Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր դժգոհությունները, մեր քաղաքացիների դիտարկումները հաշվի ենք առել». «Խոպանչիների» մասին նոր նախագիծ են բերել

Փետրվար 27,2024 16:01

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մեխանիզմն ինչպե՞ս է գործելու. այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից: Նա պատասխանեց. «Արտագնա աշխատանքի մեկնողների մասով e-draft.am-ում տեղադրված է փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունը հարկ վճարվել է, Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու: Նախագիծը հանրային քննարկման փուլում է: Օբյեկտիվ բոլոր դժգոհությունները, մեր քաղաքացիների դիտարկումները հաշվի ենք առել»:

Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հորդորել էր հարկ չվճարելու դեպքում պատասխանատվության ենթարկել արտերկրում փող աշխատածներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին. «Ասում են՝ Լոս-Անջելեսում գնացել, համերգ ենք տվել։ Բա որտեղի՞ց եք մեկնել Լոս-Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել։ Դե ուրեմն, Հայաստանում հարկ վճարած քաղաքացիների հաշվին կառուցած ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի ճանապարհներով գնացեք, հնձեք այդ եղեգները, ու տենց գնացեք, հասեք օդանավակայան»:

Բադասյանն ասաց, որ պատկերավոր օրինակ է բերել վարչապետը, ինքն էլ կիսում է. «Հարկը մենք չենք տալիս անվերադարձ, հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, ապահովվածություն: Ի՞նչ է տեղի ունենում, երբ որ ձեր տնից գողություն են կատարում: Ո՞վ է զբաղվում գողությամբ»:

Բադասյանն ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնողներին զուտ ծանուցել են իրենք, որեւէ կոշտ վարչարարություն չեն արել. «Ակնկալում էինք քաղաքացիների կարծիքը այդ մասին»:

Բադասյանն ասաց, որ դպրոցներից, մանկապարտեզներից պետք է խրախուսվի հարկ վճարելը, այդ մշակույթը սերմանվի. «Երկրներ կան որտեղ հարկ չվճարելը ամենամեծ խայտառակությունն է համարվում եւ այդ բոլոր երկրները հաջողել են, որեւէ մեկը ձախողման պատմություն չունի»:

Ըստ Բադասյանի, եթե մարդը խոսում է հայրենասիրության մասին բաժակաճառով, արցունքները աչքերին, բայց չի կատարում իր հարկային պարտականությունները, որպես քաղաքացի, չի կարող համարվել հայրենասեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829