Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք արձագանքին

Փետրվար 27,2024 09:00
avetiq ishxanyan

«Անդրանիկագիտական հանդեսի» 2002-2004 թթ․ խմբագիր Աշոտ Գրիգորյանը, որպես ականավոր անդրանիկագետ, իր պարտքն է համարել, պատասխանել իմ «Երեք զորավար» հոդվածին։ Հոդվածը լեցուն է «մերկապարանոց, անհիմն, անտրամաբանական» և այլ ածականներով։

Փորձենք կետ առ կետ պատասխանել Աշոտ Գրիգորյանին։

1․Աշոտ Գրիգորյանը հերքում է, թե զորավար Անդրանիկը, Հրայր Դժոխքի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հրացանն ուղղել է վերջինիս ուղղությամբ, բերելով իրեն հարմար հղումներ։ Հրայր Դժոխքի մասին գիրքը ինձ ԽՍՀՄ տարիներին, որպես արգելված գրականություն, տվել էին կարճ ժամանակում կարդալու և վերադարձնելու պայմանով։ Այնպես որ, ցավոք, հեղինակին չեմ հիշում, բայց և համոզված եմ իմ հիշողության վրա, քանի որ գրքում հատկապես այդ դրվագն էր ամենահիշարժանը։

2․Կարծես չհամաձայնելովիմ կողմից նշված՝ Անդրանիկ զորավարի տարած հավանական հաղթանակների թեզին, առ այն, որ այդ հաղթանակները եղել են ռուսական հրամանատարության մարտավարությամբ, հոդվածագիրն, ըստ էության, հաստատում է դրանք։ Նա թվարկում է զորավարի տարած հաղթանակները, ընդամենը ենթադրելով, որ դրանց մի մասը եղել է զորավարի նախաձեռնությամբ։ Աշոտ Գրիգորյանը, որպես փաստարկ, բերում է ռուս քաղաքական-ռազմական գործիչների գովեստի խոսքերը Անդրանիկ զորավարի մասին, դրանով իսկ ապացուցելով, որ Անդրանիկ զորավարի հաջողությունները կապված են եղել միայն ռուսական գործոնով։

3․Գրելով Անդրանիկ զորավարի հաղթական արշավանքների մասին, դեպի Նախիջևան, Աշոտ Գրիգորյանը արդարացնում է նրան, գրելով, որ զորավարը եղել է ռազմական, այլ ոչ քաղաքական գործիչ, շրջանցելով իմ մատնանշած՝ Ստեփան Շահումյանին ուղարկած հեռագիրը, որով զորավարը Նախիջևանը հայտարարում է Խորհրդային Ռուսաստանի մաս։ Ըստ հոդվածագրի, ռազմական գործիչն, ի տարբերություն, քաղաքական գործչի, սեփական նախաձեռնություն ցուցաբերելու իրավունք չունի, դրանով իսկ հերքում, իր իսկ կողմից, զորավարին վերագրած ճակատամարտերի ինքնուրույն որոշումներ կայացնելը։ Հետաքրքիր է, արդյոք Ստեփան Շահումյանին հեռագիր ուղարկելը, քաղաքական որոշում չէ՞ր։Դրանով Աշոտ Գրիգորյանը նաև արդարացնում է Անդրանիկ զորավարին հայ ժողովրդի համար ճակատագրական Ղարաքիլիսայի ճակատամարտին չմասնակցելը և ինչ-որ պատմություն է հորինում՝ իբր երկաթուղին պահպանման համար։ Կարծում եմ, Աշոտ Գրիգորյանը գիտի, որ զորավար Անդրանիկն ուղղակի նեղացած էր հայոց ինքնապաշտպանության կազմակերպիչներից։

4․ԽՍՀՄ տարիներին Ուջանում զորավար Անդրանիկի արձանի տեղադրումը Աշոտ Գրիգորյանը համարում է, որ եղել է «ժողովրդի նախաձեռնությամբ՝ ի հեճուկս խորհրդային արգելքների»։

Փաստորեն, ըստ Աշոտ Գրիգորյանի, ԽՍՀՄ-ը ժողովրդավարական պետություն էր, ինչպես Շվեյցարիան, որտեղ հնարավոր էր ժողովրդի նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնել։

Ըստ Աշոտ Գրիգորյանի, զորավար Անդրանիկին նվիրված պատմագիտական գրքերի հեղինակներ Ջոն Կիրակոսյանը, Ծատուր Աղայանը չեն եղել կոմունիստական քարոզիչներ, այլ միայն հայրենասերներ։ Նույնիսկ Խաչիկ Դաշտենցի զորավար Անդրանիկին նվիրված գեղարվեստական գործն անհնար էր, որ տպագրվեր առանց ԽՍՀՄ ՊԱԿ-ի գիտության և Գլավլիտի թույլտվության։

Անձամբ չեմ ճանաչում Աշոտ Գրիգորյանին, բայց նրա գրածից կարելի է ենթադրել, չի ապրել ԽՍՀՄ-ում և ԽՍՀՄ-ը համարում է ազատ երկիր։

5․ Աշոտ Գրիգորյանը համաձայն չէ նաև, իմ հոդվածում ներկայացված Վարդան Մամիկոնյանի և Վազգեն Սարգսյանի բնորոշումների հետ, այս դեպքում՝ առանց «փաստարկների»։

Աշոտ Գրիգորյանն իր այս հոդված-արձագանքով հաստատեց իմ հոդվածում բերված ենթադրությունն առ այն, որ հայ ժողովրդի մեջ հարցում անցկացնելու դեպքում, որ զորավարները առաջին երեք հորիզոնականներում կլինեն։ Տիպիկ կարծրատիպային մտածողություն։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829