Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական իշխանության պահպանման ծախսերն օր օրի ավելանում են՝ պարգեւատրումից մինչեւ ճոխություններ, պադավատներ, քարտուղարուհիներ»

Փետրվար 27,2024 18:45

«Աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը, որոնք հետեւանք են տնտեսական անվտանգության անընդհատ ավելացող ռիսկերի եւ հետեւանքների։ Պլյուս դրան, նաեւ պետական իշխանության պահպանման ծախսերն են օր օրի ավելանում՝ պարգեւատրումից մինչեւ ճոխություններ, «պադավատներ», քարտուղարուհիներ եւ այլն։ Եվ այս պատճառով էլ իշխանությունն արդեն համատարած նախաձեռնել է հարկ քերթելու եւ հարկային տեռորի բացահայտ քաղաքականություն»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Ըստ նրա՝ հերթը հասել է արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին։ Ըստ նրա՝ այստեղ մանիպուլյացիաներ պետք չէ անել, որեւէ մեկը չի ասում,որ հարկ չպետք է վճարել։ «Մենք ասում ենք, որ հարկը պետք է վճարել օրենքով, եւ հարկ վճարելը չպետք է դառնա կեղեքում եւ հարկային տեռոր»,- ասաց նա։

«ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, ըստ որի՝ փոխադարձության սկզբունքով մեկ երկրում վճարված եկամտահարկը, շեշտում եմ, եկամտահարկը, պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուս երկրում եկամտահարկի հաշվարկից։ Այսինքն՝ լրացուցիչ եկամտահարկ կարող է առաջանալ, եթե աշխատուժը տվող երկրի,այս դեպքում՝ Հայաստանի համարժեք եկամտահարկի դրույքաչափը բարձր է աշխատուժ ընդունող երկրից։ 2013 թվականին կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ ՀՀ-ում միացվեցին եկամտահարկը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները։ Ձևավորվեց միասնական նոր հարկատեսակ՝ եկամտային հարկ անվամբ։ Սա այլեւս նույնական չէ ՌԴ-ում գործող եկամտահարկի հետ, քանի որ վերջինս չի ներառում պարտադիր սոցիալական ապահովության վճարները»,- հայտարարեց Թադեւոս Ավետիսյանը։

Այսինքն, նրան խոսքով, արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացին ՌԴ-ում վճարում է եկամտահարկ 13 տոկոս դրույքաչափով եւ դրան գումարած՝ այդ երկրում օրենքով սահմանված սոցիալական վճարները, որը հանրագումարով պակաս չէ, քան մեր երկրում գործող 21 տոկոս դրույքաչափը։

«ՀՀ իշխանությունները, անտեսելով սոցիալական վճարներ վճարած լինելու հանգամանքը, կրկնակի հարկում են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կիրառելով ՀՀ եկամտային հարկի 21 տոկոս ոչ համարժեք դրույքաչափը, որը փաստորեն բարձր է ՌԴ-ում գործող եկամտահարկի 13 տոկոսից, քանի որ ներառում է նաեւ նախկին՝ սոցիալական ապահովության պարտադիր վճարները։ Ի դեպ, մինչև հարկային այս փոփոխությունը, ՌԴ-ի հետ համարժեք գործող ՀՀ եկամտահարկի նվազագույն դրույքաչափը կազմել է 10 տոկոս, իսկ միջին դրույքաչափը գրեթե նույնական է եղել ՌԴ-ում գործող եկամտահարկի դրույքաչափին։ Եկամտահարկի համարժեքության ապահովման այս խնդիրը պետք է օր առաջ լուծվի՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով, շանտաժի ենթարկելով կամ նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելով։ Պետք է արդարացիորեն բացառվի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կրկնակի հարկման անօրինական պահանջը, ինչը նաեւ միջազգային մեր պարտավորությունն է»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց․ «Ի՞նչ օրենքի մասին էիք դուք խոսում, որտեղի՞ց էիք բերել, ուզում եմ հասկանալ։ Խոսում եք մանիպուլյացիաների մասին, ո՞վ է քարտուղարուհի ավելացրել, պարգեւավճարներից դուք անձամբ չեք ստացե՞լ։ Կամ ասում եք՝ պետք է արվի օրենքով, մենք ռեկե՞տ էինք որոշել անել, ինչի՞ մասին եք խոսում։ Ձեր ամբողջ ելույթը մանիպուլյացիա էր, մեր հարգելի հայրենակիցներն էլ անգրագետ մարդիկ են ու չեն հասկանո՞ւմ ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829