Կոնկրետ «խոպանչիների» պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ դիպչում են մարդկանց գրպանին, ապա նրանք իսկույն էմոցիոնալ դրսևորումներով բողոքի են դուրս գալիս, իսկ երբ իշխանությունները մեր հայրենիքն են մասմաս զիջում թշնամուն ու Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, այդ նույն մարդիկ հաճախ անտարբեր են կամ էլ արդարացնում են իշխանությունների գործողությունները։ Այս է մեր ցավալի իրականությունը։ Ճիշտ է՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքի արդյունքում իշխանությունները որոշեցին հետ կանգնել իրենց մտադրություններից, բայց այն ուղղակի ժամանակավոր բնույթ ունի, հատկապես եթե հաշվի ենք առնում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հերթական հայտարարությունը՝ հարկ վճարելու և օդանավակայանի ճանապարհի մասին։ Երևի այդ ճանապարհներից շուտով միայն ՔՊ-ականները իրավունք ունենան օգտվել:
Ու ընդհանրապես, ստացվում է, որ քաղաքացիները պարտավոր են մտնել օրավուր մեծացող հարկային ու տուրքային ծանրաբեռնվածության տակ, իսկ իշխանություններն ազատ են մուտքագրված միջոցները իրենց ուզածի պես ծախսելու հարցում։ Նրանք կարող են առանց հարկ վճարողին ու ընդհանրապես հանրությանը որևէ օգուտ տալու միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալ, անհասկանալի ու անարդյունավետ գործուղումների մեկնել, այսինքն, իրենց լեզվամտածողությամբ ասած, «ֆռֆռալ», օրավուր ճոխացնել իրենց բարեկեցությունը և այլն: Մամուլում պակաս չկա այնպիսի հրապարակումների, որոնցում նշվում է իշխանությունների կողմից պետական միջոցներից ոչինչ չտվող միջոցառումների կազմակերպման, շռայլ գնումների, անիմաստ գործուղումների կամ աննպատակահարմար հաստիքների ավելացման մասին։
Էլ չենք խոսում ՔՊ-ականների հայտարարագրերի մասին, առավել ևս «չհայտարարագրվածի» մասին: Թե բա՝ համակարգային կոռուպցիան վերացած է: «Հպարտ քաղաքացին», մերօրյա «հերոսը» թող հարկեր ու տուրքեր վճարի, իսկ իշխանավորները վայելեն իրենց պաշտոնները: Ու այդքանից հետո ուզում եք, որ կամավոր հեռանա՞ն…
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։