Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստանում եմ վերադառնալ Հայաստան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 7-րդ մասնաշենքի 10-րդ խուց. կարեւոր է իմ գնալն Արցախի ու Հայաստանի համար». Արմեն Աշոտյան

Փետրվար 26,2024 19:44

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստում Արմեն Աշոտյանի պաշտպանները այսօր հայտարարեցին, որ դատավոր Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն ունեն, բայց մեկ այլ՝ հրատապ միջնորդություն են ներկայացնում՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու մասին: Վահե Դոլմազյանը տարակուսեց՝ եթե չեն վստահում դատարանին, տարբեր առիթներով պիտակավորումներ են կատարում, ինչպե՞ս են ակնկալում, որ իրենց համար նման հրատապ հարցով  «վատ դատարանը» պետք է որոշում կայացնի: Պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց. «Դուք վատ դատավոր չեք, այս գործը նախաձեռնողներն են վատը»:

Նա նաեւ հայտարարեց, որ եթե դատավորն ընդունի կալանքը փոխելու միջնորդությունը, այս հարցի քննությունը կհետաձգվի՝ շատ երկար ժամկետով. «Նաեւ ձեզ հարգելով ենք սրան անդրադառնում»: Դատավորն ասաց, որ այս գործով որոշումներ կայացնող դատավորի՝ իր մասին փաստաբանի հայտարարությունները դատարանի դահլիճում եւ դատարանի դահլիճից դուրս, իրարամերժ են: Տիգրան Աթանեսյանը պնդեց՝ ինքը դատավորին չի վիրավորել, կարծիք է հայտնել ոչ թե տվյալ դատավորի մասին, այլ դատական համակարգի: Իր գնահատմամբ, հակակոռուպցիան դատարանն, ընդհանրապես, եվրոպական որոշ կառույցների կողմից նախաձեռնություն է՝ որոշակի երկրներում իրենց ազդեցությունը պահպանելու. այսինքն, այն քաղաքական ենթատեքստ ունի: Ի դեպ, այսպիսի դատարաններ կան աֆրիկյան որոշ երկրներում, Ուկրաինայում եւ մեզ մոտ:

Պաշտպանն ու դատավորը վիճեցին նաեւ դատավորի կողմից Արմեն Աշոտյանի խոսքը հաճախ ընդհատելու շուրջ: Վահե Դոլմազյանին վիրավորել է արված «գեղցի վարքագիծ» արտահայտությունը: Պաշտպանները վստահեցրեցին, որ այդ արտահայտությունը դատավորի մասին չի արել:

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ ներկայացրեց  Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությունն այնպես, որ նա հնարավորություն ունենա մարտի 6-ին, Բուխարեստ քաղաքում մասնակցելու ԵԺԿ համաժողովին: Դատարանին ներկայացվեց նաեւ Արմեն Աշոտյանի անձնական հրավերը, իբրեւ ՀՀԿ պատվիրակության ղեկավարի: Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ այդ միջոցառմանը Արմեն Աշոտյանի մասնակցությունը բովանդակային է, քանի որ նախատեսված են երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր խոսքում հիշեցրեց, որ միջազգային հանրությունը դեռեւս իր գործով նախաքննության ընթացքում հնչեցրել է կարծիքներ, որ Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը մաքուր քաղաքական է, քաղաքական գործունեության խոչընդոտում է. «Ոմանց սա դուր է գալիս, թե ոչ, ցավոք, սա դառն իրականություն է եւ դրսում դա տեսնում են, նաև արձանագրում։ Ես այս ընթացքում՝ նախաքննության փուլում,  3-4 անգամ խոչընդոտվել եմ եվրոպական կարևոր հավաքներին մասնակցելու։ Դատաքննության փուլում առաջին անգամ է, որ դիմում ենք նման միջնորդության, սա ինչո՞վ է կարևոր, որովհետև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, Եվրոպայի ամենամեծ իշխող կուսակցությունն է, այդ կուսակցության անդամ է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որի հետ հանդիպում է ՀՀ վարչապետ ներկայացող անձը։ Կուսակցության անդամ է նաև Եվրոպայի խորհրդարանի խոսնակը Ռոբերտա Մոցելան, որի հետ հանդիպում է Հայաստանի վարչապետ ներկայացող անձը, կուսակցության անդամ են նաև ԵՄ 7-8 պետության ղեկավարներ։ Այդ կուսակցության ներկայացուցիչների հետ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն օկուպացիոն ուժն ունի քաղաքական հարաբերություններ՝ պետական և հետո կասեմ, թե ինչ մակարդակներում։ Այսինքն՝ սա եվրոպական իշխող թիվ մեկ քաղաքական ուժի համագումարն է»:

Արմեն Աշոտյանի պարզաբանմամբ՝ իր մասնակցությունը ԵԺԿ համագումարին կարեւոր է, որպեսզի Հայաստանից հնչի այլընտրանքային կարծիք ազգային և պետական հարցերի շուրջ, Արցախի Հանրապետությունից սկսած, վերջացրած Հայաստանի այսօրվա անվտանգային մարտահրավերներով՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող անպատիժ մնացած ագրեսիվ քաղաքականությունը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ. «Այսինքն, սա այն տեղն է, որտեղ հավաքվելու են Եվրոպայի իշխող ամենաազդեցիկ մարդիկ։ Կարևոր է գնալ այնտեղ և խոսել մեր ժողովրդին վերաբերող առաջնային խնդիրներից՝ անվտանգային, արտաքին, Արցախի հարցի հետ կապված, և այլն։ Այս կուսակցության հետ Հանրապետական կուսակցությունն աշխատում է 2009 թվականից, արտաքին կապերի պատասխանատուն ես եմ, ԵԺԿ անդամ եմ 2012 թվականից, և նման հարթակն ունիկալ հնարավորություն է համապետական, համազգային շահերի ներկայացման համար, այն քաղաքական գործիչների ու քաղաքական ուժերի համար, որոնք այդ հարթակի հետ կապեր ունեն, նաև ձեր խոնարհ ծառայի համար»։

Ըստ Արմեն Աշոտյանի, ԵԺԿ-ի հրավերը կարևոր է, քանի որ այն նախընտրական է. այսինքն, կուսակցությունը կայացնելու է կարևոր որոշումներ իրենց նախընտրական ծրագրի մարտավարության վերաբերյալ ու Հայաստանը թեեւ ԵՄ անդամ չէ, բայց հայկական սփյուռքի առկայությունը եվրոպական բազմաթիվ երկրներում թույլ է տալիս նաև հայկական գործոնը ճիշտ մոբիլիզացնելու պարագայում ազդեցություն ունենալ եվրոպական քաղաքական օրակարգի վրա. «Այս տեսակետից կարևոր եմ համարում այս նախընտրական մեգահավաքին մասնակցելը։ Հանրապետական կուսակցության պատվիրակության ղեկավար եմ նշանակվել ես, քանի որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չի կարող մասնակցել այդ հավաքին։ Ես՝ որպես ոլորտային, այդ թվում՝ միջազգային հարցերով  փոխնախագահ և 2012 թվականից ԵԺԿ քաղաքական վեհաժողովի անդամ՝ պարոն Մամիջանյանի հետ միասին, ունեմ այդ հնարավորությունը, այդ կապերը, ունակությունները՝ շարունակելու ներկայացնել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը նման բարձր հարթակում։

Եվ երրորդ՝ ինձ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ն մեկնարկել է այս պահին՝ ստվերային, իսկ իրականում՝ արդեն լայն թափ ստացած անդամակցության գործընթաց ԵԺԿ-ին։ Օգտվելով առիթից, որ ես՝ որպես ՀՀԿ փոխնախագահ, ով պատասխանատու է այդ կապերի համար, անազատության մեջ եմ և բաց եմ թողել 4-5 կարևոր միջոցառումներ, ՔՊ-ն լծվել է ԵԺԿ-ին անդամության գործընթացին, այդ թվում՝ ՀՀԿ-ին վարկաբեկելու քարոզարշավ է իրականացնում Բրյուսելում։ ՔՊ-ն նաև փորձում է չեզոքացնել այդ կուսակցության քաղաքական ազդեցությունն այս գործի հետ կապված գնահատականների վրա, որովհետև ԵԺԿ-ն այն քաղաքական ուժն է, որը հստակ ինձ ճանաչել է որպես քաղբանտարկյալ, օրինակ, Նավալնիի հետ. Աստված ինձ հեռու պահի այդ ճակատագրից»։

Ըստ այդմ, Արմեն Աշոտյանի պնդմամբ, իր մասնակցությունը ԵԺԿ-ի համաժողովին հիմնավորում է Հայաստանի քաղաքական ու անվտանգային մարտահրավերների պարագայում եվրոպական իշխող քաղաքական վերնախավի հետ հարաբերությունների, այդ թվում՝  հայկական կողմի ասելիքը հստակեցնելու հրամայականով. «Ես ոչ միայն խոստանում եմ վերադառնալ Հայաստան, ունեմ այդ փորձառությունը։ Այս գործի շրջանակներում ինձ մեկ անգամ դեկտեմբեր ամսին՝ մինչև իմ կալանքը, քննող քննիչը թույլ էր տվել մասնակցել Արցախի հարցով միջազգային կոնֆերանսին։ Այս բոլոր մեղադրանքներն ինձ վրա կար, ես գնացի Վիեննա  և  վերադարձա։ Հիմա ոչ միայն խոստանում եմ վերադառնալ, այլև վերադառնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 7-րդ մասնաշենքի 10-րդ խուց, որպեսզի դուք որևէ կասկած չունենաք, որ այս խնդիրը չի բարձրաձայնվում նրա համար, որ իմ խափանման միջոցը փոխվի, դրա համար մենք ունենք բազմաթիվ հիմքեր ու առիթներ, օրինական պահանջներ»։

Արմեն Աշոտյանն առաջարկեց դատավորին «լավ գրավ» սահմանել իր՝ 4-5 օր Հայաստանից եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բացակայելու համար՝ Հայաստանի շահերի պաշտպանության նպատակով:

Մանրամասները՝  տեսանյութում

Դատավորը մերժեց միջնորդությունը՝ այն հիմնավորմամբ, որ պատվիրակության կազմում երեք հոգի են, ուստի նրանք կարող են մասնակցել ԵԺԿ համագումարին՝ ներկայացնելով ՀՀԿ-ի դիրքորոշումը, ՀՀ-ի շահերը: Վահե Դոլմազյանը միջնորդությունն անհիմն համարեց՝ հայտարարելով, որ Արմեն Աշոտյանի միակ եւ բացառիկ այն անձնավորությունը չէ, որ պետք է ներկայացնի ՀՀԿ-ի եւ ՀՀ-ի շահերը:

Նիստի ավարտից հետո, Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ շատ մեծ ակնկալիք չունեին Աշոտյանի կալանքը փոխելու մասով, բայց միջնորդությունը պարտավոր էին ներկայացնել: Պաշտպանների կարծիքը, որ սա քաղաքական դատավարություն է, մնում է ուժի մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829