Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ, սա ստեղծում է անհավասար պայմաններ»․ Սեյրան Օհանյան

Փետրվար 27,2024 12:03

«Այսպիսի մոտեցումներն ընդհանուր համակարգային լուծում չեն տալիս»,- ԱԺ հերթական նստաշրջանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ հասկանալի է, եթե պետությունը հնարավորություն ունի նաեւ զինվորական ծառայության սոցիալական գրավչությունը բարելավելու,  դա շատ լավ է։

«Մեր պետությունը տարիների ընթացքում իր հնարավորության շրջանակներում այդ ամենն իրականացրել է։ Ես մեկ փաստ կարող եմ ներկայացնել՝ երբ ես ընդունել եմ պաշտպանության նախարարությունը, նախարարության բյուջեն եղել է 110 մլրդ դրամ։ 2016 թվականին հանձնելուց հետո միայն 110 մլրդ դրամ աշխատավարձն է կազմել։ Եվ յուրաքանչյուր տարի մոտավորապես 10 տոկոսով, տարի է եղել՝ 5 տոկոսով մենք աշխատավարձն ավելացրել ենք։ Այս առումով ես ուզում եմ արձանագրել հետեւյալը, որ պետության մեջ, նաեւ պաշտպանության նախարարության մասով աշխատավարձի, դրամական բավարարման, հավելումների եւ հավելավճարների համակարգը գոյություն է ունեցել։ Մեր տեսակետը հետեւյալն է՝ ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ, ատեստացիան դա որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին։ Կամ նա արժանի է առաջխաղացման, կամ պետք է պաշտոնից ազատվի, կամ տեղափոխվի հավասարազոր պաշտոնի։ Սա ստեղծում է նաեւ անհավասար պայմաններ։ Մեր տեսակետը հետեւյալն է, որ պետք է, ընդհանուր առմամբ, վերլուծություն կատարել եւ հավելավճարների քանակը բարձրացնել այնպիսի աստիճանի, որը հնարավորություն կտա հետագայում հասնել նրան, ինչ մենք ցույց ենք տալիս համացանցով, լրատվամիջոցներով, դա հրամանատարական պատրաստության մասն է։ Բանակում գոյություն ունեն դասային որակավորման աստիճաններ, ինչը նաեւ համապատասխանում է այսօրվա ձեր ընդունած գերազանց, լավ, բավարար գնահատականներին։ Այսինքն՝ ատեստացիան հավասարեցնել դրամական բավարարմանը, անընդունելի է»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա առաջարկեց, որպեսզի բանակում բազային դրամական բավարարման, հավելումների եւ հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացվի։

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, արձագանքելով Սեյրան Օհանյանին, ասաց․ «Բնականաբար, միայն վարձատրությունը չէ, որ պետք է գրավչության կամ համարժեք հատուցման բաղադրիչներն ապահովի։ Կան նաեւ բնակարանային ապահովման, առողջապահության ոլորտում ծրագրեր եւ այլն։ Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ բոլոր ուղղություններով համակարգային լուծումներ ենք փորձում տալ։ Մեր մոտեցումը սա է, որը մեր կարծիքով հիմնավոր է»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829