Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ մասին խոսել մարդու հետ, որն իմ եղբորը դաժանորեն սպանել է, ու անցել է 27․5 տարի, մենք միևնույն է՝ խելքի չենք գալիս»․ Ելենա Աղաջանովա

Փետրվար 26,2024 18:00

«Ինչի՞ մասին խոսել մարդու հետ, որն իմ եղբորը դաժանորեն սպանել է, ու անցել է 27․5 տարի, մենք, միևնույն է, խելքի չենք գալիս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 1996-ին դաժանորեն սպանված ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան՝ անդրադառնալով Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ, փաստաբան Զարուհի Մեժլումյանի՝ իրեն ուղղված հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ հարցով դատական նիստի ընթացքում Զարուհի Մեժլումյանը, դիմելով Ելենա Աղաջանովային, հայտարարել էր․ «Մենք բազմիցս, ես՝ իմ հարցազրույցներում, Մհերն՝ իր գրքերում և դատարանում նայելով Ելենա Աղաջանովային՝ մենք հայտնել ենք մեր խորին ափսոսանքը, վշտակցությունը։ Եվս մեկ անգամ, ամեն անգամ պատրաստ եմ դա ասել և′ Մհերը, և′ ես, հարգելի տիկին Աղաջանովա, Միխայիլ Աղաջանով, մենք ցավում ենք, զղջում ենք, ներողություն խնդրում։ Ես ևս, ես, որ 1996-ին ներկա չեմ եղել, և գիտեք՝ դա միայն բառեր չեն, ընդունեք իմ սրտից ասված այս խոսքերը։ Վերանալով նրանից, որ ես այստեղ որպես փաստաբան եմ, իմ միակ ցանկությունը հիմա չգիտեմ ոնց կընկալեք, Ձեզ հետ երկխոսելն է, Ձեզ գրկելն է, որովհետև ես խորին ափսոսանք եմ հայտնում և պատրաստ եմ երկխոսության, եթե կա այդ հնարավոր տեղը։ Բայց ապավինել անձի ներողամտությանը մենք չենք կարող․ անձը չի ցանկանում մեզ հետ երկխոսել, և չկա իրավական որևէ մարմին, որը դա պատվիրակի»։

Մհեր Ենոքյանը դատական նիստի ժամանակ հայտարարել էր, թե զրկանքներ կրելով, 28 տարի պատիժ կրելով իրականացրել է պատժի նպատակը․ «Այսօր, ինչպես տարիներ առաջ հրապարակային իմ առաջին հարցազրույցում, հինգ-վեց ամիս առաջ դատարանում և այժմ նույնպես, միշտ պատրաստ կլինեմ՝ ազատության մեջ, թե՝ ոչ, տիկին Աղաջանովայից ներողություն եմ խնդրում, պարոն Միխայիլ Աղաջանովից՝ իմ նախկին դասախոսից ներողություն եմ խնդրում և պատրաստ եմ միշտ խնդրել։ Ես ունեմ իմ մեղքը, զղջում եմ ոչ միայն նրա համար, որ իմ դասընկերը չկա, այլ զղջում եմ պատճառահետևանքային կապի մեջ նաև իմ գործողության, իմ անգործության համար։ Այդ ցավն ու տառապանքն իմ կնոջ, ծնողներիս, ամբողջ ընտանիքիս ցավն է։ Այո, ես ներողություն եմ խնդրում։ ՀՀ-ի Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային հակասող կերպով ինձ վրա փորձել են դնել պարտականություն, որ ես ընդունեմ 28 տարի առաջ դատարանի կողմից ինձ վերագրված սպանությունը։ Ես սպանություն չեմ կատարել։ Չկա որևէ օրենք, դա հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ պարտադրել ինձ ընդունել այն, ինչ ես չեմ կատարել։ Սա կհակասի նաև իմ կրոնական համոզմունքներին, ես քրիստոնյա եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, դա կհակասի նաև բարոյական նորմերին, երբ անձին պարտադրեն ընդունել այն, ինչն ինքը չի կատարել»։

Ելենա Աղաջանովան մեզ հետ զրույցում նշեց՝ իմաստը ո՞րն է ցուցադրական այսպիսի ճառեր կարդալ ու ասել, թե զղջում է, ուզում է գրկել, բայց մենք քայլ առաջ չենք անում․ «Ներողություն են խնդրում, ինձ գրկել է ուզում և այլն։ Մի հատ ձեր վրա պատկերացրեք՝ ձեր եղբորը, երեխային սպանել են՝ դաժանորեն, խաբելով, սպորտսմեն տղային, որի հետ հնարավոր չէր կռվի մեջ մտնել։ Այսինքն՝ եթե դա լիներ ուղղակի կռիվ, ոնց իրենք փորձում են ներկայացնել, թե իբր կռիվ է եղել, չեմ կարողացել փրկել, ոչ, դա կռիվ չի եղել, սպանություն է եղել, որովհետև իմ եղբայրը ուժեղ, պարապած, կարատեիստ տղա էր, իր հետ մեկ-երկու հոգի չէր կարողանա ուղղակի կռվի մեջ իրեն հաղթել ու այդպես սպանեին։ Եթե լինում է կռիվ, երկուսի, երեքի վրա էլ լինում են ինչ-որ վնասվածքներ։ Իրենք ոչ մեկը չունեին վնասվածքներ, ձեռքի վրա մի փոքր վնասվածք ուներ Ենոքյանը։ Իմ եղբոր գանգը երեք տեղից ջարդված էր, ամբողջ մարմինը կտրտված էր մի քանի մահացու մեծ վերքերով։ Դա պատկերացրեք։ Ու դրանից հետո մենք պիտի ներե՞նք։ Դա խելամի՞տ է, դրանից հետո դիմում է՝ Ձեզ գրկեմ, ներողություն խնդրեմ, որ ի՞նչ, մենք խոսենք հետն ինչի՞ մասին։ Ի՞նչ անենք, իրենց հետ ինչի՞ մասին խոսենք, ի՞նչը քննարկենք։ Իրենք մեզ համոզեն, թե ինձ ներեք, ես դուրս գամ, այսքան տանջվեցի անազատության մե՞ջ։ Ոչ։

Եթե հնարավոր լիներ՝ մյուսին էլ կուզեի նույն վիճակում տեսնել՝ բանտում նստած։ Նման մարդիկ պետք է փտեն բանտում նրա համար, ինչ արել են։ Մարդ, որը կարողացել է 20 տարեկանում նման դաժան սպանություն մտածել, պլանավորել, կազմակերպել, ինքը պիտի ուղղվի՞։ Ես ինչքան մեծանում, մարդկանց տեսնում, շփվում եմ՝ բժիշկ եմ, ի վերջո, հասկանում եմ, որ ոչինչ չի փոխվում․ նամանավանդ բանտում նստած մարդը ոչ թե պիտի փոխվի, ուղղակի կատարելագործվում է։ Ու հիմա մենք իրենց պետք է փոխե՞նք, և ինքն ինչ-որ բան պիտի փորձի մեզ համոզե՞լ։ Շփման իմա՞ստը»։

Անդրադառնալով գործի վերանայմանը՝ Ելենա Աղաջանովան ասաց․ «10-15 տարվա մեջ ինքը մի քանի անգամ դիմել է գործի վերանայման համար․ թող վերանայեին։ Գործը վերանայում են, եթե ինչ-որ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս կամ նոր փաստեր կան։ Մարդիկ զննել, քննել են, տեսել են, որ վերանայման ոչ մի իմաստ չունի, ոչ մի հիմք չկա, փորձել դրանում էլ մեզ մեղադրել, շատ հեշտ է ասել, որ իրենք դեմ են։ Բայց մենք թողել ենք այդ ամենը պետության վրա, մենք իրոք թողել ենք այդ ամենն օրենքի վրա։ Ուրախ եմ, որ գոնե օրենքն այսքան գործում է։ Օրենքը բավականին մեղմացրել է իրենց և′ պահելու պայմանները, և′ կյանքի պայմանները․ կարողանում է նստած ժամանակ լիարժեք ապրել, կյանքը վայելել, համալսարանում սովորել, էս մրցույթին մասնակցել, էն մրցույթին մասնակցել, հիմա էլ թույլ են տվել դուրս գալ․ գնում, պտտվում է քաղաքով, հանրապետությունում, ո՞ր աշխատող մարդն այդքան հնարավորություն ունի կյանքը վայելելու։ Դրա համար պետք է շնորհակալ լինի Աստծուց էլ, պետությունից էլ, որ այդ հնարավորություններն ունի, ազատ ռեժիմում ապրում է։ Բայց չէ, ուզում է հիմա ազատվի, դուրս գա։ Մեր դիրքորոշումը դա է․ չի փոխվելու, իրենց իրավունքն է դիմել, այդ վաղաժամկետ ազատմանը, մեր իրավունքն է դեմ լինել։ Ինչի՞ մասին մենք պիտի խոսենք, ի՞նչը քննարկենք։ Ո՞ր ցմահ ազատազրկվածը հիմա չի վեր կենում ու ասում՝ ես այս չեմ արել, ես էն չեմ արել, զրպարտություն է։ Ներկայացնում են՝ տաղանդավոր է, այս գիրքն է գրել։ Շատ լավ է արել, գրել է․ հլը Հիտլերին հիշեք։ Նա ինչ գրագետ տղա էր, տաղանդավոր նկարիչ, ինչ ճառեր էր ասում, ոնց էր մանիպուլյացիա անում ամբոխներին, իր նմանը չկար, ինչ լավ հիմք էր դնում այդ մարդասպանությունների տակ․ չէ՞ որ իրեն հազարավոր մարդիկ լսում ու հետևից գնում էին։ Չէ՞որ ճիշտ հիմքեր էր դնում, ճիշտ բովանդակություն էր դնում իր արարքների տակ։ Նույնն էլ ինքն է։ Լրիվ հոգեբանական մանիպուլյացիա է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829