Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքային զինծառայողները կարող են ստանալ մինչեւ 526 հազար, բարձրագույն սպայական կազմը՝ ավելի քան 1 մլն դրամ աշխատավարձ

Փետրվար 27,2024 11:15

«Այս բարեփոխումները շատ տեղին են բանակի համար, բայց գտնվե՞լ է այնպիսի մեխանիզմ, որ ատեստավորման ընթացքում, որակի բարձրացման ու մրցույթների գործընթացում հնարավորինս քիչ լինի մարդու միջամտության դերը։ Կարողանո՞ւմ ենք ներդնել այնպիսի ինքնաշխատ մեխանիզմներ, որ արդարությունն ակնհայտ լինի, որովհետեւ այս գործընթացներից ամենաշատը մենք լսում ենք բողոքներ, որ մարդու գործոնը կա, եւ որոշ մարդկանց օգնում են ատեստավորման պրոցեսում»,- ԱԺ հերթական նստաշրջանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Կարեն Բրուտյանն ասաց, որ ատեստավորման գործընթացը հիմնականում թեստավորման միջոցով է տեղի ունենում, մարդու միջամտությունը գործնականում զրոյի մոտ է։ «Մյուս կողմից, հանձնաժողովները, որոնք գնահատում են ատեստավորումը, միայն զինծառայողներից չեն բաղկացած։ Այդտեղ ներգրավված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, եւ մենք ենթադրում ենք, որ սրանով բավարար օբյեկտիվություն ապահովվում է։ Իհարկե, կարող են լինել առանձին ինչ-որ անճշտություններ կամ միգուցե չարաշահումներ, կարծում եմ՝ դրանց պետք է անդրադառնալ առանձին։ Իսկ որ կարող են դժգոհ լինել, այո, այն մարդիկ, որոնք կկտրվեն քննություններից, կարող են դժգոհ լինել։ Եվ պատճառը կտեսնեն ոչ թե իրենց մեջ, այլ գործընթացի մեջ։ Եթե կոնկրետ դեպքեր կան, թող դիմեն պաշտպանության նախարարություն, մենք կուսումնասիրենք եւ կարձագանքենք»,- նշեց Բրուտյանը։

Պաշտպանության փոխնախարարը նաեւ ներկայացրեց ատեստավորման արդյունքում վարձատրության չափերը։ Բրիգադի սերժանտի դեպքում նախքան ատեստավորումն աշխատավարձը կազմում է 209 հազարից 218 հազար դրամ։ Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում չափը միջինացված ավելանում է 82 հազար դրամով։ Ատեստավորման արդյունքում բավարար գնահատականի դեպքում վարձատրության չափը կկազմի 418 505 դրամ, լավ գնահատականի դեպքում՝ 530 505 դրամ, գերազանցի դեպքում՝ 570 505 դրամ։

Շարքային կազմի զինծառայողներն առանց ատեստավորման ստանում են շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո բավարար գնահատական ստանալու դեպքում կստանան 262 հազար դրամ։ Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով։ Ենթասպայական կազմի դեպքում ատեստավորման եւ առանձնահատուկ պայմանների վճարը կկազմի 379 հազար դրամ, կրտսեր սպայական կազմի դեպքում՝ 521 հազար դրամ, ավագ սպայական կազմի դեպքում՝ 647 հազար դրամ, բարձրագույն սպայական կազմի դեպքում՝ 890 հազար դրամ։

«Սա բավարար գնահատականի դեպքում։ Լավ գնահատականի դեպքում շարքայինը կստանա 489 հազար դրամ, ենթասպայականը՝ 488 հազար դրամ, կրտսերը՝ 670 հազար դրամ, իսկ բարձրագույն սպայական կազմը՝ 1 մլն 035 հազար։ Գերազանցի դեպքում՝ շարքայինը կստանա 526 հազար դրամ, ենթասպայականը՝ 528 հազար դրամ, կրտսեր սպայականը՝ 710 հազար, ավագ սպայականը՝ 839 հազար դրամ, բարձրագույն սպայականը՝ 1 մլն 075 հազար դրամ։ Ոչ մարտական գործառույթներին ներգրավվածները կստանան համեմատաբար քիչ՝ կախված նրանից, թե հավելավճարի չափով ինչ տոկոս կորոշվի»,- նշեց Կարեն Բրուտյանը։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829