Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու օրենքը փոփոխվում է, ըստ ՊԵԿ նախագահի՝ նրանք Հայաստանում չեն հարկվի

Փետրվար 27,2024 13:19

ԱԺ նստաշրջանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ արտագնա աշխատողներին հարկելու նախաձեռնությանը։ Նա, դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ասաց․ «Մարդիկ վրդովված են այն որոշումից, որը կայացվել էր առանց իրենց հետ քննարկելու, եւ արդեն ԴԱՀԿ կողմից ուղարկվել էին հստակ պահանջներ։ Եվ բավական մեծ թվով գումարներ պետք է մարդիկ վճարեն։ Այս պահին քննարկումներն ի՞նչ փուլում են, մարդկանց մոտ կան վատ սպասումներ, ինչպե՞ս է հարցը լուծվելու, ի՞նչ ժամկետներում»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Չգիտեմ՝ դա միտումնավոր է արվում, թե ուղղակի տեղեկատվության պակասից, բայց կառավարությունը եւ Ազգային ժողովը որեւէ նոր կարգավորում, օրենքի փոփոխություն չեն կատարել, որով արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները պիտի հարկվեն։ Այդ դրույթը, որ իրենք պետք է այնտեղ իրենց վճարած հարկի եւ այստեղի դրույքաչափի տարբերությունը վճարեն Հայաստանում, այդ դրույթը երկար տարիներ ի վեր գոյություն ունի։ Պարզապես այս ընթացքում այդ ուղղությամբ քայլեր չեն արվել։

Երկրորդ, մարդիկ չեն հարկվել, մարդիկ ուղղակի իրազեկվել են այդ դրույթի մասին։ Եվ առաջիկայում մենք նախապատրաստել ենք փոփոխություններ, որովհետեւ մենք էլ ենք հասկանում, որ եթե երկար ժամանակ օրենքի դրույթը չի կիրառվել, այդ ամեն ինչը միանգամից ուժի մեջ մտցնելը կարող է խնդիր դառնալ ու անսպասելի լինել մեր հայրենակիցների համար։ Խնդրում եմ՝ մեր հայրենակիցներին մեզնից մի պաշտպանեք, դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ մենք մեր հայրենակիցների եկամուտների ու բարեկեցության մասին ձեզնից պակաս չենք մտածում»։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ e-draft համակարգում երեկվանից արդեն տեղադրված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ռեզիդենտության երկրում տարբերության մասով հարկը չեն կիրառում։

«Սա անում ենք, որովհետեւ եթե տարիներ շարունակ այդ դրույթը չի գործել պրակտիկայում, որոշակի բողոքներում կա որոշակի օբյեկտիվ տարր»,- ասաց Բադասյանը։ Նրա խոսքով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից որեւէ ծանուցում հարկ վճարողները չեն ստացել, իրենք ուղղակի ծանուցումներ են ուղարկել հարկային պարտավորությունների առկայության մասին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829