Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչիկյան․ «Հերիք չէ, որ ունենք երկու ուժեղ թշնամի հենց մեր կողքին, հիմա Ռուսաստանի հետ էլ ենք ուզում թշնամություն անել»․ «Փաստ»

Փետրվար 27,2024 08:30

«Սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿ-ում», «Ռուսաստանի ներկայացուցիչները Հայաստանի լեգիտիմ իշխանությունը տապալելու մասին հայտարարություններ են հնչեցրել» և այլն: Այս մասին Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց France 24-ին տված իր հարցազրույցում: Մյուս կողմից՝ նա հայտարարեց, թե հավանական է համարում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Սա տարակուսելի է փորձագետների համար՝ ինչո՞ւ շարունակել դեմարշը Ռուսաստանի դեմ, երբ կա պատերազմի վտանգ: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նշում է՝ այսպիսի վիճակում այսպիսի հայտարարություններ անելը կարող է միայն մեկ բացատրություն ունենալ:

«Որ ինչ-որ պատվեր է ստացվել արտաքին ուժերից, հավանական է՝ Թուրքիայից կամ Արևմուտքից, հակառուսական քարոզը շարունակելու համար: Սա որևէ օգուտ մեզ չի բերում: Եվս մեկ թշնամի ձեռք բերելով՝ մենք ոչնչի չենք հասնի: Պետք է անենք ճիշտ հակառակը՝ պետք է բոլորի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և ստանանք այն ռեսուրսները, որոնք մեզ պետք են: Դրա փոխարեն, հերիք չէ, որ ունենք երկու ուժեղ թշնամի հենց մեր կողքին, հիմա Ռուսաստանի հետ էլ ենք ուզում թշնամություն անել: Դրանից հետո Ռուսաստանի համար որևէ դժվարություն չի լինի ուղղակի կես քայլ հետ քաշվելը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ռազմական գործողություններ սկսել մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Խաչիկյանը:

Արդյո՞ք նույն՝ հակառուսականության կոնցեպտի մեջ է տեղավորվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան: «Սա մեկ անգամ ևս բացահայտ հակառուսական ժեստ է, որը չի բխում մեր ժողովրդի շահերից, բխում է միայն Արևմուտքի և Թուրքիայի շահերից: Նա մի պետության ներկայացուցիչն է, որը շնորհավորել է Ադրբեջանին իր հաղթանակի առթիվ, որը ֆոսֆորային զենք է ուղարկել մեր զինվորների դեմ, որը շատ սերտ հարաբերություններ ունի մեր թշնամիների հետ: Այս քայլը բացարձակ չի բխում մեր ժողովրդի կենսական շահերից, հակառակը՝ սա ուղղակի ինչ-որ արտաքին ուժերի հանձնարարությունն է»,-նշում է զրուցակիցը:

Զուգահեռ նաև կարծիք է հնչում, որ չնայած այս ակնհայտ հակառուսականությանը, կարծես թե Հայաստանի իշխանություններն այս գիծն էլ մինչև վերջ չեն տանում: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված և հետևողական հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության ու անձամբ իր դեմ», բայց ռուսական հեռուստաալիքները շարունակում են եթեր հեռարձակվել Հայաստանում: Պարբերաբար խոսվում է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակման և ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերման մասին: Քաղաքագիտության դոկտորն ընդգծում է՝ Հայաստանի իշխանություններն ուղղակի դանդաղ են դա անում:

«Եթե արագ անեն, միանգամից կլինի ժողովրդի դժգոհությունը, կլինեն ծանր տնտեսական հետևանքներ: Դրա համար դա անում են դանդաղ, ինչպես դանդաղ հանձնեցին Արցախը: Նրանք երբևիցե միանգամից չեն ասում, թե ինչ են անում, կամաց-կամաց, խաբելով տանում են դեպի իրենց նպատակը: Ռուսաստանը մեր վրա ազդեցության մեծ և հզոր լծակներ ունի, և նա սկսելու է դրանք օգտագործել: Իսկ մենք մի վիճակում ենք, երբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ունենք սպառնացող վտանգ: Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից»,-շեշտում է նա:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829