Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի պատվիրակությունը՝ գլխավորությամբ հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերի, այս օրերին Հայաստանում է եւ տարբեր հանդիպումներ է ունենում տարբեր տրամաչափի պաշտոնատար անձանց, ԱԺ պատգամավորների հետ:
Հայաստանի ժողովրդավարության մասին խոսող Վինքելմայեր-Բեքերին Գերմանիայի դեսպանությունում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Հայաստանի քաղբանտարկյալների եւ մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասին, որին դատարանը արգելեց մասնակցել ԵԺԿ համաժողովին:
«Ժողովրդավարությունը ենթադրում է օրենքի գերակայություն եւ չափվում է օրենքի գերակայության չափանիշներով, այն՝ ինչ կարեւոր է, արդար դատավարությունն է եւ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ մեղադրանք է առաջադրված, արդյոք մեղադրյալը ունի՞ բոլոր հնարավորությունները ապահովելու իր պաշտպանությունը իր փաստաբանների, իր հիմնարար իրավունքները իրացնելու միջոցով:
Կարդացեք նաև
Ես ծանոթ չեմ դեպքին, եւ կարծեմ թե այս դեպքը կարող է վիճելի լինել այս կամ այն մեկնաբանության տեսանկյունից: Կարեւորը մեղադրյալի արդար դատավարությունն է, պաշտպանական հնարավորությունների կիրառումը»,-ասաց Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը:
Հարցին՝ արդյոք տասնյակից ավելի քաղբանտարկյալներ ունենալը երկրի կայուն ժողովրդավարության ցուցանիշ է, Վինքելմայեր-Բեքերին այսպես արձագանքեց. «Պետք է ձեր ներողամտությունը հայցեմ, որ մանրամասներին չտիրապետելու համար չեմ կարող մեկնաբանություն տալ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպք ունի իր երկու կողմը: Ես ինքս նախկինում՝ նախքան պատգամավոր դառնալը, եղել եմ դատավոր, շատ լավ հասկանում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքում հարկավոր է ունենալ մանրամասները, որպեսզի կարողանալ համապատասխան մեկնաբանությամբ հանդես գալ: Իմ տպավորությամբ՝ գոնե թե կա այն ընկալումը, որ նաեւ իշխանությունը պաշտպանված չէ եւ իշխանության համար երաշխավորված չէ պատասխանատվություն, եթե կա հանցակազմ, եթե պետությունն ունի բացթողումներ, որոնց համար պետք է հստակ պատասխանատվություն կրի»:
Բունդեսթագի պատգամավորն ընդգծեց. «Ժողովրդավարությունը ենթադրում է նաեւ իշխանության փոփոխություն, ժողովրդավարությունը կայուն է նրանով, որ ժամանակավոր է որեւէ իշխանության ժամկետը, եւ հենց այս փոփոխությունն է, որ տարբեր քաղաքական ուժերին թույլ է տալիս գտնել պաշտպանական եւ արդարացման հնարավորություններ»:
Նրա ձեւակերպմամբ. «Թավշյա հեղափոխությունից հետո սկսվել են բարեփոխումներ, բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, իհարկե շատ անելիքներ եւս կան: Ես նույնիսկ Գերմանիայի պարագայում կարող եմ ասել, որ ամեն ինչ կատարյալ չէ նաեւ Գերմանիայի ժողովրդավարության առումով: Ես նաեւ կուզենայի շատ ավելի ակտիվ ընդդիմություն տեսնել հայաստանյան քաղաքական դաշտում»:
Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահն ասաց, որ բոլոր դերակատարները պետք է ըմբռնեն, որ Հայաստանում այլեւս գործում են նոր կանոններ, որոնք պետք է հարգել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ