«Այս ամենը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիները չեն համախմբվել՝ չնայելով քաղաքական գործիչ, լրագրող, քաղաքացի տարբերությանը, չնայելով անձնական այն տարակուսանքին այն տարակարծությանը, որ մենք ունենք երբեմն»,- հարցին՝ այս ամենը դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի» քաղաքացիական գործի քննությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Նա նշեց, թե իրենք՝ ՀՀԿ-ականները կանգնում են անգամ այն մարդկանց կողքին, որոնց հետ ունեն ներքին անհամաձայնություն, բայց ունեն համաձայնություն, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա․ «Կոչ ենք անում բոլոր շրջանակներին չնայել անձնական շահին, հավակնություններին, այլ նայել պետական շահին, որն առաջնային է մեզ համար, քանի որ մենք կանգնած ենք պետության կորստի առաջ։ Պետք է քայլեր ձեռնարկել, որ ՀՀ-ն չարժանանա Արցախի ճակատագրին։ Մենք վեց տարի շարունակ ասում էինք, թե ինչ է լինելու Արցախի հետ, մենք առաջին օրվանից փողոցում պայքարում էինք, որ այդպես չլինի, մենք պայքարել ենք, պայքարում ենք, որ ՀՀ-ն չունենա Արցախի ճակատագիրը։ Բայց մենք այսօր տեսնում ենք, որ ՀՀ-ն սրընթաց զարգացում է ապրում դեպի կործանում տանող այն ճանապարհին, որը 2018-ից Նիկոլ Փաշինյանը որդեգրել է»։
Հենրիխ Դանիելյանն ահազանգեց՝ ՀՀ-ն այսօր չունի պատշաճ անվտանգություն ապահովելու հնարավորություն․ «ՀՀ-ն դիվանագիտական հարաբերությունների մսխման պատճառով արդյունքում մեր ռազմավարական դաշնակից երկրի հետ դիվանագիտական փոխհրաձգությունը հասել է այն աստիճանի, որ անգամ չէր կարելի պատկերացնել, որ կարող էր Նիկոլ Փաշինյանն այսպես փչացնել ամեն ինչ; Բայց նրա մոտ միշտ ստացվում է։ Այն լավ բաները, հաղթանակները, որ ունեցել ենք, Նիկոլ Փաշինյանի ձեռքով մսխվել են։ Մսխվելու է ՀՀ երրորդ հանրապետությունը, եթե մենք չունենանք միասնականություն։ Վստահ ենք, որ քաղաքացիներ և քաղաքական ուժեր կոնսենսուս լինելու է և լինելու է մի նպատակ՝ կոնսենսուս մինուս մեկ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանի բոլոր դավաճանական և հակահայ իշխանության դիմաց մենք կարողանալու ենք հաղթել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ