկարծ իրենց մտքով անցել է, որ ինչ-որ մեկը կգա, նման ցուցմունք կտա, և հետո պարզվի, որ այդ ցուցմունքը սուտ է եղել, նախապես ասեմ՝ մենք դրան ընթացք ենք տալու օրենքով նախատեսված ծայրահեղ ձևերով»։

Գնահատելով կատարվածը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ այստեղ կա երկու կողմ․ «Նախ այդ «պոռնիկ» բառը, որն Ալեն Սիմոնյանը համարում է՝ իր նկատմամբ կիրառվել է, այդ ու այդպիսի բառեր բնորոշ չէին մեր մեդիադաշտին մինչև 2018-ը։ Հազվադեպ կարող է նման արտահայտություններ լինեին, որոնք շատ քիչ հավանողներ կարող էին ունենալ, մարդիկ այդ կարգի արտահայտությունները համացանցում ուղղակի չէին ընդունում, դա հասարակության համար խորթ դրսևորում էր։ 2018-ին կեղտոտ արտահայտությունները համացանցը սփռելը դարձավ մի ձև մեդիադաշտը ոչ ցանկալի կարծիքներից, մեկնաբանություններից մաքրելու։ Եթե հիշում եք՝ ցանկացած մարդ, որը փոքր-ինչ կասկածի տակ էր դնում 2018-ին հրապարակ եկած կարծիքները, արժեքները կեղտոտ հայտարարություններով տարբեր մարդիկ մեկնաբանություններ էին անում այդ մարդու հասցեին, որից հետո չէր էլ ուզում իր կարծիքը համացանցում գրել։

Իմ գործերով մեկ-երկուսով, երբ հօգուտ իմ պաշտպանյալի մեկնաբանություն էի անում, որը հակառակ էր գերիշխող կարծիքի, համացանցում հայհոյանքներ էին հնչում իմ հասցեին, կեղտոտ հայհոյանքների, փնթի արտահայտման ձևի մշակույթը 2018-ից մտավ մեր համացանց։ 2019-ին հրապարակայնորեն ասել եմ, որ դուք սա հիմա անում եք, վաղը ձեզ են այս բառերն ասելու»։

Հայկ Ալումյանը, փաստելով, որ Ալեն Սիմոնյանը երեք միլիոն դրամի պահանջ է ներկայացրել, նշեց․ «Այս նույն արտահայտության համար դատական պրակտիկայում, եթե նման բառ են ասում իրար հասցեին, նույն մակարդակի վիրավորական արտահայտություն են անում, դատարանները 100 հազարի շուրջ են գնահատում բարոյական վնասը և այդքան էլ հատուցում են։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից ուղղակի բխում է, որ ինչքան հրապարակային անձը մեծ ճանաչում ու ազդեցություն ունի, այնքան իր հասցեին ավելի շատ է թույլատրվում նման արտահայտություններ, և այնքան ինքն ավելի հանդուրժող պիտի լինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829