Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի բլոգերը ղափաման պատրաստել է Սյունիք-Արցախյան տարազով. ադրբեջանցիները ագրեսիվ գրառումներ են արել

Փետրվար 27,2024 16:46

25-ամյա հայտնի ֆուդ-բլոգեր եւ շեֆ խոհարար Աբիր Էլ Սաղիրը, որն արաբական աշխարհում ամենաշատ հետևորդներ ունեցող ինֆլյուենսերներից է, Tik Tok-ում ունի ավելի քան 22 միլիոն հետեւորդ՝ 500 միլիոն դիտումներով, Ինստագրամում էլ՝ շուրջ 7 միլիոն, յուրօրինակ ձեւով ներկայացնում է իր խոհարարական տաղանդը՝ պատրաստելով տարբեր ազգերի ուտեստներ: Դրանք նա ցուցադրում է տվյալ երկրի դրոշով, ազգային տարազով, երգ-երաժշտությամբ: Տեղական ԶԼՄ-ները Աբիրին որակել են արեւելյան Դիսնեյի գեղեցկուհի: Աբիրը նաեւ բարեգործությամբ է զբաղվում:

Հայկական ղափաման պատրաստելիս եւ ներկայացնելիս Աբիրը կրում է հայկական տարազ, որը պատվիրել է Հայաստանից՝ DU dwell urban ընկերության առցանց խանութից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց հագուստը արտադրող ընկերության հիմնադիր Գոհար Ասատրյանը, իրենք հայկական զարդանախշերն օգտագործում են ժամանակակից հագուստի մեջ, որպեսզի ազգայինը ավելի հասանելի լինեն հանրությանը:

«Ինքն (Աբիր Էլ Սաղիրը-Գ.Հ.) է գտել ինձ ու հագուստը պատվիրել, եւ չեմ էլ իմացել, որ հայտնի բլոգեր է, քանի որ երբեք չենք փորփրում հաճախորդների, պատվիրատուների կենսագրությունը: Մոտեցումը եղել է նույն կերպ, ինչպես բոլորի դեպքում, եթե, օրինակ, ո՛չ բլոգեր պատվիրեր: Բարեխղճորեն աշխատել ենք ու պատահաբար ֆեյսբուքից ենք տեղեկացել, որ ինքը հայտնի մարդ է: Պատկերացրեք, որ որեւէ չափս չենք վերցրել, որեւէ այլ զրույց չի եղել, ինքը փոխանցումը կատարել է, ու գրել է, որ XS չափսի տարազ է պատվիրում: Դուք տեսաք, թե ինչ գեղեցիկ էր կրում հայկական ազգային տարազը: Շատ դրական հույզեր ունեցանք: Ամեն դեպքում պարտավորեցնող է, որ հագուստը, ազգային տարազը հայտնի մարդ է կրում ու ներկայացվում է աշխարհով մեկ»,-ասաց Գոհար Ասատրյանը։

Մեր զրուցակիցը հավելեց, որ տարազը Սյունիք-Արցախյան է, զարդանախշերը արցախյան գորգանախշից են՝ խաչկար ասեղնագործությամբ. «Դա շատ հաջողված հեղինակային աշխատանք է, որ մինչեւ Աբիրն էլ մեծ հետաքրքրություն էր առաջացրել»:

Նշենք, որ Աբիր Էլ Սաղիրի տեսանյութի տակ բազմաթիվ ադրբեջանցիներ ագրեսիվ, վիրավորական գրառումներ են արել հայերի հասցեին, նաեւ գրել, որ ղափաման ադրբեջանական ուտեստ է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829