«Ուզում եմ ամփոփել այս փաթեթի կարեւոր մասերը։ Տեսահսկման համակարգի միջոցով կայացված վարչական ակտերի տուգանքների 44 տոկոսով նվազեցում է իրականացվել այս նախագծով»,- ԱԺ նստաշրջանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Այսինքն՝ եթե քաղաքացին ուզում է իր վարչական ակտը ստանալ էլեկտրոնային տարբերակով, 20 տոկոս քիչ է վճարում այդ տուգանքի սահմանված չափից։ Եվ եթե վճարում է 15 օրվա մեջ, եւս՝ 30 տոկոս։ Օրինակ՝ 10 000 դրամ տուգանքի դեպքում ինքը կվճարի 5600 դրամ»,- ասաց նա։
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում ովքեր Հարկադիր կատարման ծառայությունում կկատարեն իրենց պարտավորությունը 50 տոկոսի չափով, այսինքն՝ 10 հազար դրամի փոխարեն կվճարեն 5000 դրամ եւ կատարողական ծախսը, ապա այդ վարույթները կկարճվեն։
«Շատ կարեւոր է, որ կանգառ կայանման կանոնների խախտման համար նախատեսված տույժի մեջ կար 0,5 տուգանային միավոր։ Այդ 0,5 տուգանային միավորը փոխարինվել է 0,25-ով։ Այս փոփոխությունն առաջարկվել է մեր կողմից՝ հաշվի առնելով հիմնականում տաքսու վարորդների, տաքսի ծառայություն մատուցողների շահերը, որովհետեւ այս խախտումը հիմնականում իրականացվում է տաքի ծառայություն իրականացնող վարորդների կողմից»,- ասաց պատգամավորը։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց, որ նախագիծը չափազանց կարեւոր է նաեւ ՀՀ-ում ավտոմեքենաներ վարելու, ճանապարհային երթեւեկությունը կազմակերպելու մշակույթի բարձրացման առումով։ «Եվ այդ մշակույթի ձեւավորմանն են ուղղված որոշ դեպքերում համապատասխան տուգանային միավորների բարձրացումը։ Ի վերջո, այդ լուսաթափանցելիության հետ կապված խնդիրը եւ պարբերաբար կրկնվելը որոշակի առումով մարտահրավեր է պետությանը եւ պետական կարգին»,- ասաց Վարդանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ