Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեմ չեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն». Ալեն Սիմոնյան

Փետրվար 27,2024 15:44

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2017-ին, լինելով Պետրոս Ղազարյանի հյուրը, քննադատում էր օրվա իշխանություններին՝ փոխզիջումների համար: Նա ասում էր. «Փոխզիջում բառն ընդհանրապես մեր քաղաքական լեքսիկոնում չպիտի լինի: Երբ մենք այդ բանն անում ենք, մենք հարվածի տակ ենք դնում Արցախն ու Արցախի ժողովրդին: Ինքն ասում ա՝ ես քեզ սպանելու եմ, մենք պատերազմը հաղթել ենք, մենք ասում ենք՝ հողերը հետ տանք: Էդ հռետորաբանությունը, «քաղաքական ապրանքը», որ ուզում են մեր հանրությանը վաճառել, չեն կարողանալու վաճառել»:

Այսօր լրագրողները Ալեն Սիմոնյանին հիշեցրին իր խոսքը ու հարցրեցին՝ դրանից հետո դուք Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ այն ժամանակ չէիք ճանաչում ու այն ժամանակ Ալմա Աթայի հռչակագիրը չէիք մեջբերում: Նա պատասխանեց. «Իսկ չե՞ք նկատել, որ 2017-ից շատ բան է փոխվել: Ձեզ թվում է՝ եթե մարդը այս աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված բան է ասում, դա մեկընդմիշտ եւ հավե՞րժ է: Մեր հայրերը ու մայրերը ապրել են Սովետական միությունում ու մշտապես մտածել են, որ Սովետմիությունը հավերժ է»:

Հետո Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հարցն ուղղող լրագրողին. «Դու 2017-ից էս կողմ 6 տարբեր լրատվամիջոց ես փոխել՝ տարբեր քաղաքական դիրքորոշմամբ: Հիմա Վանեցյան Արթուրի լրատվամիջոցում ես»: Հարցին՝ ձեր ընկեր Վանեցյան Արթուրի՞ն նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Նախկին ընկեր»:

Հարցին՝ ձեր օրակարգում կա՞ արտահերթ ընտրությունների հարց՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նոր ընտրությունները անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է: Նման հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Դա պատասխանատու դիրքորոշում է ու անթույլատրելի է: Մենք վերցրել ենք պատասխանատվություն ու մինչեւ վերջ կտանենք: Մենք առաքելություն ունենք, դա ՀՀ-ին խաղաղություն բերելն է»:

Թուրքիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի, ուրիշ շանս չունի: Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես դեմ չեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն: Եթե այլ տարբերակ կա որեւիցե մեկը առաջարկում է, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել էդ տարբերակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829