Լրահոս
Օրվա լրահոսը

«Զելենսկին, Փաշինյանը եւ Ալիեւը Արցախի հարցում նույն գաղափարակից ընկերներն են»․ Արթուր Խաչատրյան

Փետրվար 26,2024 18:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տեղեկությանը, թե Ուկրաինայի նախագահ Զելենսկին կայցելի Հայաստան։

«Զելենսկին, Փաշինյանը, Ալիեւը արցախյան հարցում նույն գաղափարակից ընկերներն են։ Հիշո՞ւմ եք, որ Զելենսկու նախագահության օրոք Կիեւում պաստառներ էին կախել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», Զելենսկին շնորհավորում էր Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Այնպես որ, Փաշինյանը նույն քաղաքականության կրող է, չեմ զարմանա, որ հրավիրած լինի։ Ի՞նչ կտա դա Հայաստանին, բացարձակապես ոչ մի բան չի տա՝ ռիսկերից ու վտանգներից բացի։ Ի՞նչ իմաստ ունի եւս մեկ անգամ գրգռել այն կազմակերպության անդամներին, որին դու ֆորմալ դեռ անդամակցում ես։ Այս պայմաններում ի՞նչ իմաստ ունի լարել հարաբերությունները որեւէ երկրի հետ՝ հանուն ոչնչի»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ իսկ միգուցե այդ այցը ինչ-որ բա՞ն կտա Հայաստանին, Խաչատրյանը պատասխանեց․ «Զելենսկի՞ն, այսինքն՝ Հայաստանն այնքան ողբալի վիճակում է, որ Զելենսկին պետք է տա՞։ Այսինքն՝ Արեւմուտքի համար Հայաստանն այնքան «ճ» կլասի երկիր է, որ Զելենսկո՞ւն է ուղարկում։ Վեց տարի է՝ Փաշինյանը երկրի ղեկավար է։ Հիշեք՝ վեց տարվա մեջ որեւէ երկրի ղեկավար եղե՞լ է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպած չլինի։ Այսինքն՝ այն աստիճանի ենք ընկել, որ Զելենսկու վրա՞ ենք հույսներս դրել։ Ես որեւէ ռացիոնալ բացատրություն չունեմ՝ ինչո՞ւ է ինքը գալիս»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Կիսահղի չեն լինում, եթե հայտարարում ես, պետք է պաշտոնապես հայտարարես։ Երկրորդ՝ իսկ այլընտրանքը ո՞րն է։ Այս խառը օրերին, երբ աշխարհում անվտանգային մարտահրավերները խիստ սրվել են, նույնիսկ տրադիցիոն չեզոք Ֆինլանդիան ու Շվեդիան պաշտոնապես դիմեցին ու անդամակցեցին ՆԱՏՕ-ին։ Հիմա Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ մենք արտաբլոկային քաղաքականություն ենք տանում։ Սա ինձ հիշեցնում է Եզովպոսի առակը, որ ասում է՝ «աղվեսի մռութը խաղողին չհասավ, ասաց՝ խաղողը թթու է»։ Հիմա այս մի բլոկում՝ ՀԱՊԿ-ում իր հարաբերությունները գործընկերների հետ երանելի չեն, նախանձելի չեն, ՆԱՏՕ իրեն չեն ընդունում, ասում է՝ ես կմնամ մենակ։ Իրականում ինքը փորձում է դա որպես դիվանագիտական մտքի թռիչք ու հանճարեղ լուծում ներկայացնել, բայց իրականում մնացել է մենակ»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նաեւ նշեց, որ շատ լավ կլիներ, եթե Ֆրանսիան ակտիվ դերակատարություն ունենար եւ նպաստեր Հայաստանի անվտանգության բարձրացմանը։ «Ցանկացած աջակցություն, որը կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը, ողջունելի է՝ հաշվի առնելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ Ֆրանսիան կարո՞ղ է այլընտրանք լինել ՀԱՊԿ-ին, պատգամավորը պատասխանեց՝ իրականում այլընտրանքի մասին դեռեւս խոսք չկա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829