ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Հիմա ի՞նչ է կատարվում մեր երկրում: Առավոտյան արթնանում ես ու պարզում, որ քո երկիրը սառեցրել է իր հարաբերությունները այն ռազմաքաղաքական դաշինքի հետ, որտեղ գտնվել կամ գտնվում ես: Ուզում ես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, մեկ էլ տեսնում ես՝ ՀԱՊԿ-ն արձագանքում է, որ նման դիմում չի ստացվել: ՌԴ պաշտոնյաներից մեկը խոսում է այն մասին, որ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց դեռ նորություն չունեն։ Իսկ ՀՀ իշխանությունը ներկայացնող անձինք կամ իրավասու կառույցները որևէ կերպ չեն պարզաբանում իրավիճակը: Այստեղ խնդիրն ամենևին դեռ այն չէ, թե ով և ինչքանով է իր պարտականությունները կատարում կամ չի կատարում, ով որտեղ ինչ պատասխանատվություն ունի և ինչի հետևանքով է ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի հետ հարաբերությունները մոտենում զրոյականին: Ասածս զուտ հարաբերությունների այն նշաձողի մասին է, որն այսօր առկա է մի երկրի հետ, որն այս տարածաշրջանում և, ոչ միայն, մեծ դերակատար է և նրա հետ հարաբերությունները փչացնելը կամ գետնին հավասարեցնելը, անշուշտ, չի բխում հայության հավաքական շահերից»։
Ըստ Աբրահամյանի՝ նույնը վերաբերվում է Ֆրանսիայից կամ Հնդկաստանից մատակարարվող սպառազինությանը կամ ռազմական տեխնիկային: «Տպավորություն ունեմ, որ հատուկ ընտրված անձինք ամեն ինչ անում են՝ Հայաստանի համար կարևոր ռազմական գնումների թեման տանելու աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ: Եթե նույն այս գնումները լիներ մեկ այլ՝ կանխատեսելի իշխանությունների պարագայում, և թեման սուր ընկալող սուբյեկտների հետ ճիշտ ու անկեղծ հարաբերություններ լինեին, ապա թեման այս ծավալի շահարկումների չէր ենթարկվի: Պարզ ասած, բոլորը կընկալեին, որ ադրբեջանական սպառնալիքներին և ուժի կիրառման շանտաժին դիմակայելու համար Հայաստանը որտեղից հասցնում՝ զենք-զինամթերք է գնում, և դա ուղղված է ոչ թե բարեկամ կամ դաշնակից երկրի տարածաշրջանային շահերի դեմ, այլ սեփական պաշտպանողականությունն ուժեղացնելու և ամրապնդելու համար է: Հայաստանն ընկավ, որովհետև երկրի ղեկը ստանձնեցին արկածախնդիրներ, ովքեր սեփական շահն ու իշխանությունն ամեն ինչից վեր են համարում, մարդիկ, ովքեր ինքնիշխանության անվան տակ ում թրի տակով ասես չանցան, ում ասես չերկրպագեցին, իսկ գինը՝ տանուլ տված հայրենիքն է»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ