Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչե՞ր են խոսում, ի՞նչ հյուրանոց»․ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը չի փակվելու

Փետրվար 27,2024 18:16

Գյումրու սրտում՝ Աբովյան ճեմափողոցում գտնվող միակ կինոթատրոնը՝ «Հոկտեմբերը» չի փակվելու, այն շարունակելու է գործել, միայն թե մարտի 1-ից ժամանակավորապես դադարեցնելու է գործունեությունը, քանի որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կինոթատրոնի տնօրեն Ներսես Մարգարյանը։

Մի քանի օր է՝ Գյումրիում ակտիվ քննարկման ու մտահոգության թեմա էին դարձել շրջանառվող լուրերը, թե մշակութային քաղաքի միակ կինոթատրոնը դադարեցնում է իր գործունեությունը։

Բնակիչներից ոմանք Aravot.am-ին նույնիսկ փոխանցել էին, թե մի շաբաթ առաջ կինոֆիլմ դիտողներին ասել են՝ սա վերջին ֆիլմն է։ Դրանից հետո միանգամից տեղեկություններ տարածվեցին, թե կինոթատրոնը վերածում են ռեստորանի կամ հյուրանոցի։

Սակայն այս տեղեկությունները հերքեց ինչպես Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, այնպես էլ «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրինությունը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետն ասաց․ «Մենք որևէ դիմում չենք ստացել ո՛չ ռեստորանի, ո՛չ էլ հյուրանոցի վերածելու, առաջին անգամ եմ լսում։ Մեր կողմից ոչ մի թույլտվություն չի տրվել։ Տեղյակ եմ, որ վերանորոգման աշխատանքներ են ընթանալու»։

«Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Ներսես Մարգարյանն էլ, լսելով Գյումրիում տարածված լուրերն, ասաց․ «Ինչե՞ր են խոսում, ի՞նչ հյուրանոց, ի՞նչ ռեստորան, մարտի 1-ից վերանորոգման աշխատանքներ ենք սկսելու, կինոթատրոնը հանդես կգա նոր տեսքով՝ շատ գեղեցիկ։

Այն մնում է որպես կինոթատրոն, մենք մտադիր ենք մեկի փոխարեն երկու դահլիճ ունենալ, բացելու ենք երկրորդը։ Այն պատմամշակութային կառույց է, ո՞վ կարող է վերածել սպասարկման օբյեկտի։

Երկար ժամանակ չի վերանորոգվել, հիմա շատ գեղեցիկ վերանորոգում ենք իրականացնելու, ամեն ինչ կլինի օրենքի տառին համապատասխան։ Այս կինոթատրոնը Գյումրու խորհրդանիշերից է, ինչպե՞ս կարող է փակվել»։

Թե երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները, Ներսես Մարգարյանն ասաց. «Այս պահին դժվարանում եմ պատասխանել»։

1926 թվականին կառուցված այս կինոթատրոնը գյումրեցիների ամենասիրած ժամադրավայրերից է եղել։ Այն Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության պատվին անվանակոչվել է «Հոկտեմբեր»։

Այն ժամանակին Գյումրիում գործող չորս կինոթատրոններից մեկն էր, իսկ այսօր՝ միակը։

Հեղինակը Լենինականի առաջին գլխավոր ճարտարապետ Ղազարոս Սարգսյանն է, որը ծնվել է Արցախի Շուշի քաղաքում, կրթվել Սանկտ-Պետերբուրգում, որից հետո բնակություն է հաստատել Թբիլիսում։

Նա Գյումրի էր հրավիրվել Թբիլիսից, հայտնի էր պալատական առանձնատների, հանրային ու արդյունաբերական նշանակության շինությունների կատարած իր նախագծերով։

Հիշեցնենք նաև, որ յուրօրինակ ճարտարապետություն ունեցող այս կառույցը նոր սեփականատերեր ունի, այն «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունից գնել են գործարարներ Արման Սահակյանն ու շվեյցարահայ Վարդան Սրմաքեշը։

Նշենք նաև, որ այս կինոթատրոնի շենքի վաճառքի հետ կապված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ կա հարուցված․ այն 2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր ), ավագանու որոշմամբ վաճառվել է ընդամենը 25.000.000 դրամով, երբ դրա կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203.918.820 ՀՀ դրամ:

Գնորդը եղել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ն։

Քրեական վարույթը պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829