ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը` կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության խթանումը նաեւ փոխայցերի ձեւաչափով:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար, կարեւորել կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում:
Կարդացեք նաև
«Մեծապես գնահատում ենք 2018 թվականից ի վեր ՀՀ-ում հաստատված ժողովրդավարական ամուր արժեքները եւ պատրաստ ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը:
Ալեն Սիմոնյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետեւանքները, բարձրացրել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, Հարավային Կովկասում անվտանգության հաստատման եւ մի շարք այլ հարցերի շուրջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ