Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթը քննադատական մտածողությունը բարելավելու և գործնական հմտություններն ամրապնդելու  արդյունավետ  հնարավորություն է. Քլեր Բեմբրիք

Փետրվար 26,2024 19:33

Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը։ Նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շնորհիվ։

Հաղթող թիմի անդամները՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Նարե Նիկողոսյանը և Լուսինե Վարդանյանը, ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլին։

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, որոնք և հաղթող թիմին են հանձնել մրցույթի գավաթը։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մրցույթի մասնակից բոլոր ուսանողներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթն ասաց. 

«Դուք  բոլորդ արդեն հաջողել եք՝ լինելով այստեղ։ Բոլորս ընտրել ենք այս մասնագիտությունը հանրության և բարի գործի համար: Ես հատկապես ուրախ եմ տեսնել, որ եզրափակչի բոլոր մասնակիցները կանայք են։ Շնորհավորում եմ բոլորիդ: Հաջողություն եմ մաղթում հատկապես հաղթողներին, որոնք առաջիկայում կմասնակցեն միջազգային եզրափակիչ փուլին՝  Լեհաստանում»։

Բրաուն Մոսթեն  մրցույթի նպատակն է՝ ներգրավել իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին փորձարարական ուսուցման մեջ և զարգացնել հարցազրույց վարելու նրանց հմտությունները՝ օգնելով ձևավորել իրավաբան-վստահորդ արդյունավետ հարաբերություններ: Մրցույթը ուսանողներին զինում է գործնական հմտություններով՝ նախապատրաստելու նրանց մուտքն աշխատաշուկա։

«Հրաշալի և թիրախային ընտրություն է եղել իրավաբանական խորհրդատվության հենց այս մրցույթը ներմուծել Հայաստան: Հայկական կրթական մշակույթը համալրվեց պրակտիկ հմտություններ զարգացնող միջազգային  ևս մեկ մրցույթով: Մասնակիցների համար սա շատ պարտավորեցնող է, քանի որ իրենք այս մրցույթի ծիծեռնակներն էին, և, դատելով ժյուրիի անդամների արձագանքից, թե ինչ բարդ ընտրության առաջ էին կանգնել, իմ համոզմամբ, ուսանողները հաջողել են: Իրենց տեսական գիտելիքի համար սա լուրջ փորձություն էր պրակտիկայում դրսևորելու համար: Հաջողություն եմ մաղթում բոլոր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ 

Ուսանողներին գնահատել է իրավաբաններից և հոգեբաններից բաղկացած հանձնաժողովը՝ հաշվի առնելով վստահորդի դեր կատարող անձի հետ արդյունավետ աշխատելու նրանց կարողությունները:

«ԱՄՆ ՄԶԳ Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կարևոր ուղղություններից է իրավաբանական  կրթություն ստացող ուսանողների համար ստեղծել հնարավորություններ պատրաստ մուտք գործել ՀՀ արդարադատության ոլորտի աշխատաշուկա: Այս մրցույթը քննադատական մտածողությունը բարելավելու և գործնական հմտություններն ամրապնդելու  արդյունավետ  հնարավորություն է: Որպես եզրափակիչ փուլի դատավոր՝ ես շատ տպավորված էի մրցակիցների պրոֆեսիոնալիզմով և նման ճնշման պայմաններում արդյունավետ  աշխատելու կարողությամբ»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավարի պաշտոնակատար տիկին Քլեր Բեմբրիքը:

Մրցույթի առաջին ազգային փուլին մասնակցել է 4 թիմ՝ Հայաստանի Եվրոպական համալսարանից և Հայաստանում ֆրանսիական համալսարանից։

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը, որպես մրցույթի ազգային համակարգող, ֆինանսավորում և իրականացնում է մրցույթի ազգային փուլը։ Ծրագիրը նաև ֆինանսական և տեխնիկական  աջակցություն կտրամադրի՝ ապահովելու հաղթած թիմի մասնակցությունը մրցույթի միջազգային փուլին, որն անցկացվելու է 2024 թ․-ի ապրիլի 10-13-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում։

****

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը երկրում: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» (Development Professionals, Inc.) կազմակերպությունը։   

 

Իրավաբանական խորհրդատվության Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթն առաջին անգամ կազմակերպել է ամերիկացի փաստաբան Լուի Մ․ Բրաունը 1969 թ․-ին։ Ավելի ուշ՝ 1972 թ․-ին, այն պաշտոնապես հաստատվել է նաև Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի կողմից, իսկ արդեն 1985 թ․-ին՝ հռչակվել որպես միջազգային մրցույթ։ 1993 թ․-ին, ի պատիվ մրցույթի հեղինակի, այն անվանակոչվել է Լուի Մ․ Բրաունի անունով։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829