Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ կլինի ռուս սահմանապահները «Զվարթնոցից» դուրս գան… մի օր էլ ինձ ու ձեզ կգան «Զվարթնոցից» ուղեկցեն դուրս». Ալեն Սիմոնյան

Փետրվար 27,2024 15:05

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հայաստան այցի հետ կապված ասաց, որ նման բան գոյություն չունի, բայց եթե լինի, դա կլինի տարածաշրջանային այց, ոչ թե Զելենսկին միայն կգա ՀՀ:

Վարչապետ Փաշինյանը, չնայած ՀԱՊԿ կանոնադրությամբ սառեցում նախատեսված չէ, բայց հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը սառեցված է: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն ասաց. «Վարչապետն արձանագրել է, որ փաստացի մեր չմասնակցությունը իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ: ՀՀ-ն մեկ հարց է տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, դուք ՀՀ սահմանները ճանաչո՞ւմ եք, ՀՀ-ն ո՞ր սահմանով է անդամագրվել ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ-ն ինքնին իրեն անջատել է եւ չի աշխատում»:

Նա հորդորեց վստահել ՔՊ-ի քաղաքական դիրքորոշմանը. «Շատ բաներ չեմ կարող ասել, բայց ՀՀ քաղաքացու վրդովմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ»:

Թե ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, ըստ ԱԺ նախագահի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ապահովելն է՝ ամբողջը մի զամբյուղի մեջ չդնելով. «Երբ որ մենք վստահ էինք, որ անհնար է մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, թույլ տա դա քաղաքական մակարդակով, պարզվեց, որ դա թույլ տվեց, հետո մեզ էր մեղադրում՝ ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր քայլերի պատճառով է: Միգուցե իրենց երկրում դա հնարավոր է, որովհետեւ 11 ժամային գոտի կա, բայց Հայաստանում բոլորը գիտեն, թե երբ դա տեղի ունեցավ, որ քայլից հետո ինչ տեղի ունեցավ, ուստի այդ փորձը չստացվեց ու դա հակառուսական ալիք բարձրացրեց ՀՀ-ում: Այն աստիճանի, որ նույնիսկ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրներն արդեն իրենց թույլ չէին տալիս խոսել դրա մասին: Դա հո մե՞նք չարեցինք: Իրենց գործողությունները, այն սուտը, որ հեռուստաէկրաններից լցնում էին»:

Հարցին՝ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս գալու հարցը քննարկվո՞ւմ է հիմա՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան: Դա իմ անձնական կարծիքն է: Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, բայց ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք: Ապացուցվեց մի քանի անգամ, որ չպաշտպանեցին, հլը չեմ ասում, որ հաճախ նաեւ ձեւ արեցին, ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն: Եկան Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ արեցին, եկան ԼՂ, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, հա՞: Հետո իրադարձությունների ավարտից 2-3 ժամ հետո 5 հոգի մարդ մահացան ռուս խաղաղապահներից, ասեցին՝ տեսա՞ք մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան: 5 ժամ հետո: Եկան, ուղեկցեցին հայերին դուրս, է՞դ էր պաշտպանությունը, մի օր էլ ինձ ու ձեզ գան «Զվարթնոցից» ուղեկցեն դուրս»:

Հարցին՝ ասում եք՝ ռուսը չի պաշտպանում, բայց վարչապետն էլ ասեց՝ Սեւ լճի 30 տոկոսի համար ինչի՞ կռիվ անենք, կադաստրի վկայական եք փնտրում, դուք ճանաչո՞ւմ եք ՀՀ սահմանները՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այո, մետր առ մետր կարող ենք ցույց տալ ՀՀ սահմանը եւ դրա հիմքը կազմում է Ալմա Աթայի հռչակագիրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829