ԱԺ հերթական նստաշրջանում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ասաց, որ Զինված ուժերում վարձատրության գործող համակարգը դեռ ամբողջությամբ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա։ Առանձին դեպքերում հատվածային լուծումները փոխարինում են համակարգային մոտեցումներին։
«Կառավարության նպատակն է Զինված ուժերում ներդնել միասնական քաղաքականության վրա հիմնված համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են՝ վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը եւ հաստիքները պետք բխեն բանակի եւ կոնկրետ գործառույթի նպատակից ու բնույթից։ Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր կոնկրետ գործով եւ յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի։ Ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։ Վարձատրության համակարգի փոփոխության առանցքային բաղադրիչներից է Զինված ուժերի կառավարչական կառուցվածքի եւ հաստիքների վերանայումը։ Որդեգրվել են հետեւյալ մոտեցումները՝ Զինված ուժերում գործող հաստիքները տարանջատվում են զինվորական եւ ոչ զինվորական հաստիքների։ Ոչ զինվորական հաստիքներն են քաղաքացիական ծառայողները եւ քաղաքացիական աշխատանք կատարողները։ Ոչ զինվորական ծառայողների վարձատրության համակարգը հանդիսանում է Հայաստանում գործող քաղծառայության համակարգի բաղադրիչ։ Եվ այս մասով Զինված ուժերում փոփոխությունները հնարավորինս իրականացվում են ընդհանուր քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող փոփոխությունների համատեքստում։ Ոչ զինվորական ծառայողների վարձատրության չափի մասով հիմնական մոտեցումն այն է, որ, լինելով քաղաքացիական մասնագետներ, այս ծառայողները պետք է ստանան մրցակցային, մասնավորի միջինից բարձր աշխատավարձ, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել Զինված ուժեր»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է զինվորական հաստիքներին, փոխնախարարը նշեց, որ դրանք տարանջատվում են ըստ մարտական գործառույթներին, պլանավորմանը, իրականացմանը անմիջական եւ ոչ անմիջական մասնակցությամբ։ Այս ծառայողների վարձատրության համակարգի համարժեքությունը պայմանավորվում է զինծառայողների որակավորմամբ եւ զինծառայության ռիսկայնությամբ։ Այլ կերպ ասած՝ որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, այնքան բարձր է վարձատրությունը։ «Ինչպես նաեւ, որքան բարձր է ծառայողի որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը։ Ընդ որում, պահանջվող որակավորումը պետք է պարբերաբար վերահաստատվի, իսկ նվազագույն որակավորման պահանջի գերազանցումը պետք է լրացուցիչ խրախուսվի։ Ծառայության ռիսկայնությամբ պայմանավորված վճարումները կիրականացվեն հավելումների համակարգի միջոցով՝ ծառայության որոշակի պայմաններում զինծառայողին վճարելով որոշակի չափի հավելում։ Որակավորմամբ պայմանավորված վճարումները կիրականացվեն հավելավճարների համակարգի միջոցով՝ ատեստավորման արդյունքում կամ անհատական որակավորման գերազանցության վճարի միջոցով։ Հավելավճարների եւ հավելումների գործող համակարգը կառավարության կողմից ներկայումս վերանայվում է։ Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների վարձատրության, սպայական, ենթասպայական եւ շարքայինների համար ատեստավորման համակարգն արդեն իսկ ներդրվել է։ Ատեստավորման արդյունքներով հաշվարկվում է հավելավճար, այս գործընթացով համաչափորեն բարձրացվում է պայմանագրային զինվորական բոլոր կազմերի ֆինանսական բավարարման եւ դրանով նաեւ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակը։ Արդար է, որ ոչ մարտական գործառույթներ իրականացնող զինծառայողների վարձատրությունն ավելի ցածր լինի, քան մարտականինը։ Սա նաեւ մոտիվացիա է՝ ոչ մարտականից մարտականին անդրադառնալու համար»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ Բրուտյանն ասաց, որ կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ։ Ի տարբերություն ատեստավորման գործող, այսինքն՝ մարտականի համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն պատրաստության եւ մասնագիտական գիտելիքների թեստերը։ Այսինքն՝ շարայինը եւ ֆիզիկականը չեն հանձնի։ Ատեստավորման դրական արդյունքների դեպքում վճարվող հավելումների չափը մարտականի դեպքում տրվող հավելումների չափից քիչ կլինի։ Քննարկվում է 50-70 տոկոս հավելավճարի չափը։
Կառավարությունն առաջարկում է այս նախածերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո երկրորդ ընթերցումն իրականացնել 24 ժամյա ռեժիմով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ