Քասախ գետն ունի մոտ 90կմ երկարություն և մեծ մասն անցնում է իր իսկ կողմից կերտած հրաշագեղ ժայռեղեն կիրճով։ Հազարամյակների ընթացքում մեր նախնիներն այս կիրճի քարանձավները, որոնք շատ են, օգտագործել են որպես բնակարան, ճգնարան, սրբատուն, պահեստ, թաքստոց և այլ նպատակներով։
Վերջերս հայտնի դարձավ, որ Օհանավան գյուղի մոտ՝ հայտնի Սերկևիլ բնակատեղիի դիմաց, ձորում՝ Քասախ գետի ձախ ափին՝ ժայռերի ստորոտում, հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ստորգետնյա միջնադարյան դամբարան։ Սակայն սա միակ նորահայտ հուշարձանը չէ տարածքում։
Անցած տարի Օհանավանի բնակիչ Վահանուշ Բաղդասարյանի տնամերձ այգում, որը գտնվում է գյուղի եզրին՝ Քասախի կիրճի աջակողմյան պռնկին, քարանձավ էր բացվել։ Մաքրելով քարայրի ներսը, պարզվել է՝ այն ժամանակին ծառայել է տնտեսական նպատակով։ Սկզբնական շրջանում կարծել են՝ ստորգետնյա հնձան է։ Քարայրի հատակը տուֆից է և պատված է կրաշաղախի շերտով։ Բացի այդ, հատակին 2 փոս կա, որից մեկն ունի մոտ 1մ տրամագիծ և նույնքան խորություն, մյուսը չափերով փոքր է։ Վերջինս եղել է փակ։ Խուփը միջնադարյան տապանաքարի կտոր է՝ վերին մասը, որում, ընդունված կարգի համաձայն գլուխն է պատկերված։
Կարդացեք նաև
Փետրվարի 25-ին «Հայաստանի քարանձավախուզական ակումբ» /Armenian Speleo Club: Black Bat/-ի հիմնադիր, քարանձավախույզ, Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի անդամ Արտավազդ Ջանոյանի նախաձեռնությամբ կայացավ արշավ Օհանավան գյուղի տարածքում։ Այցելեցինք նաև նորահայտ քարանձավը։ Այգու տիրուհին՝ Վ․ Բաղդասարյանը, ասաց՝ պատահաբար են գտել քարանձավը։ Սկզբում մուտքը փակ է եղել, դիմացի հողը քանդել են տարածքը բարեկարգելու նպատակով, և բացվել է քարայրը։ Ներսից կավե ամանների բեկորներ են գտնվել, որոնց մի մասի վրա նախշեր կան։ Կան նաև ջնարակված բեկորներ, որը միջնադարյան իրողություն է։
Ուսումնասիրելով տարածքը՝ քարանձավագետ Սմբատ Դավթյանը գտնում է՝ քարանձավը հնձան չի եղել, այլ ծառայել է այլ նպատակներով։ Հնարավոր է՝ եղել է պահեստ, մառան, իսկ նշված հորերում գին են պահել կամ այլ հեղուկ։ Եղավ կարծիք նաև, որ աղաջուր է պահվել՝ պանիր, թթու պահելու համար։ Փոսերի պատերը սվաղված են դարձյալ կրաշաղախով, որ հեղուկը չներծծվի տուֆե պատերի մեջ։
Ամեն դեպքում հարկավոր է ավելի գիտական ուսումնասիրություն կատարվի՝ քարանձավի օգտագործման ժամանակն ու նպատակը ճշտելու համար։ Ճշտելուց հետո կարելի է քարանձավն օգտագործել նաև զբոսաշրջության նպատակով։
Մոտակա բնակիչների ասելով՝ ձորում կան նաև քարե դռներով քարանձավներ, իհարկե դռները դարերի ընթացքում հանվել են, անհետացել։
Զոհրաբ Ըռքոյան