Լրագրողն այս օրերին Հայաստանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերին հարց տվեց՝ 2023թ սեպտեմբերի 19-ին կոպտորեն խախտվել են Արցախում ապրող հայերի իրավունքները, Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների պատճառով նրանք բռնի տեղափոխվել են Արցախից, ադրբեջանցի զինվորները Արցախից հեռացող քաղաքացիներին խոշտանգել են, գերեվարել, իսկ ավելի վաղ Ալիեւի ռեժիմը 10 ամիս շարունակ արցախահայերին պահում էր լիակատար շրջափակման մեջ, ներկայումս էլ շարունակվում է Արցախում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, սրանից ավել էլ ի՞նչ պիտի անի Ադրբեջանի նախագահը, որ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ:
«Սրանք, անշուշտ, մտահոգիչ կետեր են, մանավանդ որ խոսում ենք այն պատժամիջոցների մասին, որոնք վերաբերելու են երկարաժամկետ, տեւական հանցագործություններին… Այն փաստերը, որոնք ներկայացրիք, արդարացնել հնարավոր չէ: Մեզ համար օտար ու խորթ է այդ ամենը: Ես մի երկրից եմ, որտեղ անհնար է պատկերացնել մարդու իրավունքների այդպիսի խախտումներ եւ որեւէ էթնիկ խմբի տեղահանում: Այդ պատճառով է, որ մենք տարակուսում ենք, թե ինչպես այս տարածաշրջանում հակամարտող կողմերը շահագրգիռ չեն հասնելու խաղաղության՝ ի շահ մարդկանց բարեկեցության եւ բարօրության»,-ասաց Բունդեսթագի պատգամավորը:
Նրա ձեւակերպմամբ. «Խաղաղության գործընթացների այս փուլում ուզում ենք հանդես գալ որպես ազնիվ գործընկեր, աջակցող կողմ: Կարծում եմ, որ հենց Հայաստանի շահերից է բխում, որ կարողանանք մեր այդ գործառույթով նպաստել խաղաղության գործընթացի հանգուցալուծմանը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ