Փետրվարի 26-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:
Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց փետրվարի 23-ին, վարդապետական թեզ պաշտպանած Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանին։
Նույն օրը Հայոց Հայրապետը Միքայել Սրբազանի ուղեկցությամբ ընդունեց նորընծա Հովակիմ վարդապետին։
Հանդիպմանը ներկա էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Մայր Աթոռի Սուբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Կարդացեք նաև
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքը բերելով Հոգեշնորհ Հայր Սուրբին, վստահություն հայտնեց, որ նորընծա վարդապետը առավել ջերմեռանդությամբ ու նախանձախնդրությամբ կշարունակի իր նվիրյալ ծառայությունը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությանը՝ նպաստելով հայ համայնքի ազգային արժեքների և ինքնության պահպանմանը։
Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև Սահակ Պատրիարքի՝ Կ․ Պոլսի հայոց հոգևոր-եկեղեցական կյանքը աշխուժացնելու ուղղությամբ գործադրած ջանքերին և կարևոր ներդրմանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդապետական ականակուռ լանջախաչով զարդարեց Հովակիմ վարդապետի կուրծքը, և «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նրան:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին