Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնդում անելու են այն, ինչ Ֆիրդուսի թաղամասի հետ են արել․ Սարհատ Պետրոսյան

Փետրվար 26,2024 20:03

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է Կոնդ թաղամասի օտարման մասին։

«Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»,-ասել է Ավինյանը։

Ուստի, ինչպես քաղաքապետն է նշել, թաղամասում շինությունների եւ հողամասերի սեփականության գրանցման գործընթացը պետք է այնպես իրականացնել, որպեսզի բնակիչներն կարողանան առավելագույնս պաշտպանել իրենց իրավունքները՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց փաստացի սեփականության հատվածներն իրենց սեփականությունը չէր հանդիսացել։

Գործակարգավարականի ժամանակ Կոնդ թաղամասի բնակիչների սեփականության վկայականների տրամադրման գործընթացի մասին Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը զեկուցեց, որ Կոնդում շենք-շինությունների, հողամասերի վերաբերյալ 254 դիմում կա, որոնց վերաբերյալ այսօրվա դրությամբ կա քաղաքապետի 54 որոշման նախագիծ եւ 25 որոշում։

«Բոլոր անձինք, որոնք ունեն քաղաքապետի որոշումներ, ծանուցվել են վճարման մասին, այս պահին դեռ վճարումներ չունենք»,-ասել է Մուրադյանը։ Նա նաեւ հայտնել է, որ ըստ գոտիականության՝ Կոնդում կադաստրային արժեքը (զեկուցողը չնշեց հողի՞, թե՞ բնակելի տան արժեքն է, Ն․Բ․) կազմում է 1 քմ-ն 214 հազար դրամ կամ 139 հազար դրամ։

«25 դեպքերի մասով ունենք 100 հազարից մինչեւ 650 հազար դրամ վճարի հետագա գումարներ»,-ասել է Մուրադյանը։

«Այդ դեպքում ես կառաջարկեմ, քանի որ քաղաքաշինական ծրագիր է նախատեսվում, միգուցե փորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք կապել հենց հետագա իրացման հետ եւ որոշակի լուծումներ գտնել»,-ասել է Ավինյանը։

Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ Կոնդ թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր, այժմ աշխատանքներ են տարվում տների եւ հարակից տարածքների սահմանները ճշտելու եւ սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով:

Կոնդի կառուցապատման մասին առաջին անգամ չէ խոսվում, ժամանակ առ ժամանակ Կոնդ իրացնելու «ախորժակ է» բացվում տարբեր իշխանությունների մոտ։

Նախորդ տարվա նոյեմբերին Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել։․․․ Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»:

Հիշեցնենք, որ «Երեւաննախագիծ» ընկերության եւ Լիոնի քաղաքապետարանը Կոնդի վերակառուցման համատեղ նախագիծ են մշակել։ Քաղաքապետը խոստացել է, որ կպահպանվի պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, կհամատեղեն քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը թերահավատ է այս նախաձեռնության նկատմամբ։

Aravot.am-ի հետ զրույցում ճարտարապետն ասում է՝ նախ՝ Կոնդի կառուցապատման նախագիծ չկա․ «Այս իշխանությունը Կոնդում անելու է այն, ինչ Ֆիրդուսի թաղամասի հետ է արել»։

Մեր դիտարկմանը, որ քաղաքապետարանը խոստանում է, որ պահպանելու են Կոնդի պատմական շերտը, ճարտարապետը պատասխանեց․ «Պետք է հասկանալ, թե որն է պատմական, իսկ դրա համար ուսումնասիրություն չի արվել։ Պետք է հետազոտություն կատարվի»։

Ճարտարապետը նաեւ նկատում է՝ Կոնդում 1 քմ-ն 214 հազար դրամ այդ գումարները, որոնք բնակիչները պետք է վճարեն իրենց սեփականությունը գրանցելու համար, մեծ գումար է լինելու նրանց համար․ «Կոնդում մեծահարուստներ չեն ապրում, շատերը ստիպված են լինելու վարկ վերցնել որպեսզի կարողանան վճարել սեփականությունը գրանցելու համար։ Այսպես պարտքեր ու վարկեր կկուտակեն, ու կգա մի կառուցապատող, այդ բնակիչները ստիպված կլինեն համաձայնվել օտարման պայմանների հետ»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829