Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չմասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29»):
Հայտարարության մեջ նշված է․
«ԿՈՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ COP29
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») նախատեսվում է 2024թ-ի նոյեմբերի 11-24-ն անցկացնել Ադրբեջանում։
Կարդացեք նաև
СОР29-ն անցկացվելու է մի երկրում, որը 2024թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշմամբ հեռացվել է ԵԽԽՎ-ից մի շարք պատճառներով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջափակման կազմակերպման և ռազմական գործողությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումների պատճառով։
Ադրբեջանական վտարանդիների քաղաքացիական կոալիցիան (AZEX)՝ ի դեմս Մարդու իրավունքների ինստիտուտի (IHR) և Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (IRFS), ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակին և թույլ չտալ երկրի ներկայիս իշխանություններին քաղաքական դիվիդենտներ կորզել երկրում COP-29-ի նման լայնածավալ իրադարձությունից:
Ադրբեջանում անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության դեմ ծավալվող ճնշումների ֆոնին ստեղծվում են կեղծ «հանրային» ասոցիացիաներ, օրինակ վերջերս ստեղծված Environment First կոալիցիան, որը առաջ է տանում Ալիևի կառավարության ագրեսիվ և ռազմական օրակարգը: Կոալիցիայի հիմնադիրներից է Ամին Մամեդովը, ով 2022-2023 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման ակտիվ մասնակից։ Շրջափակման արդյունքում շուրջ 120.000 մարդ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից, ջեռուցումից և դեղորայքից։ Կեղծ բնապահպաններին այնուհետև փոխարինել են զինվորականները։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը բռնի տարհանվել են իրենց տներից։ Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց էթնիկ զտման։
Ադրբեջանն ընդլայնում է ածխածնի վրա հիմնված վառելիքի արտադրությունը՝ խոշոր նավթային ընկերությունների և որոշ քաղաքական առաջնորդների աջակցությամբ: Միևնույն ժամանակ, զգալիորեն աճում են կլիմայական ռիսկերը և շրջակա միջավայրի վնասներ։ Ապշերոնի թերակղզու տարածքը աղտոտված է նավթով և նավթամթերքներով, բերիլիումով, կապարով, ուրանով։ Աղտոտված տարածքը կազմում է 21,3 հազար հեկտար (TASIS 2009):
«Ազեր-Յոդ» ՍՊԸ-ն ռադիոակտիվ յոդ է արտանետում Միլ Մուգանի ոռոգման ջրանցք, որը ջուր է մատակարարում Ադրբեջանի Նեֆթչալի շրջանի Միրղուրբանլի և Յենի Գըշլագ գյուղերը։ Բնակիչները դժգոհել էին, սակայն կառավարության կողմից վերահսկվող մամուլը հարցազրույց է վերցրել միայն ընկերության աշխատակիցներից (media.az)
2023թ. Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել ցիանային պոչամբարի կառուցմանը, որը նախատեսված էր Գյադաբայի ոսկու և արծաթի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած թափոնների համար: Բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվել էին բռնի գործողություններ՝ մահակների, ռետինե փամփուշտների, պղպեղի և արցունքաբեր գազի կիրառմամբ։ (https://caneecca.org/azerbajdzhan-mestnoe-naselenie-protiv-czianidnogo-ozera/): Որևէ ադրբեջանական կազմակերպություն հանդես չի եկել ի պաշտպանություն Սոյուդլու գյուղի բնակիչների և շրջակա միջավայրի։
Անկախ հասարակական կազմակերպությունների և ազատ մամուլի մասնակցությունը COP 29-ին Բաքվում չունի անվտանգության երաշխիքներ, չի կարելի բացառել սադրանքները կամ այդ երկրից բռնի վտարումը, ինչպես դա եղավ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ Նիկ Գուգերի հետ Ադրբեջանում 2024թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ով կոպիտ և ցուցադրաբար արտաքսվեց Ադրբեջանից՝ չնայած Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդի կարգավիճակին և շվեյցարական դիվանագիտական անձնագրին։
«Մենք մտահոգված ենք կլիմայական ակտիվիստների անվտանգությամբ, ովքեր գնալու են COP29-ին: Մենք գիտենք, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը շատ սահմանափակ է իր գործունեության մեջ և չի կարող ապահով կերպով պաշտպանել սոցիալական կարևոր հարցեր: Մեր անդամներն արդեն խտրականության են ենթարկվել կլիմայի շուրջ բանակցությունների ժամանակ, ուստի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի անվտանգությանը և քաղաքացիական հասարակության մասշտաբային մասնակցությանը COP29-ին», – նման մտահոգություն է հայտնել միջազգային խոշորագույն CAN EECCA կլիմայական ցանցի համակարգող Օլգա Բոյկոն:
Մենք՝ ներքոստորագրյալ ՔՀԿ-ներս, հաշվի առնելով Ադրբեջանի վերաբերյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների՝ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը, քաղաքացիական հասարակության բազմաթիվ հայտարարությունները միջազգային հարթակներում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև մերժելով ադրբեջանական կեղծ էկոլոգիական կազմակերպությունների և կոալիցիաների՝ Ալիևի բռնապետական ռեժիմի ագրեսիվ քաղաքական օրակարգ պարտադրելու մանիպուլյատիվ փորձերը՝ կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը չմասնակցել նավթ արդյունահանող լոբբիի կողմից կազմակերպվող քաղաքական շոուին՝ COP29-ին։
Հայտարարությունը բաց է միանալու համար։
- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
- «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- «Հելսինկյան ասոցիացիա» Իրավապաշտպան ՀԿ
- «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ
- «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
- «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
- «Հայաստանի անտառներ» ՀԿ
- «Հայկական բնապահպանական ճակատ» Կամավորական նախաձեռնություն
- «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
- «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
- «Հաջողակ կին» ՀԿ
- «Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ
- «Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ
- «Նոր հորիզոններ» ՀԿ
- «Կանաչ փոփոխություն» ՀԿ
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- Գորիսի մամուլի ակումբ
- Հանրային լրագրության ակումբ
- «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ
- «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
- Քիմիական անվտանգության կոալիցիա
- Իրավունքների զարգացման և պաշտպանության Հիմնադրամ
- «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ»