ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ կան տեղեկություններ, որ Հայաստանից արտագաղթն ահռելի ծավալներով է։
«Իսկ ի՞նչ եք ուզում անի այն ժողովուրդը, որն առավոտյան արթնանալով, Ազգային ժողովից, կառավարությունից անընդհատ ուզում է մի լուր լսել, կառավարությունից անընդհատ ասում են՝ էսկալացիայի վտանգ կա։ Մի ընդդիմադիր գործիչ ասում է՝ վաղը չէ մյուս օրը պատերազմն սկսվելու է, մյուսը կոնկրետ ժամ է ասում, մյուսն ասում է՝ Հայաստանը կործանվել է արդեն։ Ես գիտեմ, որ նորից ինձանից նեղանալու են, ասեն՝ ինչո՞ւ լավ չես ներկայացնում, որ երկրի վիճակը վատ է։ Ընկերներ, ներկայացնելու կարիք չկա, առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր երկրին վիճակը շատ վատ է, բայց ես բոլորիդ խնդում եմ՝ ինչպիսի գույներով ներկայացնեք վաղվա օրը, մի անիծեք Հայաստանը։ Մեր երեխեքը չեն զոհվել, որ անդադար անեծքի արժանանա այս երկիրը՝ կործանման մասին կանխատեսումներով։ Կանխատեսեք ՔՊ-ի կործանումը, այս կամ այն կուսակցության կործանումը, բայց ոչ Հայաստանի կործանումը»,- ասաց նա։
Գեղամ Նազարյանն իր ելույթում նաեւ նշեց, որ Հայաստանն այնքան է պատված չար մտքով, որ այսօր մոռացվեց, որ 36 տարի առաջ Սումագայիթում տեղի ունեցան սարսափելի իրադարձություններ՝ հայերի ջարդեր։ «Սովետական Սումգայիթ քաղաքում սովետական միլիցիայի ուղեկցությամբ հայ մարդը սպանվում էր։ Հետո միասնական դատավարություն չեղավ, գործը բաժանվեց 80 առանձին մասերի, եւ մեղադրյալներից մեկն էլ հետո դարձավ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր։ Այսօր Հայաստանի թշնամին ոչ թե Ադրբեջանն է, ոչ թե Թուրքիան է կամ մեկ այլ երկիր, այլ մենք ենք, այնքան չարություն ենք բերել մեր երկիր»,- ասաց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ «Մեր սխալն ուղղենք, ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք Սումագայիթի ջարդերի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ