Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ն իրականացրե՞լ է վերլուծություն, ինչո՞ւ են բանակում շատացել մահվան դեպքերը, պատիժներ եղե՞լ են»․ պաշտպանության փոխնախարարը չպատասխանեց

Փետրվար 27,2024 11:30

ԱԺ հերթական նստաշրջանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին․ «Շատ է խոսվում բանակում բարեփոխումների մասին, բայց միայն այս տարվա ընթացքում մենք բանակում ունեցանք ոչ մարտական պայմաններում մեծ թվով զոհեր։ Նաեւ անցած տարին է ամփոփվել բավական մեծ թվով։ Պաշտպանության նախարարությունն իրականացրե՞լ է վերլուծություն, թե ինչո՞ւ են շատացել մահվան դեպքերը։ Եվ ի՞նչ կոնկրետ քայլեր են իրականացվում՝ այդ երեւույթի դեմն առնելու համար։ Եվ հստակ՝ ովքե՞ր, ե՞րբ, ի՞նչ պատիժ են կրել՝ բանակում առկա այդ իրավիճակի համար»։

Կարեն Բրուտյանն ի պատասխան ասաց, որ լիազորված չէ այդ հարցերին պատասխանել։ «Ես խնդրում եմ՝ գրավոր հարցը ներկայացրեք, մենք ձեզ գրավոր կպատասխանենք»,- ասաց նա։

Թագուհի Թովմասյանը նշեց․ «Դուք Ազգային ժողովում եք, եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են։ Եվ քաղաքացիներին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը հենց դա է՝ ինչո՞ւ են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները։ Եվ ցավալի է, որ դուք, լինելով փոխնախարար, որեւէ ասելիք չունեք այս մասով։ Գոնե թիվը հրապարակեք՝ ինչքա՞ն է եղել զոհերի թիվը մինչեւ հիմա։ Եվ դուք տեղեկություն չունե՞ք, որեւէ քայլ չի՞ իրականացնում պաշտպանության նախարարությունը։ Ես գրավոր հարց տալու ճանապարհը գիտեմ եւ հաճախ ուղղում եմ, բայց ստանում եմ բավական ուշացումով պատասխաններ»։

Փոխնախարարը կրկնեց, որ լիազորված չէ այդ հարցին պատասխանել։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829